HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նարեկն ընդունվել է Սթենֆորդի համալսարան. գրավի պատճառով նրա ուսումը վտանգված է

20_07-tovmasyanՆարեկը հուսով է, որ մինչեւ ուսումնական տարվա սկիզբը կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն իրեն` լուծելու գրավի խնդիրը:

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող 18-ամյա Նարեկ Թովմասյանն ընդունվել է Սթենֆորդի (ԱՄՆ) համալսարան, որն աշխարհի ամենահեղինակավոր կրթօջախներից է: Բավական է նշել միայն, որ այս համալսարանում մեկ տարի ուսանելն արժե 50.000 ԱՄՆ դոլար:

«Այբ» հիմնադրամի շնորհիվ Նարեկը գտել է բարերաների, որոնք, գնահատելով Սթենֆորդում ուսանելու արժեքը, պատրաստ են վճարել նրա ուսման վարձը, սակայն ուսանողը չունի ՀՀ օրենսդրությամբ պահանջվող 8.5 միլիոն դրամ կամ դրան համարժեք սեփականություն, որպեսզի այն գրավ դնի արտասահման մեկնելու համար: 18-ամյա Նարեկը դեռ չի ծառայել հայոց բանակում, եւ այդ գրավը նախատեսված է նրա համար, որ նա վերադառնա հայրենիք, իսկ չվերադառնալու դեպքում` վճարի 8.5 միլիոն դրամ: Նա չի խուսափում զինվորական ծառայությունից. «Ես ԱՄՆ-ում չեմ մնա, իմ բոլոր հարազատներն այստեղ են, բանակ կգնամ ուսումս ավարտելուց հետո: Կարծում եմ` իմ ստացած գիտելիքները կարող են օգտակար լինել մեր բանակին, օրինակ` ես ու եղբայրս կարող ենք զենք նախագծել»: «Ուզում եմ Հայաստանում ինչ-որ բան նախաձեռնել, ինչ-որ բան փոխել դեպի լավը, իսկ դա ես կարող եմ անել միայն ժամանակակից գիտական պրոցեսներին մասնակից լինելով, այդ պատճառով էլ ուզում եմ ԱՄՆ-ում ուսումս շարունակել»,- ասում է Նարեկը:

«Պատրաստ եմ ինձ էլ գրավ դնել»

Տղայի ընտանիքը պատրաստ է գրավ դնել Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղի իրենց սեփական տունն ու հողերը, սակայն դրանք դժվար թե 8.5 մլն դրամ արժենան: «Մենք պատրաստ ենք մեր ունեցած ամեն ինչն էլ տալ, մինչեւ ամենավերջին ափսեն, բայց մեր ամբողջ ունեցվածքը երեւի մոտ 4 մլն դրամ արժենա,- ասում է Նարեկի եղբայրը` 19-ամյա Մուրադը,- ես պատրաստ եմ ինձ էլ գրավ դնել, միայն թե եղբայրս ուսում ստանա»: Մուրադը մտահոգվում է, որ գյուղի սեփականությունը որպես գրավ կարող է չվերցնեն: «Եթե մարդ շատ խելացի է եւ ընդունվել է արտասահմանյան համալսարան, բայց չունի 8.5 միլիոն դրամի սեփականություն, նշանակում է` նա չպե՞տք է ուսում ստանա: Մեր բարեկամները գյուղում են ապրում, նրանք պատրաստ են իրենց հողերն էլ գրավ դնել, բայց կարող է` չընդունեն»: Նարեկը հուսով է, որ մինչեւ ուսումնական տարվա սկիզբը կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն իրեն` լուծելու գրավի խնդիրը:

20_07-tovmasyan-1

«Եղբայրս հաստատ չի հիասթափեցնի այն մարդուն, որը կօգնի մեզ: Համոզված եմ` նա դեռ շատ է պետք գալու մեր երկրին, եւ եթե այսօր նրան օգնեն, վաղն էլ Նարեկն է իր նմաններին օգնելու»,- ասում է Մուրադը: Սթենֆորդի համալսարանը միակը չէ, որտեղ Նարեկին հաջողվել է ընդունվել: Նախորդ տարի նա հաջողությամբ քննություններ է հանձնել Տեխասի, Նյու Յորքի եւ Բոստոնի համալսարանների համար, սակայն ավտովթարի ենթարկված հոր մահը խանգարել է Նարեկին մեկնել Հայաստանից:

Մեծ Մասրիկից` դեպի մեծ ապագա

Նարեկի ընտանիքը 2003 թվականին Մեծ Մասրիկ գյուղից տեղափոխվեց Երեւան, քանի որ տղաներին այլեւս չէին բավարարում տեղի դպրոցի տված գիտելիքները: «Ես եւ եղբայրս քննություններ հանձնեցինք եւ անվճար ընդունվեցինք «Քվանտ» վարժարան, դրա համար էլ ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան»,- պատմում է Նարեկը: 20_07-tovmasyan-2

Նա եւ Մուրադը մասնակցել եւ հաղթել են ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, աշխարհագրության, կենսաբանության բազմաթիվ հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում: Տղաների մայրը` 50-ամյա Սիլվան, ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի ընտանիքի գոյությունն ու որդիների ուսումը: «Գիշերը գնում եմ, միրգ ու բանջարեղեն եմ գնում, վաճառում եմ Կայարանի շուկայում, որպեսզի մեր կարիքները կարողանանք հոգալ: Տղաներս ինձ շատ են օգնում, սակայն հաճախ ժամանակ չեն ունենում: Բայց ոչինչ, կարեւորը ուսումն է»,- ասում է տիկին Սիլվան: Ընտանիքի ամենափոքր անդամը 12-ամյա Նաիրուհին է, ով ցանկանում է մոր նման բժշկուհի դառնալ: «Ես գյուղում բժշկուհի եմ աշխատել, Երեւանում էլ, բայց աշխատավարձը ուշացումով էին տալիս, իսկ տան վարձը պետք է վճարենք յուրաքանչյուր ամսվա 15-ին, դրա համար էլ բժշկուհու աշխատանքս թողեցի, սկսեցի առեւտուր անել,- ասում է մայրը,- ես պատրաստ եմ կրկնակի տանջվել, միայն թե տղաներիս ուսումը կիսատ չմնա»: Մուրադը գերազանցությամբ է սովորում ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում, սակայն չի պատրաստվում ուսումը շարունակել արտերկրում: Նա օգնում է Նարեկին` լուծելու կազմակերպչական հարցերը: «Թող եղբայրս սովորի Սթենֆորդում, իսկ ես ընտանիքիս կողքին կլինեմ: Ես կարող եմ այստեղ մեծ հաջողությունների հասնել»,- ասում է Մուրադը:

Հ.Գ. Նարեկի եւ Մուրադի մեծագույն նվաճումները դեռ առջեւում են, սակայն այդ ճանապարհին նրանք աջակցության կարիք ունեն ինչպես պետության, այնպես էլ անհատների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter