Հայաստանում կներդրվի փաստաբանների ֆինանսական խնդիրները կարգավորող CARPA համակարգը
18-ին ՀՀ Փաստաբանների պալատի դահլիճում Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը եւ «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը պայմանագիր ստորագրեցին Ֆրանսիայի փաստաբանների ֆինանսական խնդիրները կարգավորող CARPA համակարգի մոդելը Հայաստանում ներդնելու մասին:
CARPA-ն Ֆրանսիայի փաստաբանների ֆինանսական միջոցների կառավարումն իրականացնող կազմակերպություն է, որի նպատակն է հեշտացնել եւ կանոնակարգել փաստաբանների եւ քաղաքացիների միջեւ կատարվող բոլոր գործարքները: Զարգացած երկրներում նման գործարքների գերակշիռ մասը կատարվում է փաստաբանների միջոցով: CARPA-ն այն համակարգն է, որն իրականացնում է փաստաբանների հաշիվների վարումը, պատասխանատվություն է կրում եւ երաշխավորում է այդ պարտականությունների կատարումը:
Հայաստանում CARPA կառույցի սպասարկումը ստանձնել է «Արարատբանկ»-ը, իսկ համակարգի ներդրմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայի CARPA կառույցի ղեկավարությունը, որի նախագահ Ալեն Մարտերը եւ Ֆրանսիայի փաստաբանական CARPA կառույցների ազգային միության նախագահ Բեռնար Վատյեն փաստաբանների մի խմբի հետ ներկա գտնվեցին պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությանը:
Փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը ներկաներին վստահեցրեց, որ CARPA-ի ներդրումը կարեւոր քայլ է դատաիրավական բարեփոխումների ոլորտում, այն կբերի նոր մթնոլորտի, նոր բիզնես համակարգի ստեղծմանը մեր երկրում, կնպաստի փողերի լվացման դեմ պայքարին: Հայաստանում նորաստեղծ կառույցին անդամագրվելու համար արդեն իսկ իրենց համաձայնությունն են տվել շուրջ 75 անվանի փաստաբաններ ու փաստաբանական գրասենյակներ:
CARPA ասոցիացիան Ֆրանսիայում ձեւավորվել է 1956 թվականին` կամավորության հիմունքով: Ֆրանսիայի Փաստաբանների պալատը, նպատակ ունենալով խուսափել փաստաբանների եւ նրանց վստահորդների միջեւ դրամական խառնաշփոթից, ստեղծել է Փաստաբանների դրամական գործառնությունները կարգավորող դրամարկղը` CARPA-ն, որտեղ կենտրոնացվում են տարբեր գործառնություններ եւ ներդրումներ: Ֆրանսիայում առքուվաճառքի եւ այլ խոշոր գործարքները կատարվում են CARPA-ի միջոցով, վճարումը կատարվում է գործարք կատարողի իրավաբանական փաստաթղթերի առկայության դիմաց:
CARPA-ն փաստաբանների եւ նրանց հաճախորդների դրամական գործառնությունները կարգավորող դրամարկղ է, որը վարում է փաստաբանների պալատը: CARPA համակարգի ներմուծումը նպատակ ունի ապահովել փաստաբանների մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կնքումն ու կատարումը` հասարակության առջեւ բարձրացնելով փաստաբանների հեղինակությունը եւ վստահությունը, ինչպես նաեւ հեշտացնել նրանց աշխատանքը:
«Արարատբանկ»-ում փաստաբանների անուններով բացված հատուկ ենթահաշիվներին կից բացվում են ստորադաս հաշիվներ նրանց հաճախորդների անուններով. եւ այդ հաշիվներով կիրականացվեն ապահով գործարքներ: Գործարքների ապահովությունը կվերահսկեն ոչ միայն կողմերի փաստաբանները, այլեւ Փաստաբանների պալատը` չխախտելով փաստաբանների գործունեության գաղտնիությունը:
CARPA-ում ներդրված գումարների շրջանառությունից ստացվող տոկոսների հաշվին Փաստաբանների պալատը մտադիր է կազմակերպել այդ համակարգի մասնակիցների հաշվապահության վարումը, լրիվ կամ մասնակի վճարել համակարգի մասնակիցների փաստաբանական վերապատրաստման համար, CARPA-ի բոլոր անդամներին տրամադրել լրացուցիչ կենսաթոշակ եւ այլն:
Փաստաբանների պալատի այս նախաձեռնությունը ողջունեցին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել