HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանը խորհուրդ է տալիս և սպառնում

11_07-J-Sefilyan«Այսօրվա իրավիճակը ոչ թե օրերի կամ ամիսների արդյունք է, այլ երկար տարիների: Այս ամենը սկսվեց 2000 թ. Փարիզյան սկզբունքներից ու եզրափակվում է Մադրիդյան սկզբունքներով: Այս տարիների ընթացքում միշտ էլ այս կետերն են եղել բանակցային սեղանին»,- այսօր Մամուլի ազգային ակումբում նման հայտարարություն արեց «Միացում» նախաձեռնության նախաձեռնող-անդամ Ժիրայր Սեֆիլյանը` անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը: Ժ. Սեֆիլյանի խոսքով` հատկապես պետք է անդրադառնալ հայկական տարածքների հնարավոր զիջմանը հակառակորդին, քանի որ բանակցություններում մնացած կետերն արդեն անիմաստ են, ամեն ինչ սկսվում է հենց այդ կետից: «Եթե հայերը չեն վերահսկելու այդ տարածքները, նշանակում է, որ մոտ ապագայում ո'չ Արցախ կլինի, ո'չ էլ` Հայաստան: Ոչ ոք չէր հավատում, որ հայերը կարող են այս պատերազմում հաղթանակած դուրս գալ, սակայն մեր ոգու շնորհիվ հաղթեցինք ու զարմացրինք ամբողջ աշխարհին»,- ասաց նա` հավելելով, որ այդ փաստը աշխարհաքաղաքական շրջանակներում շատերի մոտ վախ է առաջացրել, ու որոշում է ընդունվել, որ պետք է շատ լուրջ միջոցներ ձեռնարկվեն` ժողովրդի առաջխաղացման դեմն առնելու համար: «Ու այդ որոշման ամենավայրագ սկիզբը 1999-ի հոկտեմբերի 27-ն էր: Այդ օրվանից շարունակվում է մի գործընթաց, երբ մեր երկրում վերացնում են կամք, հավակնություն դրսևորող մարդկանց: Իսկ այդ հրահանգը հլու-հնազանդ ձևով կատարեց սերժաքոչարյանական համակարգը: Նրանք ոչնչացրին քաղաքական դաշտ հասկացությունը մեր երկրում, պառակտեցին մեր ազգը`«ղարաբաղցի» հասկացողությունը դնելով շրջանառության մեջ, սահմանազատեցին Ջավախքի ժողովրդին Հայաստանից: Բանը նրան է հասել, որ Իգոր Մուրադյանին թույլ չեն տալիս Ջավախք ոտք տնել: Ապրիլի 22-ի հայտնի հռչակագրով էլ հասան նրան, որ այսօր Հայաստանի դեմ են հանել ամբողջ սփյուռքահայությանը»,- ասաց նա: Ժ. Սեֆիլյանի գնահատմամբ` «Մադրիդյան սկզբունքները» ուղղակի օտարների կողմից որոշված մարտահրավեր է հայ ժողովրդին, իսկ այսօրվա հակահայ ռեժիմի կատարողը, պարագլուխն անձամբ Սերժ Սարգսյանն է: «Ձեռնոց են նետում հայ ժողովրդին, մենք էլ այդ ձեռնոցը հանգիստ վերցնում ենք: Միաժամանակ ես խորհուրդ կտայի Սերժ Սարգսյանին դադարեցնել տարածքները զիջելու մասին այդ քարոզարշավը հայ ժողովրդի դեմ: Հակառակ դեպքում մենք կփորձենք կանխել այդ արշավը ոչ ստանդարտ ձևերով»,- ասաց նա` զերծ մնալով նշելուց, թե որոնք են այդ «ոչ ստանդարտ» ձևերը: Միայն նշեց, որ երբ դրանք կիրառելու լինեն, կիմանանք: Ժ. Սեֆիլյանը գտնում է, որ իշխանությունների կողմից վարձու գործիչների ու անհատների ջանքերով այսօր քարոզչություն է իրականացվում` Ղարաբաղի տարածքները հանձնելու համար: «Օրինակ` Ստեփանակերտի շոուն, այդ միջոցառումը, որ նախաձեռնել էր Դաշնակցությունը: Ես տեղեկություն ունեմ, որ դրա ֆինանսավորողը եղել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: Բազմաթիվ փաստեր ունեմ, որ այդ միջոցառումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրամանով, այդ ամբողջ շոուն քարոզչություն էր»,- ասաց նա: Ժ. Սեֆիլյանի կարծիքով` Արցախյան հարցը գերտերությունների համար լուծելու խնդիր չի եղել, ուղղակի օգտագործել են այն` մեկ Բաքվին, մեկ Երևանին ճնշելու համար:Սակայն ամբողջ վտանգը, նրա խոսքով, այն է, որ հայկական կողմը նստում է բանակցությունների սեղանին` ամեն ինչ զիջած: «Ապագայում ինչքան էլ ազգային նախագահ ունենանք, այս տարիների գործած ավերածությունները` միջազգային կարծիք ստեղծելու իմաստով, դժվար կլինի փոխել: Ապագայում շատ դժվար կլինի: Այս վիճակից դուրս գալու միակ միջոցն այս քաղաքական ղեկավարությունից ազատվելն է: Հակառակ դեպքում բոլորս կգահավիժենք անդունդ»,- ասաց նա` հավելելով, որ եթե հայկական կողմն ուզենար, բանակցությունների ուղղությունը լրիվ այլ կլիներ, և այսօր այդպիսի վտանգ գոյություն չէր ունենա: Սակայն այսօրվա տիրող իրավիճակում, Ժ. Սեֆիլյանի կարծիքով, ոչնչի չենք հասնելու: Արդյոք ընդդիմությունը ունի՞ բավարար ներուժ` կանխելու ոչ հայանպաստ զարգացումները Ղարաբաղի հարցում: Այս հարցին ի պատասխան` Ժ. Սեֆիլյանը նշեց, որ ինքը համոզված է, որ հայ ժողովուրդն ունի այդ վտանգին դիմակայելու ներուժ: «Այդ ներուժը ընդդիմության ղեկավարությունը եթե օգտագործի` լավ, եթե ոչ, ապա կգտնվեն մարդիկ, որոնք ներուժը վերցնելով` այդ վտանգը կկանխեն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter