Ամուսնու դավաճանությունը` խելագարության պատճառ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց ճապոնացի ռեժիսոր Կոհեյ Օգուրիի «Մահվան խայթը» ֆիլմը, որը ներկայացնում է առաջին հայացքից մի սովորական ընտանիքի պատմություն:
Սակայն ամեն ինչ դառնում է ոչ սովորական, երբ կինը հայտնաբերում է, որ ամուսինը 10 տարի շարունակ դավաճանել է իրեն: Կինը պատրաստ է ինքնասպանության, նա ցանկանում է անմիջապես լքել ընտքանիքը` նույնիսկ անտեսելով երեխաներին:
Ամուսինը թախանձում է կնոջը չհեռանալ, փոխարենը խոստանում է բաժանվել սիրուհուց եւ այսուհետ անել այն, ինչ կինն է ցանկանում:
Թվում է, թե ընտանեկան կյանքն այսքանով պետք է կարգավորվեր, բայց խանդոտ կինը ամուսնուն ներելու դիմաց նրան ստորացումների է ենթարկում:
Օրինակ` հարազատների մոտ ստիպում է ամրացնել իր կոշիկների կապերը: Շուկայում կինը գնումներ է կատարում, իսկ ամուսինը նրա հետեւից ծանր զամբյուղն է կրում:
Շուտով տղամարդու համբերության բաժակը լցվում է, նա ցանկանում է ինքնասպան լինել, որպեսզի դժոքխում հայտնվի, իսկ կինը նրան հեգնում է. «Քո կարծիքով` դու հիմա որտե՞ղ ես»:
Ֆիլմի ողջ ընթացքում ամուսիններն ուզում են ինքնասպան լինել: Սկսվում է մի տարօրինակ մրցավազք, թե ով որտեղ կհաջողացնի ինքնասպանության փորձ անել: Երբ, օրինակ, ամուսինը ուզում է կախվել, կինը վազում է, հրում ամուսնուն եւ իր գլուխն է փորձում մտցնել պարանի օղակի մեջ:
Կամ ամուսինը մերկանում է եւ հայտարարում, որ ամբողջ գիշեր կնստի հատակին, որպեսզի թոքաբորբ հիվանդանա եւ մեռնի: Կինն էլ է մերկանում եւ նրանք նստում են դեմ դիմաց:
Ի վերջո ամուսինը արդեն լրջորեն հոգնած այդ ամենից փորձում է նետվել գնացքի տակ, սակայն կինը ամուր կառչում է նրա մարմնից եւ խոչընդոտում: Հասկանալով, որ ամուսնուն խելագարության է հասցրել` կինը նահանջում է:
Նրանք տեղափոխվում են մեկ այլ բնակավայր` նոր կյանք սկսելու հույսով, սակայն շուտով այլ հանգամանքներ են ի հայտ գալիս: Ամուսնու ձեռքով կինը հայտնվում է հիվանդանոցում: Այդ ընթացքում նա կրկին սիրուհու մոտ է վերադառնում:
Իսկ մի օր էլ, երբ սիրուհուն բերում է տուն, կինը անսպասելի վերադառնում է հիվանդանոցից եւ ծեծում է ամուսնու սիրեցյալին:
Այս ամենն ավարտվում է նրանով, որ ամուսինները հայտնվում են հոգեբուժարանում:
«Մահվան խայթը» ֆիլմում գործողությունները դանդաղ են ընթանում: Ֆիլմը դինամիկ չէ: Կնոջ եւ ամուսնու հարաբերությունները չափազանց ձեւական բնույթ են կրում: Ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսները այնքան են մտահոգված իրենց սեփական խնդիրներով, որ գրեթե անտեսում են երեխաներին, ովքեր այնքան հոգնել են մոր տարօրինակ վարքից` ասում են. «Լավ էլի, մայրիկ, մի սկսիր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել