HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Վարդան Պետրոսյան. «Ես շատ զրկանքներ եմ կրել, բայց ուրախ եմ դրանց համար»

«Ես կանգնած եմ մեր բակում, միայնակ եմ, անձրեւ է մաղում: Բոլորը տուն են գնացել, մարդ չկա: Ես նայում եմ իմ մաշված «բատինկաների» ծայրին եւ մտածում եմ` երբ որ ես մեծանամ, դառնամ մեեե~ծ, շատ մեծ «ձյաձյա», ես կհիշե՞մ այս պահը»: Սա Վարդան Պետրոսյանի երջանիկ մանկության առաջին հուշն է: Թե ինչու է հենց այս պահը տպավորվել փոքրիկ Վարդանի մեջ, ինքն էլ չի կարողանում հասկանալ: «Ես հիշում եմ մանրամասնորեն, թե մեր բակի որ հատվածում էի կանգնած:

Երեւի այդ պահին իմ մեջ ինչ-որ բան ֆիքսվեց: Ես հասկացա, որ ես` ես եմ: Այդտեղից սկսվեց իմ ճամփորդությունը դեպի հոգուս խորքը»: Երբ Վարդանին խնդրեցի պատմել իր մանկությունից, նա միանգամից փայլեց, փայլեց ամբողջությամբ` աչքերով, հոգով, ժեստերով: Երջանիկ մանկությունն է, երեւի, որ Վարդանին դարձրել է այսքան բաց ու ազատ, այսքան զգացմունքային եւ սիրառատ: Ընտանիքում լինելով 4-րդ երեխան` Վարդանը, իր ասելով, եղել է ամենասիրվածը, «լկստվածը», ազատատենչը:

21_07-vardan_childhood

«Երեւի ծնողներս հոգնել էին 3 երեխա մեծացնելով, հոգիները դուրս էր եկել եւ ինձ ավելի ազատ էին թողել: Ամբողջ օրը ես բակում էի անցկացնում: Բակի ընկերները, բակի կյանքը, ցոգոլ գողանալը, «էշ միլիցա», «Հավալա» խաղալը, աղջիկների հետ «Պախկվոցի», «յոթ քար», , «Բռնոցի-պպզոցի», «Раз, два, три, фигуру покажи», «Город за город» խաղալը, այդ ամենը իմ կյանքն էր, իմ հրաշքները: Ամեն անգամ մերոնք ինձ «ծեծելով» էին տուն տանում: Բակը կախարդում էր ինձ: Առավոտը աչքերս բացում էի ու «տժժ~ժ»` դեպի բակ: Բայց այդ ամենի հետ մեկտեղ ես շատ եմ սիրել նստել ու ժամերով նկարել, նվագել դաշնամուր, երգեր գրել ու երգել: Այնքան կարեւոր բան է երջանիկ մանկություն ունենալը: Ես շատ զրկանքներ եմ կրել: Բայց ես շատ ուրախ եմ դրա համար: Մեր ժամանակ մարդիկ աղքատ էին ապրում եւ չէին ամաչում դրա համար: Ընդհակառակը` հարուստներն էին ամաչում: Ունեւորներ կային, որոնք գողանում-մողանում էին եւ այնպես էին անում, որ դա չերեւար, նույնիսկ վատ էին հագնվում, որ մարդիկ չիմանային: Այն ժամանակ ամոթ չէր հարեւանի երեխայի շոր հագնելը: Հարեւանի տղան մեծացավ, իր շորը փոքրացավ, նրանը ես էի հագնում: Կամ` մեր կողքի հարեւան Նելլին հագնում էր իմ շորը: Եվ դա մեզ ավելի էր մտերմացնում ու կապում միմյանց: Հարազատություն կար մեր մեջ: Մեր դռները բաց էին, բոլորս իրար տուն էինք գնում: Հիմա մարդիկ իրենց դռները փակել են, իրենք իրենց բանտարկել են: Փողն ու նյութապաշտությունը մարդկանց մեկուսացրեց, առանձնացրեց, դժբախտացրեց, բանտարկեց...Մեր ստեղծած բանտում էլ ապրում ենք... Մարդը միշտ պետք է զրկանքներ ունենա: Այսօր 3 տարեկան երեխան իր պապայից ինքնաթիռ ուզի, ինքնաթիռ կստանա: Մեքենա ուզի` կստանա: Կամ` 50.000-անոց ադամանդներով մատանիներ է ստանում պապայի ընկերներից: Որ ի՞նչ: Ասում է. «Սամալյոտի կաթ եմ ուզում», ուրեմն «սամալյոտի» կաթ կտան: Ի՞նչ պիտի այդ երեխան երազի դառնալ: Այդ երեխան դժբախտ է, քանի որ երազանք չունի, չի սպասում Ձմեռ Պապիկին, չի սպասում հրաշքներին, որ մի օր հանկարծ կարող է հրացան-խաղալիք ունենալ: Ես դա միշտ երազել եմ, ես հիմա էլ ապրում եմ երազանքներով: Եւ ես շա~տ գոհ եմ: Իմ երազանքները ինձնից խլել` կնշանակի սպանել ինձ: Ինչքան էլ ես ապրեմ ներկայով` իմ ապագայի երազանքները ու անցյալի հուշերը ինձ հետ են միշտ»:

Վարդանն այն երեխաներից է եղել, ովքեր միշտ ու անդադար սիրահարվել են: Մանկության եւ պատանեկության տարիներին նրա սիրտը միշտ բաց է եղել սիրո համար, բայց երբ սերը գալիս էր, նա փակվում էր ու սկսում տառապել:

«Ես անընդհատ սիրահարված եմ եղել: Անընդհատ: Առաջին դասարանում Կարիկին եմ սիրահարված եղել, 2-րդ եւ 3-րդ դասարանում` Արմինեին: 4-րդ-ում Ռիտան էր, հետո Լալան էր, հետո Նազիկն էր, հետո Գայանեն էր, հետո Ռուզանն էր , ով կողքս էր նստում: Հետո` նորից Ռիտան, իսկ հետո` նորից Արմինեն: Սրանք պատանեկան, մանկական սիրահարվածություններ էին: Ես ոչ խոստովանել եմ, ոչ էլ, ինքս իմ մեջ սիրահարվել եմ եւ վերջ: Փաստը արձանագրում էի ինձ համար եւ տառապում: Եվ այդպես էր անընդհատ: Եվ ես կարող եմ ասել, որ իմ կյանքի ամենամեծ սերերը եղել են պարտված, չէ, ավելի ճիշտ` չխոստովանած սերերը»: Վարդան Պետրոսյանն իր կյանքում մեկ, ինչպես ինքն է ասում` ահռելի սեր է ունեցել, որի նման բուռն զգացմունքներ երբեք չի ունեցել: Եւ որքան էլ որ զարմանալի չէ, դա եղել է 9 տարեկանում:

«Հը~, իմ առաջին ամենամեծ սերը... 9 տարեկան էի, հիվանդանոցում էի, ինձ այնտեղ որպես ներվայն երեխա բուժում էին, սրսկում, չգիտեմ ինչի համար… Այնտեղ կար մի փոքրիկ աղջիկ, անունը` Ժաննա, ազգանունն էլ` Գալստյան: Պեպենոտ (ես պեպենոտ աղջիկների շատ եմ սիրում), մեծ կանաչ աչքերով, սեւ կարճ մազերով պուճուրիկ աղջիկ էր: Այնպիսի սիրահարվածություն էր, որ ես իրեն տեսնելիս քիչ էր մնում ուշագնաց լինեի: Այսինքն` հենց միջանցքում տեսնում էի, ուղղությունս փոխում էի, կողքը կանգնել չէի կարողանում: Մի անգամ էլ հիվանդանոցայյին նախաճաշի ժամանակ դիմացն էին ինձ նստեցրել, ամբողջ ընթացքում չկարողացա հաց ուտել, պապանձվել էի եւ վերջ: Այն ժամանակ երգում էի մի շատ գեղեցիկ երգ Հայաստանի մասին: Ինձ ծափ էին տալիս, ես էլ մտածում էի, թե այդպես երգելով կնվաճեմ նրա սիրտը: Իսկ Ժաննան երգում էր «Քոբուլեթի, Քոբուլեթի» վերնագրով մի երգ: Շատ ցածր ու սիրունիկ ձայնով երգում էր: Հետո, երբ հիվանդանոցից ինձ դուրս գրեցին, ինձ թվաց, թե կմեռնեմ բառիս բուն իմաստով: Բայց, փառք Աստծուն, երբ սեպտեմբերին գնացի դպրոց, մեր Արմինեն, որ Ժաննայի նման կանաչ մեծ աչքեր ուներ, մազերը կարճ կտրել էր Ժաննայի պես: Ես անմիջապես վերասիրահարվեցի Արմինեին: Էժան պրծա, նման սեր, նման զգացմունքների առատություն ես մինչեւ հիմա չեմ զգացել: Այդ ուժի ես չեմ սիրահարվել; Սա իմ սարսափելի մեծ սերն էր: Հետո էլի շատ-շատ սերեր են եղել: Տառապել եմ, բայց ես երբեք չեմ կարծել, որ սերը տառապանք է: Ես գիտեմ, որ նույնիսկ անպատասխան սերը ամենամեծ նվերն է Աստծո կողմից, որ կարող է տրվել մարդուն: Որովհետեւ այդ ժամանակ կյանքդ դառնում է պայծառ ու լուսավոր: Մթությունը դառնում է լույս: Քո սիրո շղթաները քեզ դարձնում են ամենաազատ մարդը:

«Ես սիրում եմ քեզ», «I love you», «Je t’aime» բառերն այսօր ամենուր են, եւ դրանք չեն կարող արտահայտել այն իսկական զգացմունքները, որ զգում ես: Այսօր հեռախոսը միացնում ես, հեռուստացույցը միացնում ես, արդուկը միացնում ես, ասում է. «Ես քեզ սիրում եմ, սիրում եմ քեզ»: Սեր ասելով` հիմա ավելի շատ մարդիկ հասկանում են հաճույք, սեքսուալ ցանկություն, էրոտիկա: Մենք ոչ մեկս այժմ չենք գիտակցում անձնազոհություն, տառապանք, ներում, ներողամտություն, միայն բարություն եւ ազնվացում»: Գեղեցիկ եւ կախարդական գույներով լեցուն մանկությանը փոխարինելու եկան պատանեկան առաջին հիասթափությունները, առաջին շփումը իրական աշխարհի հետ:

«Առաջին մեծ շոկը ես ապրեցի պատանեկության տարիներին, երբ հասկացա, որ աշխարհն այնպիսին չէ, որպիսին ես ինձ պատկերացնում էի: Կյանքն անարդար է եւ ոչ այնպես գունեղ: Դա իմ առաջին շփումն էր իսկական կյանքի հետ: Եվ այդ կյանքը ինձ սկսեց դուր չգալ: Դուր չէին գալիս աշխարհի հակասությունները, մարդիկ ինձ թվացին ավելի չար, ավելի տգետ, նախանձ: Տարիքային հասունացման ժամանակ միշտ այդ հիասթափությունը կա: Հետո, ինչ խոսք, գալու են հերթական հիասթափությունները: Բայց, կարծում եմ, որ առաջին շոկը, որ մարդ ապրում է 14-15 տարեկան հասակում, ամենամեծն ու ուժգինն է: Ես այդ ժամանակ Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան նոր էի ընդունվել: Ուզում էի դուրս գալ, մարդկանց հետ չշփվել, ուզում էի հավաքարար աշխատել: Մտածում էի, որ առավոտը վեր կկենամ, փողոցները կմաքրեմ, կգամ տուն ու ինձ ոչ մեկը չի տեսնի: Փողոցները մաքրելը լավ գործ է: Եվ միայն մամայիս խնդրանքով ես մնացի, նա ասաց. «Լավ, ես մայրդ եմ, գոնե ինձ համար ավարտիր, հետո հավաքարար կաշխատես»: Շատ ճկուն մանկավարժական քայլ արեց նա: Ես մամայիս «խաթր» ավարտեցի ուսումս: Այդ ամենը հետո, իհարկե, անցավ, մյուս տարի իմ կյանքը կրկին վառ գույներ ձեռք բերեց: Իմ հրաշալի ընկերները եկան, ում հետ մինչեւ հիմա ընկերություն եմ անում»:

Տաղանդավոր պատանին իր բոլոր բարեկամներին եւ ընկերներին զվարճացնում էր իր հորինած երգերով, դերասանական փոքրիկ բեմադրություններով, պարոդիաներով:

«Պատանեկության տարիներին, բացի բակում ամբողջ օրը խաղալուց, նաեւ փոքրիկ երգիծական օպերաներ եմ գրել` նվիրված տատիկիս, քեռուս: Երբ մեր գերդաստանը հավաքվում էր քեֆերին, ես անպայման նստում էի, նվագում, ու բոլորը ծիծաղից մեռնում էին: Այդ տարիքից ես շատ ինտենսիվորեն ստեղծագործել եմ, բայց ամբողջը իմ հաճույքի համար էր: Հումորը անընդհատ առկա է եղել մեր ընտանիքում: Միշտ մեր տանը եղել են կատակներ: Մեր տանը բոլորը խենթուկներ են եղել: Եվ ես այդ բանը փոխանցել եմ իմ երեխաներին: Ես շատ ուրախ եմ, որ իմ տղան եւ աղջիկը խենթուկներ են: Եվ ես դա իրենց մեջ զարգացնում եմ: Տանը կարող եմ այնպիսի գժություններ անել, որ նրանք ծիծաղից մեռնեն: Շատ կարեւոր բան է, որ տանը խենթություն լինի»: Որքան էլ տարօրինակ է` Վարդան Պետրոսյանի թատերական կյանքը սկսվեց, երբ նա ընդունվեց Գեղարվեստա-թատերական ինստիտուտ` նկարչության ֆակուլտետ:

21_07-vardan_student

«Այ, այդտեղ սկսվեցին իմ կախարդական տարիները... այնտեղի ուսանողական ընկերները...մեր մեջ այնպիսի~ ստեղծագործական մթնոլորտ էր տիրում: Ի~նչ գժություն ասես` չէինք անում: Այդտեղ ծնվեց թատրոնի գաղափարը, այդտեղ մենք շփվում էինք դերասանների եւ ռեժիսորների հետ: Երկու ֆակուլտետները` նկարիչները եւ ռեժիսորները, ստեղծագործական առումով շատ մոտ էին միմյանց: Ես թատրոնի համար սկսեցի երգեր ու երաժշտություն գրել: Եվ մենք նկարիչներով ստեղծել էինք մեր թատերախումբը: Ինչ խենթուխելառ բաներ ասես` չէինք անում: Մենք տարեկան 2 նոր ներկայացում էինք խաղում: Դրանք հիմնականում շոուներ էին, որը հետո արդեն վերածվեց «Ոզնի» թատերախմբի»:

21_07-v_petrosyan

Վարդանն, ի վերջո, ընտրեց թատրոնը: Նրա համար մարդկանց անմիջական շփումները ամենակարեւորն էին անձնական բացահայտումներ անելու համար: «Ես միշտ գերադասել եմ ճշմարտությունն ինձ համար պարզել մարդկանց հետ շփումների միջոցով: Նկարչությունը մի տեսակ մենակյաց մարդու մասնագիտություն է` փիլիսոփայի պես: Նա միայնակ իր կտավի առաջ փորձում է ճանաչել եւ իր համար բացահայտել աշխարհը: Եվ հետո, ես շատ սիրել եմ ծափահարություններ` ակնթարթային գնահատական: Իսկ նկարչին կարող են գնահատել 100 տարի հետո. դերասանը անմիջապես է ստանում իր ծափահարությունները: Ես նաեւ կես-կատակ, կես-լուրջ ասում եմ, որ բեմը նաեւ կանանց նվաճելու հեշտ ձւ էր: Եթե նկարիչ ես, պիտի սիրուն աղջիկներին խաբես, ասես` արի պորտրետդ նկարեմ, արի գնանք արվեստանոցս, կամ գտնես արվեստասեր աղջիկների, ովքեր սիրում են արվեստը, իսկ արդյոք բոլորն են սիրում արվեստը: Իսկ բեմը ուրիշ է, գալիս են, նայում, հմայվում, իսկ քեզ մնում է միայն ընտրել: Սա էլ էր ինձ գրավում: Բայց, իհարկե, այս չարաճճի մտքերը հետագայում լրջացան…»: Վարդան Պետրոսյանին հանդիպել էի դեռեւս մեկ տարի առաջ: Լրագրության մեջ անփորձությանս պատճառով ես միանգամից նրան մի կոպիտ հարց տվեցի, որը դերասանին շատ խոցեց: Այն վերաբերում էր Վարդանի` Հայաստանից հեռանալուն, Փարիզում ապրելուն եւ այստեղ ներկայացումներ բեմադրելով փող աշխատելուն: Ավելի ուշ, երբ Վարդանի հետ մտերմացել էի, պատմեց, որ չափից ավելի վրդովվել էր իմ այդ հարցից, սակայն իրեն մի կերպ զսպելով` պատմել էր իր պատմությունը, թե ինչու էր հեռացել: Նրա պատմությունը ինձ եւս խոցեց, խոցեց նրա անկեղծությունը, մարդկային պարզությունը: «1992 թվականն էր: Դա իմ ամենածանր ժամանակահատվածն էր: Շատ դժվար էր: Ես մարդկային եւ ստեղծագործական իմաստով ինձ չէի գտնում, անզոր էի, անկարող: Անզորությունից մարդը չարանում է: Ինչպես հիմա մեր ամբողջ հասարակությունը անզորությունից է այսքան չարացել: Եվ այդ չարության մեխանիզմը դարձել է ավտոնոմ մի մեխանիզմ, որը մեզ տանում է առաջ` իրար նկատմամբ նախանձով, չարությամբ: Մի հասարակություն, որտեղ լուսավոր երեւույթը փոխանակ պաշտամունք եւ հիացմունք առաջացնի, նախանձ է առաջացնում, չարություն: Փլուզվել էին հին կառույցները, ու դեռ չէին ստեղծվել նորերը: Անտառի օրենքներ էին գործում, սարսափելի բաներ էին տեղի ունենում: Իսկ ես այդ ամենի առաջ` անզոր: Ես չէի կարողանում դիմանալ: Ճգնաժամային էին նաեւ իմ փոխհարաբերությունները կնոջս հետ, ընտանիքիս հետ կապված հարցերում:

21_07-vardan&pierre

Դեպրեսիվ վիճակում էի, եւ ես խոստովանում եմ, որ դա փախուստ էր, փախուստ ինքս ինձնից: Սակայն մեծ բախտ ունեցա, եւ ինձ Ֆրանսիայում շատ լավ ընդունեցին: Oր ու գիշեր աշխատում էի, ինքս ինձ սպանելով` աշխատում էի: Ինքս ինձ արդարացնելու համար ես իմ առջեւ դրեցի հանդուգն նպատակ: Եթե ես եկել եմ Փարիզ, ես խախտել եմ իմ իսկ բարոյական օրենքները, ուրեմն ինչ-որ ձեւով պիտի արդարացնեմ իմ գոյությունը Ֆրանսիայում: Ես պիտի սովորեմ լեզուն, մտնեմ ֆրանսիական թատրոն, պետք է ֆրանսիական բեմ դուրս գամ,: Եւ ես դա արեցի: Մինչեւ 2006 թվականը խաղացի շատ տարբեր ֆրանսիական բեմերում: Ես շատ մեծ աշխարհ դուրս եկա եւ հեռվից իմ փոքրիկ երկիրն ինձ ավելի սիրելի երեւաց: Եւ շատ հարցերի ու խնդիրների լուծումը տեսա, հասկացա, թե որն է իմ խաչը, իմ ճակատագիրը:

21_07-Vardan&son

Ամեն տարվա հինգ-վեց ամիսը Հայաստանում էի եւ անցկացնում էի փոքրիկ որդուս հետ: Ինձ համար ամենացավալի պահը այն գիշերն էր, երբ նորից պիտի մեկնեի Ֆրանսիա, ես նրան ավանդական հեքիաթն էի պատմում եւ վերջում խնդրում. «Հա՛յկ ջան, հիմա գնում եմ, բայց դու մի՛ վեր կաց ու պատուհանից մի' նայիր», բայց ամեն անգամ դրսից տեսնում էի պատուհանից դուրս նայող նրա փոքրիկ գլուխը… Յուրաքանչյուր մարդ կրում է իրեն հասանելիք տառապանքը: Միայն ինձ է հայտնի, թե ինչ տառապանքներ եմ այնտեղ կրել: Ի դեպ, ես այստեղ մի փոքրիկ տնակ եմ գնել եւ շատ շուտով կտեղափոխվեմ Հայաստան»:

21_07-vardan&father

Վարդանն իր ներկայացումներում հաճախ է հիշատակում իր ծնողներին: Մայրիկին կորցրել է 30 տարեկանում, հայրիկին`23: «Շատ կարոտում եմ, շատ բաներ պապայիս չասացի, շատ բաներ չհարցրի, շատ բաներ կան, որ ես հիմա կուզեի ասել… էնքա~ն հարցեր ունեի, որ կուզեի տալ, որ պապաս պատասխաներ:

21_07-vardan&mother

Խիղճս միշտ տանջում է, որ մամայիս չսիրեցի այնքան, որքան պետք էր, կիսատ մնաց այդ ամեն ինչը: Կողքը չեղա… Շուտ գնաց նա: Շատ առողջ կին էր: Շատ սիրուն կին էր, չդիմացավ այս կյանքին, սիրտը պայթեց ու գնաց: Ինքը հոգեպես էլ չէր տանում այս անարդար կյանքը, շատ ցավալի է: Եթե ուզում ես իմանալ` ինչ է երեխան, պետք է ունենաս երեխա: Իսկ եթե ուզում ես իմանալ` ինչ է ծնողը, պետք է կորցնես, որ իմանաս: Որովհետեւ երբ աչքներս բացում ենք, ծնողները մեր կողքին են: Իսկ երբ չունես ծնող կամ կորցնում ես, նոր հասկանում ես, թե ինչ է դա: Շատ ափսոս, հիմա ինձնով շատ կուրախանային: Բայց մեկ-մեկ այնպիսի տպավորություն ունեմ, հատկապես ներկայացման հաջող պահերին, ասես երկու զույգ աչքեր հեռվից նայում են, ժպտում, ուրախանում: Դա էլ է մխիթարություն: Եւ հետո, ես իրենց ներկայությունը միշտ զգում եմ: Դա լավ է: Երբ հավատում ես, գիտես, որ նրանք մի տեղ ապրում են: Սա անվերադարձ կորուստ չէ, ժամանակավոր բաժանում է, եւ դու նրանց մի օր անպայման կհանդիպես»:

«Ցմահ բանտարկյալներ» ներկայացումը վերջին անգամ հանդիսատեսին կներկայացվի հուլիսի 27-ին և 28-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter