HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անջուր Անի ավանը` վարդաստան

Անի ավանի մանկապարտեզն արդեն 11 տարի չի գործում: Շենքը քայքայումից ու թալանից փրկելու նպատակով համայնքապետարանը որոշում է ընդունել բնակեցնել երկհարկանի տիպային կառույցը: Առաջին բնակիչները Խարկով գյուղից տեղափոխված Խաչատրյանների 6 անձից բաղկացած ընտանիքն էր:

Նախկին համայնքապետ, այժմ աշխատակազմի քարտուղար Սերգեյ Ղազարյանը պատմում է, որ դա իր մտահղացումն է եղել: «Մանկապարտեզի շենքը 1960-ականների կառույց է, մի քիչ վնասվել էր երկրաշարժից, դրան էլ գումարած 10 տարվա պարապուրդը, հետն էլ համայնքի բնակիչները ձեռքի հետ սկսել էին շենքը թալանել, դրա համար էլ նպատակահարմար գտանք բնակեցնել, այդ մասին ավագանու համապատասխան որոշումն էլ կա»,- ասաց նա: Խաչատրյանների գալով փրկվում էր ոչ միայն մանկապարտեզի շենքը, այլեւ` Անի ավանի միջնակարգ դպրոցը սեպտեմբերին չէր զրկվում առաջին դասարանից: «Ավետիքի թոռնիկը պիտի առաջին դասարան գնար,- պատմում է Սերգեյ Ղազարյանը,- մեզ մոտ էլ առաջին դասարանում ընդամենը 4 երեխա էր ընդունվել, այսինքն` գոնե մեկն էլ պետք էր, որ դասարանը չփակվեր, էդպես Խաչատրյանները համ առաջին դասարանը փրկեցին իրենց գալով, համ էլ` մանկապարտեզի շենքը»: Ներկայիս համայնքապետ Մարտիրոս Միրոյանն իր նախորդի ընդունած որոշման հետ լիովին համամիտ է եւ որեւէ բան մտադիր չէ փոխել. «Եթե հազար անգամ պետք լիներ նման որոշում ընդունել, հազար անգամն էլ նույնն էր լինելու,- վստահեցնում է Մարտիրոս Միրոյանը,- իհարկե, դա չի նշանակում, թե համայնքը մանկապարտեզի կարիք չունի: Ես այդ մասին մտածել եմ արդեն: Պիտի դիմեմ մարզի Կրթության վարչություն, որ թույլ տան դպրոցի մի հատվածում նախակրթարան ստեղծենք»: 140 աշակերտի համար կառուցված երկհարկանի միջնակարգ դպրոցում ընդամենը 30 երեխա է սովորում: Շենքի առաջին հարկի երկու սենյակներն առանձին մուտքով զբաղեցնում է համայնքապետարանը: Պ. Միրոյանի վստահեցմամբ` եթե Կրթության վարչությունն իրեն մերժի, հենց հաջորդ օրն ինքը համայնքապետարանի զբաղեցրած սենյակները կհարմարեցնի մանկապարտեզի պահանջներին: «Համայնքապետին շատ բան պետք չէ, մի հատ տաբուրետկա»,- պատկերավոր արտահայտվեց Մարտիրոս Միրոյանը: «Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզի շենքին, ապա այնտեղ արդեն երկու ընտանիք է ապրում, երկուսին էլ բնակեցնելու եմ, իրենցից միայն մեկ պահանջ ունեմ, որ բնակվելուց մեկ տարի հետո այդ ընտանիքներում երեխա ծնվի»,- ասում է Մ. Միրոյանը: Անի ավանը սեփական եկամուտների հավաքագրումը կատարում է 100%-ով, որովհետեւ, իրականում, այստեղ միայն գույքահարկ է հավաքվում: Համայնքը հողազուրկ է: Հողերի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ Անի ավանը, լինելով արդյունաբերական բնակավայր, զրկվեց անգամ արդյունաբերական նշանակության հողերից, դրանք բաժանվեցին Բագրավան եւ Ձիթհանքով համայնքների միջեւ: Ավանն ունի 7 հա վարելահող եւ 22 հա արոտավայր: Այս համայնքում գույքահարկը տարեկան կազմում է 360 հազար դրամ, տեղական տուրքը` 20 հազար դրամ եւ միայն այս տարի է, որ պետության հատկացրած դոտացիան 5,2 մլն դրամ է եղել, նախորդ տարիներին այն տատանվել է 2-4 մլն դրամի սահմաններում: Համայնքապետը զարմանում է, թե մի համայնք, որ չունի սեփական եկամուտ եւ տված դոտացիայի 2/3 էլ աշխատավարձ է տալիս, ինչպե՞ս պետք է զարգացման ծրագրեր իրականացնի: «Մի թուղթ պատճենելու համար 50 կմ պիտի կտրենք, հասնենք Գյումրի, էդ է ճի՞շտը,- հարցնում է համայնքապետը,- բա փողը չլինի՞, որ էդ սարքն առնենք, դնենք համայնքապետարանում»: 20_07-ani-1Ավանի բնակֆոնդն անմխիթար վիճակում է: 8 երկհարկանի բնակելիների տանիքները նորոգելու խնդիր կա: «Կարողանալո՞ւ եք իրականացնել» հարցին ի պատասխան` համայնքապետն ուսերն է թոթվում` «Ո՞ւմ հաշվին, եթե սեփական եկամուտ չունենք»: Թեպետ առկա բազմաթիվ «չկա»-ներին, այնուամենայնիվ, գյուղում ծրագրեր իրականացվում են: Շատ շուտով ամբողջ ավանը գիշերային լուսավորություն կունենա: Ներկայումս 15 կետ տեղադրվել է, մեկ ամսից դրանք կհասնեն 40-ի: Համայնքապետը ծրագիրն իրականացնելու համար այլ միջոց չի գտել, քան անցած 8 ամիսների սեփական աշխատավարձը գործին զոհաբերելը: 20_07-ani-2Անի ավանում այս տարի վերջապես հիմնովին կլուծվի խմելու ջրի խնդիրը: Տարիներ շարունակ, կարելի է ասել` հիմնադրման օրվանից, այստեղ ջրի խնդիրն առկա է եղել: Ջուրը վագոն-ցիստեռներով բերվել է հարեւան համայնքներից: Այս տարի, վերջապես, Կառավարությունը 137 մլն դրամ է տրամադրել հարեւան Բագրավանից Անի ավան խմելու ջրագիծ հասցնելու համար: 20_07-ani-3 «Էս պահին, իհարկե, բնակիչները դեռ ջուրը կրում են ձեռքով, բայց հույս ունեմ, որ մի քանի ամսից անեցին տանը 24-ժամյա ջուր է ունենալու,- վստահեցնում է համայնքապետը,- Անին վարդաստան եմ դարձնելու: Ես անձամբ Անի ավանում 4-5 հազար վարդ եմ աճեցնում, ջուրն էլ իմ միջոցներով եմ ներկրում: Բայց էս տարի, ճիշտը որ ասեմ, հրաժարվել եմ ծառատունկից: Մարզպետը մարդ էր ուղարկել, որ ստուգեն` ծառատունկ եղե՞լ է համայնքում, թե` ոչ, ես էլ պատասխանեցի, թե դեռ չեմ ցնդել, որ անջուր բնակավայրում ծառատունկ անեմ, այ, երբ ջուրը հասնի Անի, էն ժամանակ էլ կմտածենք նախկին այգիները վերականգնելու մասին»: Իսկ մինչ այդ համայնքապետի կարգադրությամբ ջուր կրող կանանց սեփական այգու վարդերից մեկական վարդ է նվիրում այգեպանը, մինչեւ երկար սպասված ջուրը հասնի բնակարաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter