
«Բեյզ Մեթլս» ընկերությունը Ղարաբաղում հայտնի է ոչ միայն որպես հանրապետության լեռնահանքարտադրության ոլորտի միակ եւ ամենախոշոր ընկերություն, այլ նաեւ խոշոր հարկատու եւ բարեգործական տարբեր ծրագրերի մասնակցող ընկերություն:
Ընկերության ստեղծումն ու հետագա գործունեությունը, ինչպես Մարտակերտի շրջանի Դրմբոն եւ մոտակա գյուղերի բնակիչներն են խոստովանում, յուրօրինակ փրկություն է ինչպես շրջանի, այնպես էլ մյուս բնակավայրերի որոշ բնակիչների համար, քանի որ նրանցից ոմանք աշխատանք գտան Դրմբոնի հանքավայրում եւ ստիպված չեղան լքել իրենց գյուղն ու աշխատանք փնտրել այլ երկրներում:
Արցախյան պատերազմից տուժած ու վերականգնման ենթակա ենթաշրջանում «Բեյզ Մեթլս»-ի դերն իրոք մեծ է`ինչպես աշխատատեղերի, այնպես էլ ենթակառուցվածքների ստեղծման առումով: Յոթ տարի առաջ հենց այս գյուղում հիմք դրվեց լեռնահանքարտադրությանը. Այսօր ընկերությունում աշխատում են շուրջ 1200 հոգի` ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններից:
Օրերս ընկերությունը նշեց իր ստեղծման 7-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանը, ընկերության աշխատողներ, հյուրեր:
Ինչպես իր ողջույնի խոսքում ներկայացրեց «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանը, «Բեյզ Մեթլս» ընկերությունը, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի լուրջ ազդեցությանը, կայուն շահութաբերությամբ Դրմբոնի հանքավայրում դեռ կաշխատի 4 տարի, իսկ միջին շահութաբերությամբ եւս 3-4 տարի: Այդ ամենին զուգահեռ երկրաբանական աշխատանքներ են կատարվում Դրմբոնի հանքավայրի շուրջ եւ հույս կա, որ արդյունքում Դրմբոնի հանքավայրի պաշարները կավելանան, իսկ եթե ոչ, ամենայն հավանականությամբ, ստեղծված ենթակառուցվածքները, ներառյալ` ստորգետնյա հանքերը, այլ նպատակներով կօգտագործվեն: Վալերի Մեժլումյանի խոսքերով, դրանք կարող են վերածվել հանգստյան գոտու:
Առաջիկա 4 տարիների ընթացքում ընկերությունը կաշխատի նոր պաշարներ հայթայթելու ուղղությամբ: Մարտակերտի շրջանի Ծաղկաշենի լեռնահանքային դաշտում արդեն իսկ կան մեծ ծավալի հանքերեւակումներ, սակայն դեռ չկան հաստատված պաշարներ: Վալերի Մեժլումյանը հույս հայտնեց, որ մոտակա մեկ տարվա ընթացքում կհաջողվի հաստատել այդ պաշարները: Հաջողության դեպքում այստեղ նույնպես կկառուցվի կոմբինատ, կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, կբացվեն նոր աշխատատեղեր, ինչի արդյունքում,
Վ.Մեժլումյանի խոսքերով, տարեկան կտրվածքով հնարավոր կլինի արտադրել առաջին փուլում` 5-10 հազար տոննա զտած պղինձ, իսկ ապագայում կոմբինատը քայլ առ քայլ կդառնա կրկնակի անգամ ավելի հզոր, քան Դրմբոնի կոմբինատը:
Սա, ըստ «Վալեքս» ընկերությունների խմբի ղեկավարի, իրականություն կդառնա մոտակա 7 տարիների ընթացքում: «Լեռնային Ղարաբաղի ընդերքն այսօր թույլ է տալիս շատ հստակ նայել ապագային, եւ հուսով եմ, որ «Բեյզ Մեթլս» ընկերությունը կաշխատի ոչ թե 7 տարի, այլ 70 եւ ավելի»,-հավելել է Վալերի Մեժլումյանը:
«Բեյզ Մեթլս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը 7 տարի առաջ ստեղծված ընկերությունը համարում է ԼՂՀ ողջ ազգաբնակչության, ղեկավարության եւ ընկերության կոլեկտիվի համատեղ աշխատանքի արդյունք, այլապես, ըստ նրա, այդ ամենը հնարավոր չէր լինի իրականություն դարձնել:
«Նման փոխադարձ հարգանքի եւ հնարավորությունների ընձեռման դաշտ ես որեւէ տեղ չեմ տեսել»,-իր խոսքում ավելացրել է Ա.Մկրտումյանը:
Տեղեկացնենք, որ մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ընկերությունում աշխատողների միջին աշխատավարձը կազմում էր 176 հազար դրամ, սակայն ճգնաժամի պատճառով այն իջեցվեց մինչեւ 144 հազար դրամ: Միջոցառման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հրահանգեց աշխատողների միջին աշխատավարձը հասցնել 176-ի, ինչն էլ դրականորեն ընդունվեց ընկերության գլխավոր տնօրենի կողմից, ով էլ հայտնեց, որ հուլիսի 1-ից աշխատողները բարձրացված աշխատավարձ կստանան:
Հայտնի է, որ ճգնաժամի պատճառով ընկերությունը բավականին վնասներ է կրել, սակայն դա չի խանգարել նրան պահպանել արտադրության ծավալները: Այսօր էլ, ինչպես արդեն պարզվեց, ընկերությունը շարունակում է նոր ծրագրեր մշակել ու գործնական քայլեր ձեռնարկել դրանք կյանքի կոչելու համար:
7-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը ընկերության մի խումբ աշխատողների հանձնեց պետական պարգեւներ: Մի խումբ աշխատողներ էլ պարգեւատրվեցին կառավարության ղեկավարի կողմից: Այնուհետեւ տոնական միջոցառումը եզրափակվեց համերգով` «Արցախի ձայներ» նախագծի անդամների եւ Արցախի պարի պետական համույթի մասնակցությամբ, իսկ հանդիսատեսները ոչ միայն հանդիսավոր արարողության մասնակիցներն էին, այլ նաեւ բազմաթիվ դրմբոնցիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել