HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքում հանրային պաշտպաններին հրավիրում են միայն օրենսդրության պարտադիր պահանջի դեպքերում

Կոտայքի մարզի հանրային պաշտպան Ռոբերտ Ղազարյանն իր վարույթում ընդամենը 5 գործ ունի, որից երկուսին նա մասնակցել է նախաքննության փուլում, երեք գործով` պաշտպանության է հրավիրվել դատարանի որոշումով:

Ռ. Ղազարյանին, որը սպասարկում է Աբովյանի եւ Եղվարդի տարածաշրջանները, ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքը պաշտպանության է հրավիրել երկու գործով եւ միայն նրա համար, որ տվյալ դեպքերում Քրեական դատավարության օրենսգրքի 69 հոդվածը պաշտպանի պարտադիր մասնակցություն է նախատեսում: Քննիչը հանրային պաշտպան հրավիրելու իր որոշումներից մեկը հետեւյալ կերպ է պատճառաբանել` «հարցաքննվողի մոտ նկատվում են հոգեկան հիվանդությանը բնորոշ հատկանիշներ, որի պայմաններում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է, ուստի հանրային պաշտպան է հրավիրվում»: Մեկ այլ դեպքում` «անչափահաս է, բացի այդ, նա հրաժարվել է պաշտպանի ծառայությունից վճարունակ չլինելու պատճառով, ուստի անհրաժեշտություն է առաջացել ներգրավել հանրային պաշտպան»: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 69 հոդվածը պաշտպանի պարտադիր մասնակցություն է նախատեսում հետեւյալ դեպքերում. 2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատեւ ծանր հիվանդության, ինչպես նաեւ տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետեւանքով. 3) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում. 4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին. 5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է. 8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում. Հանրային պաշտպանի(հ/պ) գրասենյակն ամփոփել է հանրային պաշտպանների գործունեության 2009 թ. առաջին կիսամյակի արդյունքները, ըստ որի` նախաքննության ընթացքում հ/պ-ների ներգրավվածությունը նախաքննություններին կտրուկ նվազել է ողջ հանրապետությունում: Պատճառն այն է, որ ապրիլ ամսից հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի, որը հ/պ-ներին արգելել է քննիչների կանչով, առանց հարցաքննվողի պաշտպան ունենալու ցանկությունը եւ նրա սոցիալական վիճակը ճշտելու ներկայանալ նախաքննություն իրականացնողներին: Արդյունքում, կտրուկ կրճատվել է հ/պ-ներից հրաժարումների թիվը, որոնք կոչված են անվճար պաշտպանություն իրականացնել սոցիալապես անվճարունակների համար: Կոտայքի մարզի հ/պ Ռ. Ղազարյանը գրասենյակին ներկայացրած իր անցյալ տարվա վարույթների հաշվետվություններով միայն 2008 թ.-ի համար իր ծառայությունից հրաժարվելու 41 որոշում է ներկայացրել: ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքը բոլոր վարույթներին կցել է տպագիր մի ձեւաթուղթ (բլանկ), որը նրանք վերնագրել են` «Արձանագրություն կասկածյալի կամ մեղադրյալի կողմից պաշտպանից հրաժարվելու մասին»: Միօրինակ այդ ձեւակերպումը հավաստումն է այն բանի, որ ոստիկանությունում հարցաքննվողը «հրաժարվում է պաշտպանից եւ մտադիր է իր պաշտպանությունն իրականացնել անձամբ` առանց պաշտպանի իրավաբանական օգնության»: Նախկինում իր ծառայությունից մեծ թվով հրաժարումների պատճառը Ռ. Ղազարյանն այսպես է բացատրում. «Առաջ գնում էի եւ կասկածյալները կամ մեղադրյալները իմ ներկայությամբ էին հրաժարվում, իսկ հիմա նման բան չկա, ես գնում եմ, երբ նրանք հաստատապես հանրային պաշտպան են պահանջում: Նախկինում, երբ իմ ներկայությամբ էին հրաժարվում, ես տեղեկանում էի, թե որն է հրաժարվելու պատճառը: Հիմա, ի տարբերություն նախկինի, նույնիսկ հրաժարումների պատճառներից տեղյակ չեմ, քանի որ ինֆորմացիա չի տրամադրվում, թե քանի գործ է եղել քննչական կամ դատական վարույթում եւ քանիսն են հրաժարվել պաշտպանի ծառայությունից»: Հարցաքննվողները, նրա ասելով, իրենց ծառայությունից հիմնականում հրաժարվում էին պատճառաբանելով, որ իրենք ունեն պաշտպան, որին կհրավիրեն կամ` քանի որ իրեն քննիչներն են հրավիրում, նրանք հ/պ-ներին դիտարկում էին իբրեւ քննիչի պաշտպան: «Այժմ իրավիճակը միանգամայն այլ է. մեզ հրավիրում են, երբ հարցաքննվողը հաստատապես հանրային պաշտպան է ցանկացել, եւ այդ մասին քննիչը որոշում է կայացրել»,- ասում է Կոտայքի մարզի հանրային պաշտպանը: Ռոբերտ Ղազարյանի ասելով դատարաններում ավելի քիչ են հրաժարվում հանրային պաշտպանի ծառայությունից, քան նախաքննության փուլում: Հանրային պաշտպանին հայտնի չէ այս իրավիճակի պատճառները, սակայն համոզված է, որ մեղադրյալը կամ կասկածյալը պետք է պաշտպանի ներկայությամբ հրաժարվի: «Մենք ի՞նչ իմանանք, թե քննիչը ինչ է ասել կամ ինչպես է ասել, որ մեղադրյալը կամ կասկածյալը հրաժարվել է անվճար իրավաբանական օգնություն մատուցող հանրային պաշտպանի ծառայությունից»,- ասում է նա: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ հրաժարումների հիմնական պատճառներից մեկն էլ փաստաբանին չվստահելն ու չհավատալն է, իսկ որոշ կասկածյալներ կամ մեղադրյալներ էլ համոզված են, որ իրենք անմեղ են, ուստի պաշտպանի կարիք չունեն: Անշուշտ վերջինս հասարակության թերի իրավագիտակցության արդյունք է, բայց ըստ Կոտայքի մարզի հանրային պաշտպանի` եղել են նաեւ դեպքեր, որ սկզբում հրաժարվել են պաշտպանի ծառայությունից, բայց հետո զղջացել են եւ վերստին հանրային պաշտպան պահանջել: Իրավական այս խնդիրը համապարփակ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ հանրային պաշտպան հրավիրելու օրենսդրական լուծումը տարբեր կերպ է մեկնաբանվում եւ շատ հաճախ հանրային պաշտպանի, քննչական մարմնի աշխատակցի եւ դատավորի տեսակետներն այս հարցում հակադրվում են: Ակնհայտ է նաեւ, որ հ/պ-ներից հրաժարվելու ամենագլխավոր պատճառներից մեկը հասարակության թերի իրավագիտակցությունն է. անվստահություն կա ողջ իրավական համակարգի նկատմամբ, լինի` փաստաբանական ծառայություն, քննչական մարմին, թե` դատարան:

Բելլա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter