
ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով, Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված բացառիկ փաթեթի շրջանակներում նախատեսվում է 7-օրյա հանգիստ, որն իր մեջ ներառում է գիշերակաց, օրական երեք անգամ սնունդ, շրջապտույտներ (Գանձասարի, Ամարասի վանքեր, Տիգրանակերտ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Ստեփանակերտ եւ Շուշի) եւ հանգիստ Խաչենի գետահովտում եւ Մեծ Թաղերի ջրաշխարհում:
7-օրյա հանգիստն անցկացնելու համար սահմանված է երեք գումար` 70, 85 եւ 110 հազար դրամ: 70 հազար գումար վճարողներն օրինակ կգիշերեն Վանք գյուղի երկու հյուրանոցներում, իսկ 110 հազար վճարողները կմնան Ստեփանակերտի կենտրոնում գտնվող «Արմենիա» հյուրանոցում:
Փաթեթները ձեռք բերելու համար զբոսաշրջիկները պետք է դիմեն հայաստանյան տուրիստական գործակալություններ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչություն:
Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը համոզված է, որ ծրագիրը կնպաստի Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճին: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ զբոսաշրջիկների թվի 90 տոկոսի աճ է գրանցվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել