Մահացավ Լեժեկ Կոլակովսկին
Հուլիսի 17-ին Օքսֆորդում 81 տարեկան հասակում մահացավ լեհ փիլիսոփա եւ գրող Լեժեկ Կոլակովսկին, որն իր կյանքի վերջին 40 տարիներն ապրեց ԱՄՆ-ում եւ Անգլիայում: Նա ուներ մեծ միջազգային հեղինակություն, արժանացել էր բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Կոլակովսկին առավել հայտնի է որպես 1970-ականների վերջին գրված «Մարքսիզմի հիմնական հոսանքները» եռահատոր աշխատության հեղինակ, որտեղ ներկայացնում է մարքսիզմի ակունքները, առաջացումը եւ անկումը:
Կոմունիզմի ամենահայտնի ընդդիմախոսներից մեկն այս գրքում փորձում է ցույց տալ, որ ստալինյան ամբողջատիրության դաժանությունները մարքսիստական մտածողության տրամաբանական ավարտն էին:
Հայ հանրությանը Կոլակովսկին հայտնի է նաեւ հայկական հարցի նկատմամբ ցուցաբերած ուշադրությամբ եւ որպես նախաձեռնողը (բազմաթիվ հռչակավոր մտավորականների հետ միասին) «Խորհրդային Միությունում հայերի դեմ ուղղված ջարդերի մասին բաց նամակի» (1990 թվականի սեպտեմբեր): Այն արձագանքն էր 1988-1990 թվականներին Ադրբեջանում իրականացվող հակահայկական բռնությունների: Բաց նամակը ստորագրող ավելի քան 120 մտավորականների` գիտնականների, գրողների, քաղաքական առաջնորդների եւ արվեստագետների թվում էին Ժակ Դերիդան, Հանս-Գեորգ Գադամերը, Յուրգեն Հաբերմասը, Էմանուել Լեվինասը, Պոլ Ռիկյորը եւ ուրիշներ:
Նամակը, որում խոսվում է այն մասին, թե ինչպես Խորհրդային Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ իրականացվող հանցագործությունները վերածվում են հետեւողական պրակտիկայի, մտածված է որպես միջազգային հանրությանն ուղղված տագնապի ազդանշան: Նամակը ընդգծում է նաեւ Հայաստանի տնտեսական եւ հաղորդակցական շրջափակումը վերացնելու, Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու անհրաժեշտությունը:
Լեհաստանում Կոլակովսկին գնահատվում է նաեւ հանուն ազատ եւ ժողովրդավարական Լեհաստանի կատարած նշանակալի ներդրումների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել