Ղարաբաղի երիտասարդության ներկայացուցիչների հայտարարությունը
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ երիտասարդական կազմակերպությունները և ուսանողական միավորումներն անհրաժեշտ են համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.
«Մենք` ԼՂՀ երիտասարդության եւ ուսանողության ներկայացուցիչներս, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման այսպես կոչված մադրիդյան սկզբունքների առնչությամբ հարկ ենք համարում նշել մեր վճռորոշ դիրքորոշումը:
Հակամարտության կարգավորման` մեզ պարտադրվող տարբերակը որակում ենք անարդար և մեր ժողովրդի ու պետականության շահերին լիովին հակասող:
Մենք` Անկախության սերնդի ներկայացուցիչները, որ տեր ենք Արցախում ձևավորված և ստեղծվելիք արժեքներին, պետականությանը և ժողովրդավարությանը, համոզված ենք, որ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններն առանց ԼՂՀ լիարժեք եւ իրավահավասար մասնակցության լիովին անպտուղ են և որևէ վերջնական արդյունք չեն կարող ունենալ, ուստիև միջազգային միջնորդներին կոչ ենք անում վերականգնել բանակցությունների արդարացի ձևաչափը, որը հնարավորություն կտա առաջ մղել կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը:
Ավելի քան 21 տարի առաջ ադրբեջանական խտրական քաղաքականության դեմ միասնաբար հանդես եկած, իսկ այնուհետև` մարտի դաշտում իր ազատ ու անկախ ապրելու իրավունքն առմիշտ վաստակած արցախցին արդեն 18 տարի է` ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքով ստեղծել է միջազգային ժողովրդավարական բոլոր նորմերին համապատասխանող պետություն, որի իրավական կարգավիճակն ու տարածքային ամբողջականության անխախտելիությունն ամրագրված են Սահմանադրությամբ:
Մենք ողջունում ենք հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված միջնորդական ջանքերը, սակայն մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Արցախի ճակատագրին և շահերին առնչվող ցանկացած համաձայնություն, որ տեղի կունենա առանց ԼՂՀ մասնակցության, չի կարող ընդունվել մեր կողմից»:
ԼՂՀ երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ
ք. Ստեփանակերտ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել