Արսինե Խանջյան. «Սահմանները բա՞ց են, թե՞ գոց, ես չեմ հասկնար»

«Օրերս այստեղ մի հետաքրքրական դիզայնով պնակ մը տեսա, ասի` հաստատ գերմանական է: Պտտեցի, ներքեւումը գրված էր. «Պատրաստված է Թուրքիայում»: Հայերը կմեկնին Անթալիա այստեղից ուղիղ չվերթով, հայ գործարարները բիզնես կանեն Թուրքիայում, հայ աղջիկները թրաֆիքինգի կենթարկվին Թուրքիայում: Ալ սա կնշանակե սահմանը գո՞ց է: Բա որ բացվի, ի՞նչ կըլլա»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը կիսվեց իր մտահոգություններով: «Այդ ողջ առ ու տուրը մեր եւ Թուրքիո իշխանություններեն ինձ կմտահոգի: Ինձ կմտահոգի Արցախի շուրջ արվող բանակցությունները` առանց Արցախի մասնակցության»: Արսինե Խանջյանը մտահոգված է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեությամբ: «Սփյուռքի նախարարությունը քննարկում է խառնամուսնությունների հարցը: Դա՞ է սփյուռքի ամենագլխավոր պրոբլեմը: Ո՛չ, սփյուռքը արդեն 100 տարի է խոսում է խառնամուսնությունների մասին: Մենք ենք դրա համար պայքարում: Ես գիտեի, որ պետք է անպայման հայի հետ ամուսնանամ, ես իմ ողջ գործունեությունը պետք է հայերենով անիմ»: Արսինեն այս տարի առաջին անգամ այցելել է Արցախ: «Ես Արցախում տեսա մեր հայերի թափված արյունը եւ հասկացա, որ այն տակավին թարմ է: Եվ Հայաստանի իշխանությունները իրավունք չունին այդպես, առանց խորը մտածելու եւ հեռանկարները գծելու այդ բանակցությունները վարեն, եւ իրենց խոսքերով` թափանցիկ բանակցություններ: Ո՞րն է թափանցիկ»: Արսինե Խանջյանի զավակները եւ ամուսինը հայերեն չեն խոսում, բայց դրանով, ըստ նրա, նրանք չեն դադարում հայ լինելուց: «Ինչո՞ւ է իմ ամուսինը տակավին հայ: Որովհետեւ նա մտահոգվում է Հայաստանի պատմությամբ եւ փորձում է իր գործունեությունն էլ ուղղել որեւէ հայանվեր գործ անելու համար: Իմ որդին մի օր դասից գալով` ինձ ասաց. «Ինձ պատմության ուսուցիչս կհարցներ, թե ի՞նչ ծագում ունեմ, Արշիլ Էգոյան է անունս: Ես ասացի` հայ եմ...Մայրիկ, ճի՞շտ ասացի: Ես նրան հարցրի` ինչո՞ւ ես կասկածում: Ասում է` չգիտեմ...ծնվել եմ, ապրում եմ Կանադայում, խոսում եմ անգլերեն, սովորում եմ Կանադայի պատմությունը, Եվրոպայի պատմությունը, բայց գիտե՞ս, երբ սովորում եմ հայերի պատմությունը, ինչ-որ բան եմ զգում ներսումս կատարվում է այդ պահին...»: Ի՞նչ կարող է լինել սրանից ավելին, որ ես չկասկածեմ, որ իմ որդին հայ է»: Դերասանուհին նշեց, որ Հայաստանն օր-օրի անճանաչելի է դառնում, սակայն այն, ինչ կա այսօր Հայաստանում, աշխարհին ներկայանալիք չի կարող լինել: «Ես 3 տարվա ընդմիջումից եկա Հայաստան եւ չճանաչեցա: Ամբողջը նոր շենքեր, շենքեր, շնեքեր` անճաշակ, իրար ոչ նման, տարբեր գույներով... Հայաստանը աշխարհին պետք է իր այդ շենքերո՞վ ներկայանա: Իսկ դուք գիտե՞ք, որ արվեստը, հատկապես կինոյի մասին եմ խոսում, որքան է օգնում փոքր ազգերին իրենց երկիրը, իրենց պատմությունը ներկայացնել եւ հնչեցնել ողջ աշխարհում: Իսկ այստեղ այդ ամենն անտեսվում է: Ինչո՞ւ է, օրինակ, միայն սփյուռքը ցեղասպանության մասին ֆիլմեր նկարում: Ինչո՞ւ Հայաստանը դա չի անում: Որովհետեւ աշխարհին պետք է ներկայացնես, ծանոթացնես, եւ հետո նոր արդարություն պահանջես: Իսկ կինոն հրաշալի ձեւ է փոքր պետությունը ներկայացնելու: Ինչպես դա այսօր անում է Իսրայելը: Նրանք այս տարի Կաննի փառատոնին 4 ֆիլմ էին ներկայացրել: Նույնիսկ եթե ֆիլմը չի հաղթում, բայց նոմինացված է, այն արդեն իր եւ իր երկրի վրա համաշխարհային մեծ ուշադրություն է գրավում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել