HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մտածում էի, որ կարող եմ իմ իրավունքները պաշտպանել»

Կարո Մնացականյանը մեղադրվում է ՀՀ Քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասով` խարդախություն կատարելու համար: Ըստ մեղադրական եզրակացության` կա 2 տուժող, որոնցից մեկին Կարոն խաբել է 6900 դոլարի չափով, մյուսին` 2000 դոլարի: Կարոն նախաքննության ընթացքում պաշտպան չի ունեցել, հրաժարվել է նաեւ հանրային պաշտպանի ծառայությունից` հույս ունենալով, որ ինքնուրույն կարող է իր իրավունքները պաշտպանել:

Կարոյի հետ հանդիպեցինք Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրում` դատաքննությունից րոպեներ առաջ: «Հետքի» հետ զրույցում Կարո Մնացականյանն ասաց, որ հենց սկզբից քննիչներն իրեն հայտնել են հանրային պաշտպանի մասին, սակայն ինքն այնքան ծանր ապրումների մեջ է եղել, որ չի պատկերացրել, թե խոսքն ինչի մասին է: Կարոն թեեւ անընդհատ կրկնում էր, որ քննիչներն իրեն զգուշացրել են հանրային պաշտպան ունենալու իրավունքի մասին, սակայն հաճախակի էր կրկնում նաեւ այն արտահայտությունը, թե ինքը չի իմացել, որ հանրային պաշտպան կա, որն անվճար կիրականացնի իր պաշտպանությունը:

«Ծանր ապրումների մեջ էի ու չէի պատկերացնում, որ իրականում նման բան կա: Ինձ սկզբում ասել են, որ կարող եմ հանրային պաշտպան ունենալ, պարզապես չեմ կարողացել կենտրոնանալ: Հետո արդեն ես պահանջեցի: Պաշտպանը եկավ, շատ բարի ու լավ անձնավորություն է, բոլոր հարցերով ինձ օգնում է: Հիմա լիովին բավարարված եմ: Սկզբում մտածում էի, որ ինքս կարող եմ իմ իրավունքները պաշտպանել, բայց հետո մտածեցի, որ ինձ համար դա քիչ է, եւ անպայման հանրային պաշտպան է պետք: Ես լրիվ վստահում եմ իմ պաշտպանին ու գոհ եմ իր կատարած աշխատանքից, իրեն շատ եմ հավանել»,- ասաց Կարո Մնացականյանը: «Այդ դեպքում, նախաքննության ընթացքում ինչու՞ չօգտվեցիք հանրային պաշտպանի ծառայություններից»,- նորից հարցրի Կարոյին:

«Պարզապես չեմ իմացել»,- հնչեց պատասխանը: Զրուցեցինք նաեւ Արագածոտնի մարզի հանրային պաշտպան Արսեն Գալստյանի հետ, որը Կարո Մնացականյանի պաշտպանությունն ստանձնել է դատաքննության փուլում: Պարոն Գալստյանի կարծիքով, կասկածյալը հենց նախաքննության փուլից պետք է պաշտպան ունենա, քանի որ ինչքան էլ պատկերացում ունենա իրավաբանությունից, միեւնույնն է, ոչ բոլոր իրավունքները կարող է հասկանալ ու իրեն պաշտպանել: Վերջինս մեզ փոխանցեց իր պաշտպանյալի խոսքը, ըստ որի՝ այդ գումարներն ինքը պարտքով է վերցրել, ընդ որում՝ յուրաքանչյուրից 2000-ական դոլար, պարզապես հնարավորություն չի ունեցել դրանք վերադարձնելու: Պրն Գալստյանն ավելացրեց, որ նախաքննության ժամանակ Կարոն իրեն ներկայացրել են նրան` պաշտպանությունն իրականացնելու համար, սակայն մեղադրյալը հրաժարվել է: «Կարոյի իրավունքները, այդ թվում նաեւ պաշտպան ունենալու մասին, բացատրվել են իմ ներկայությամբ, ինքն ասաց, որ պաշտպան չի ցանկանում եւ իր իրավունքներն ինքնուրույն կպաշտպանի: Ճիշտն ասած, իրենից չեմ հարցրել, թե ինչու նախաքննության ընթացքում հրաժարվեց պաշտպան ունենալու իրավունքից, բայց եթե պաշտպանը ներգրավված լիներ հենց սկզբից` հնարավոր է ինչ-որ բաներ փոխվեր»,- ասաց Արսեն Գալստյանը:

Պաշտպանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կփոխվեր, եթե Կարոն նախաքննության ընթացքում չհրաժարվեր իրավաբանական օգնությունից: Պարոն Գալստյանի ասելով, եթե իրավական օգնություն լիներ, կարող էին նոր հանգամանքներ պարզել:

«Օրինակ, դատաքննության ընթացքում միջնորդություն ներկայացրեցի, որ Կարոյի կնոջն ու աղջկան հարցաքննեն, սակայն դատարանը մերժեց, որովհետեւ կինը դատական նիստերից մեկին մասնակցել էր: Նախաքննությանը եթե մասնակցեի, միգուցե հանգամանքներ լինեին, որոնց միջոցով կարողանայի պարզել: Այսինքն, նախաքննության փուլում իմ միջնորդությունը քննիչը պետք է հարգեր՝ կնոջն ու աղջկան կհարցաքններ: Որոշ հանգամանքներով ապացուցվում է, որ ամբաստանյալն առաջին տուժողից ոչ թե 6900, այլ՝ 2000 դոլար է վերցրել: Կինն ու աղջիկը կարող էին դա հիմնավորել, բայց թե ինչքանով կհիմնավորվեր` չեմ կարող ասել»,- անկեղծացավ Արսեն Գալստյանը: Պաշտպանն արդեն մասնակցել է մի քանի դատական նիստերի, այցելել է մեկուսարան, որտեղ պահվում է Կարոն, եւ կարծում է, որ իր պաշտպանյալը լիովին վստահում է իրեն ու հույսն իր հետ է կապել:

«Հիմա ես փորձում եմ տուժողների հարցերը կարգավորելու մի ձեւ գտնել, որպեսզի Կարոն ավելի մեղմ պատիժ ստանա»,- հայտնեց պրն Գալստյանը: Նշենք, որ Կարոյի մեղավորությունն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է պատիժ` 2-6 տարի ազատազրկմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter