HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամուսիններն ապրում են դպրոցի դասասենյակում, որտեղ ժամանակին դաս էին անում

Երբ մոտեցանք փայտե տնակին, մեզ ընդառաջ վազեց 4-ամյա աղջնակն ու ժպտալով ասաց. «Մեզ տուն եք սարքե՞լ»: Երբ ասացի` ոչ, աղջնակը` Մարգարիտան, խռովեց ու այնտեղ գտնվելուս ընթացքում այլեւս հետս չխոսեց: Պետրոսյանների բազմազավակ ընտանիքը` հայրն ու մայրը եւ 5 անչափահաս երեխաները, տուն չունեն եւ 10 տարուց ավել է թափառականի կյանքով են ապրում:

Ընտանիքի հայրը` Ժորան, երբ ամուսնացել է ու դուրս է եկել հայրական տնից, մնացել է փողոցում: Նրանք 10 տարի ապրել են Արագածոտնի մարզի Կարին գյուղում` ուրիշին պատկանող գոմում: Երեխաներն այդ գոմում են ծնվել ու տարիներ շարունակ ապրել: Տեսնելով, որ չեն կարողանում ապրել, 2 տարի առաջ ընտանիքով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ, սակայն այնտեղ էլ պայմանները բավարար չեն եղել ու ստիպված ետ են վերադարձել իրենց նախկին կենցաղին: «Գնացինք Ղարաբաղ, չկարողացանք ապրենք: Ոնց ստեղ էինք ապրում, նույնն էլ ընդեղ էր, լույս չունեինք Ղարաբաղում: Մենք մեր խոդով գնացինք` մտածելով, որ ամեն ինչ լավ կլինի, բայց ավելի վատ էր: Հետո էլ` ծախսը շատ էր: Բանվորություն էի անում, 1-2 ամիս նորմալ վարձատրեցին, բայց ում մոտ աշխատում էի, խանութ ուներ, դրանից հետո էլ ասաց` հեն ա խանութը, քո փողի չափով խանութից ապրանք վերցրու: Ապրանքն էլ այնքան թանկ գներով էին հաշվում, որ իրանց տված փողի հալալ կեսն էր նպատակին ծառայում: Դիտմամբ էին այդպես անում, որ իրենցից կախման մեջ լինեինք ու խանութից պարտքով ապրանք վերցնելով` իրանց պարտք մնայինք»,- «Հետքին» պատմեց Ժորա Պետրոսյանը: 20_07-tun-1 7 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է ժամանակավոր տնակում, որն այնքան էլ չի տարբերվում գոմից` տանիքը կաթում է անձրեւների ժամանակ, չկան կոմունալ հարմարություններ: 2 տարեկան Անիի ձեռքերը միջատներն այնպես էին կծել, որ հանգիստ չէր կարողանում նստել, անընդհատ լալիս էր: Տնակի ներսում մեկ մահճակալ կար, փոքրիկ սեղան, կոտրատված բազմոց եւ ձեռքով սարքած 2 փոքր աթոռակ: 20_07-tun-2 Այժմ ընտանիքը գոյատեւում է 47.500 դրամ նպաստով: Երեխաների մայրը` Շողակաթն աում է, որ այդ գումարով հազիվ ամիսը գլորում են, ամսվա կեսից էլ պարտքով են ուտելիք վերցնում: «10 տարի գոմում, վատ պայմաններում ենք ապրել: Երբ Ղարաբաղից հետ եկանք, նորից ենք այդտեղ մնացել, բայց տերն ասեց` պիտի դուրս գաք, ես ըտեղ անասուն եմ պահելու: Անցած տարի հունվարին դուրս ենք եկել այդ գոմից: Ապրելու տեղ չունենալով` դիմեցինք Սերժ Սարգսյանին ու հիմա որ այս դոմիկի մեջ ապրում ենք, էլի իրա շնորհիվ է, ինքն է կարգադրել, որ հող ու դոմիկ տան մեզ: Տնակը հատկացրել է մարզպետարանը, իսկ հողը ժամանակավոր հատկացրել է Սասունիկի գյուղապետարանը: Այս տնակը, որտեղ հիմա ապրում ենք, դպրոցի գույքն է եղել: 88-ի երկրաշարժը որ եղավ, տնակներում էինք դաս անում, ու սա որպես դասարան էր ծառայում: Ես ու կինս այս տնակում դաս ենք արել, հիմա էլ, արդեն մեկ տարի է, մեր դասարանում ընտանիքով ապրում ենք»,- պատմում է Ժորան: «Մեզ ասեցին` մեկ ամսվա ընթացքում տնակը կվերանորոգենք, դիմացեք, մինչեւ ձեզ տուն կսարքենք: Հետո մարզպետարանից տեղեկանքներ ուզեցին, տարանք տվեցինք մեր առաջվա մարզպետին` Գաբրիել Գյոզալյանին: Մի երկու շաբաթ առաջ գնացինք մարզպետարան, թազա մարզպետն ասաց` նախկին մարզպետը ձեր համար նախատեսված տունը տվել ա իրա հարազատներին: Մեզ ասաց` սպասեք մինչեւ հոկտեմբերի վերջ, դուք տան մեջ կապրեք: Էլի չեմ հավատում, անընդհատ հույսով են արել ու ոչ մի բան էլ չեն արել: Սերժ Սարգսյանն իրենց ասել էր, որ մեզ լիարժեք օգնեն, բայց ոչ մի բան էլ չարեցին: Հիշում եմ` մարզպետին ասել էր, որ 3 սենյականոց տնակ տան, ապրենք` մինչեւ տուն կտան, բայց մարզպետարանից բերեցին այս տնակը տվեցին: Ասեցին` խմելու ջուր կքաշենք, դա էլ չեն անում: Հիմա 2-3 կիլոմետր հեռավորությունից ենք ջուր բերում, երեխեքս կոտորվում են ջուր կրելով»,- ամուսնու խոսքը լրացրեց Շողակաթը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս ընտանիքի խնդիրներին ծանոթ է եւ նախագահականից, իրոք, հրահանգ եղել է Պետրոսյաններին տնով ապահովելու համար: «Պայմանավորվածություն ունենք «Առաջ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ, որ նրանք տունը սարքեն: Պայմանավորվածությունները դեռ ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է նախկին մարզպետի կողմից Պետրոսյանների համար նախատեսված բնակարանը իր հարազատին հատկացնելուն, ես չեմ կարող լիարժեք պատասխանել ձեր հարցին, քանի որ չգիտեմ այդ մասին»,- ասաց մարզպետը: 20_07-tun-3 Ընտանիքի մեծ տղան` Մեսրոպը, 11 տարեկան է: Հիմնականում նրա վրա է ընկած 1-2 կիլոմետր հեռավորությունից ջուր բերելու պարտականությունը: Ջրի հարցն այնքան մեծ խնդիր է Մեսրոպի համար, որ այդ պատճառով հաճախակի է բացակայում դպրոցից, եւ նախկինում գերազանց սովորող տղան այժմ հազիվ է հասցնում դասերը սովորել: Նա դասագիրքը փոխարինել է դույլերով եւ առավոտից երեկո ընտանիքին ջրով ապահովելու հարցով է զբաղված: Ընտանիքի չափահաս անդամները պատմում էին, որ այլեւս հնարավոր չէ տնակում ապրելը, քանի որ միջատները հանգիստ չեն տալիս երեխաներին: Ամբողջ տնակը փայտոջիլի մեջ կորած է: Շողակաթը պատմեց, որ ամեն անգամ անձրեւ գալիս տնակը լցվում է ջրով, սակայն մարզպետարանում գրություն կա, թե իբր «շիֆերի գումար» են հատկացրել: «Որ խեղճ ենք ապրում, երեւի գիտեն հիմար ենք, ոչ մի բան չենք հասկանում»,- ասաց Շողակաթը: Նա պատմեց, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահի նստավայր էին կանչել, ու նամակների բաժնի պետ Անահիտ Ասատրյանը 20 հազար դրամի օգնություն է հատկացրել` ասելով, որ այդ գումարով տնակը վերանորոգեն: 20_07-tun-5 «20 հազար դրամով ի՞նչը վերանորոգեմ, ընդամենը 2 մեշոկ ալյուրի փող է»,-ավելացրեց Շողակաթը: 20_07-tun-6

Ընտանիքում սեպտեմբերին կծնվի 6-րդ երեխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter