HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասպանությունը կարող էր կանխվել...

01_07-murder_alaverdi Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 18 շենքի մոտ հուլիսի 1-ի կեսգիշերին իր «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի սրահում, մեքենայի ուղղությամբ նույն շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանի կողմից ինքնաձիգից արձակված կրակոցներից սպանվեց Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի 30-ամյա բնակիչ Կարեն Սոխակյանը:

Սպանությունն Ալավերդիում խուճապ է առաջացրել երիտասարդների` արտագնա աշխատանքի մեկնելու հարցում: Վերջին 5-10 տարիներին աշխատելու նպատակով, մասնավորապես Մոսկվա մեկնելուց հետո, անհայտ կորել են ալավերդցի 4 երիտասարդներ: Նրանց հարազատները տեղեկություններ չունեն իրենց զավակներից, թեև տեղյակ են, որ անհետանալուց առաջ նրանք շփումներ են ունեցել Մոսկվայի հայ քրեականների հետ: Հնչեղություն ստացած այս խնդիրը տարիներ շարունակ չի հետաքրքրել Ալավերդու իրավապահներին: Բնակչությանն անհանգստություն է պատճառում ոչ միայն այս, այլև քաղաքում ինքնաձիգի գոյության փաստը: Վերջին մի քանի ամիսներին հանրապետությունում իրականացվել է «Զենք-Վահան» միջոցառումը, «ինչու այս ինքնաձիգը Ալավերդու ոստիկանության կողմից չի հայտնաբերվել»,- Ալավերդիում միմյանց հարցնում են շատերը: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի` դեռ 2008 թ. նոյեմբերին Սպարտակ Մանուչարյանը մահափորձ է կատարել Կարեն Սոխակյանի նկատմամբ, այդ ինչպես է պատահում, որ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը լրատվամիջոցներով հայտարարում է, թե բոլոր հանցագործությունները գրանցվում են իրենց մոտ, իսկ հրապարակավ իրականացված սպանության փորձն այդպես էլ իրավական քննության չի ենթարկում, որով կկանխվեր սպանությունը: Կարեն Սոխակյանի մայրն անհանգստանում է, որ հանցագործությունը չի ստանա իր արժանի գնահատականը: Մեզ հետ զրույցում նա իր մտահոգությունը հայտնեց և փաստեց. «Կրակահերթերը տեղացել են ավտոմեքենայի վրա ամբողջ ձախ երկայնքով, այն դեպքում, երբ ճանապարհի դասավորությունը զուգահեռ է բնակելի շենքի 2-րդ հարկին: Դա վկայում է, որ սպանությունը վտանգավոր եղանակով է կատարվել, և ոչ միայն շենքի բնակիչների, այլև բանուկ փողոցի անցորդների համար: Մինչդեռ շենքի բնակիչների ցուցմունքներով, որոնք սպանողի հարևաններն են, շրջանցվում է այս հանգամանքը` մեղմ պատիժ սահմանելու համար»: Կարեն Սոխակյանի հարազատներին ցավ է պատճառում նաև իրավապահ մարմինների` սպանության հետ կապված հաղորդագրություններում ընդգծված հանդիսավորությամբ հիշատակվող «Սոխ» մականունը, քանի որ դա, ըստ հարազատների եւ նրա դասընկերների ու ուսուցիչների, չի բնութագրում Կարենի վարքագիծը, դա նրա ազգանվան արմատն է, որով նրան առաջին անգամ դիմել են մանկապարտեզում իր 4-ամյա ընկերները: Կարենն Ալավերդիում ապրած տարիներին չի ընկալվել որպես քրեական աշխարհի մարդ: Բարեխղճորեն ծառայել է ՀՀ բանակում, ծառայությունն էլ անց է կացրել Հայաստան –Վրաստան սահմանում: Նա, հավանաբար, քրեական աշխարհի հետ շփվել սկսել է Մոսկվայում: Ալավերդցի Սոսո Սոխակյանն ու կինը` Սուսաննա Ղազարյանը, հարյուր հազարավոր այլ հայաստանցիների նման Մոսկվա են մեկնել` աշխատանք գտնելու և իրենց ընտանիքը կերակրելու նպատակով: Կարենի` Մոսկվայում հայտնվելու մասին մայրը` Սուսաննա Ղազարյանը, պատմում է. «Կարենը առաջին անգամ Մոսկվա եկել է 2001 թ. օգոստոսին: Առաջին անգամ Մոսկվայի օդանավակայանից զանգեց, ասավ` մամ, եկել եմ, Ձեզ չեմ կարողանում գտնել, ոնց գամ: Ես էլ ասացի` տղա ջան, ուր ես եկել, ասաց` մամ, կարոտել եմ, էլ չեմ կարողանում առանց Ձեզ մնալ»: «Մենք հարազատներով անհագստացանք. Կարենը ուրիշ աշխարհ էր եկել,- ասաց տիկին Սուսաննան,- իմ անհանգստությանը տղաս պատասխանեց. «Այ մամ, ես էնպիսի տեղ եմ ծառայել, իմ կողքով ամեն ինչ անցել ա, ես ոչ մի բանի ձեռք չեմ տվել»: Ընտանիքը սկզբում Մոսկվայում հանգիստ է ապրել: «Ոնց եղավ, ոնց չեղավ, չգիտեմ, էդ Արման կոչեցյալը (խոսքն օձունեցի մոսկվայաբնակ Արման Ջանինյանի մասին է) դուրս եկավ բերդից, հանդիպել էին Կարենի հետ, դա 2008 թ. գարնան մոտերքն էր, բերել էր մեր քաղաքը իրան, տեսավ Կարենը ինչպիսի մարդ է, նա աշխատում էր, սերվիս ուներ ընկերոջ հետ, եթե նա հանցագործ աշխարհի ներկայացուցիչ լիներ, կարող ա այնտեղ դա չհասկանային, տեսավ, թե նա ինչ լավ միջավայր ունի: Իմ որդին ոչ մի անգամ էլ քրեական աշխարհում չի եղել: Ընդամենը մարդկանց միշտ կարողացել է օգնել: Ես չգիտեմ` իմ որդու և Արման Ջանինյանի մեջ ինչ է եղել, ինչ չի եղել: Մի անգամ Կարենի հետ ավտոմեքենայով գնում էինք, ես լսել եմ, որ Արմանը զանգեց, Կարենը իջավ ավտոյից, հետո էլի նստեց, ես ամեն ինչ զգում էի: Նա` Արմանը, Կարենին «հաթաթա» տվեց, որ քեզ սպանելու եմ, անգամ ես եմ լսել, ավտոյի մեջ Կարենի հետ գնալիս: Ես գիտեի, որ Կարենը Արման Ջանինյանին հայհոյել էր: Մեկը մյուսին հայհոյել էին»,- պատմում է որդուն կորցրած մայրը: «Առավոտ» օրաթերթում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի այն հայտարարության հետ` թե Սպարտակ Մանուչարյանը իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից, նախկինում ունեցած անբարյացակամ հարաբերություններից ելնելով, կրակել է Կարեն Սոխակյանի մեքենայի վրա, տիկին Սուսաննան համաձայն չէ. «Դրա հետ Կարենը ոչ մի բան էլ չի ունեցել: Հիմա Ձեզ կբացատրեմ: Ուրեմն, դա որ Կարենին հայհոյել ա, մեր հարևան Թալալի թոռ Բուդուլը այստեղից գնացել ա, Արման Ջանինյանին ինչ ա ասել` չգիտեմ, դրանց մեջը ավելի խառնեց: Քանի որ, երբ ավտոմեքենայում Կարենը Արմանին հարցնում էր` ով է դա քեզ ասել, նա պատասխանում էր` Բուդուլն է ասել: Արմանն էլ ի պատասխան դրա` որդուս` Կարենին ասել էր, թե գալիս ա Շատվորանց տղեն (Ալավերդիում Մանուչարյանների ընտանիքին Շատվորանց են ասում), որ քո գլուխը բերի ինձ: Դրան ի պատասխան` որդիս կրկին հայհոյել է Արման Ջանինյանին: Այսքանն է եղել: Ինչ մնում է, որ իմ որդին Սպարտակ Մանուչարյանի հետ տարաձայնությունների մեջ է եղել, դա ճիշտ չէ, անցյալ տարի, երբ Կարենը իր ավտոմեքենայով Վրաստանով գալիս էր Ալավերդի, Կարենը իրա հեռախոսը տանը թողել էր, մեզ զգուշացրեց, որ զանգերին չպատասխանենք, հետո մի անգամ զանգ եկավ, աղջիկս` Սոնան, պատասխանեց, տեսավ էդ Շատվորանց տղեն ա, աղջիկս ասավ` մամ, էս Սպոն ա, ուզեց Կարենին, աղջիկս ասավ, որ ինքը արդեն դուրս ա եկել, աղջիկս Կարենին երբ տեղյակ է պահել, Կարենը մի տեսակ է ընդունել տեղեկությունը, դա անցյալ տարի օգոստոսի մեկին էր»,- պատմեց Կարեն Սոխակյանի մայրը: 21_07-arman-alaverdi«Մենք նկատում էինք` Կարենը զգում էր իր կյանքին սպառնալիք վտանգը, կատարված սպանությունը Արման Ջանինյանի զակազն է: Սպոն ով ա, Սպոն ինչ ուներ Կարենի հետ: Ոչ մի բան: Արման Ջանինյանը ասել է որդուս, որ ես նրան ուղարկում եմ, որ գլուխդ բերեն: Ասել ա` եթե չբերես, քեզ եմ սպանելու: Տղաս սպանությունից երկու օր առաջ զանգեց և ասաց` մամ, ես գալիս եմ, ասեցի` մի շտապի,մի քիչ մնա, ասեց` չէ, մամ, ես գալիս եմ, էլ էստեղ մնալու հնար չկա: Տղաս չէր ուզում գալ Ալավերդի, ասաց` գնամ, մամ, գլուխս ուտելու են,- հեկեկաց տիկին Սուսաննան և խոսքը ավարտեց,- ես գիտես ինչ եմ խնդրում, իմ երեխի անունը, փաստ ա, որ իմ երեխան չկա, թե նրան ինչ կանեն, ինչ չեն անի` ես իրավապահ մարմինների խղճին եմ գցում, բայց թող գոնե իմ երեխի անունը հանգիստ թողնեն: Ոչ թե իմ երեխան գնացել ա, նրա երեխային ա հետապնդել, էդպիսի բան չէր կարող լիներ, որ էդպես լիներ, էնա ինքը կսպաներ, էլի»: Ողբերգական սպանության հետևանքով երկու երիտասարդ կյանք է կործանվել: Եթե Սպարտակ Մանուչարյանը չի զոհվել, դեռ չի նշանակում, թե ողջ է մնացել: Մարդասպանի խարանը մահվան է հավասար: Մինչդեռ մարդասպանությունը կարող էր կանխվել, եթե զգոն լինեին իրավապահները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter