HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Քրեական գործ՝ ազատություն շնորհելու համա՞ր

21_07-martՈստիկանները՝ զոհե՞ր, թե՞ մեղավորներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանը և միջնորդ երկրների կողմից մադրիդյան սկզբունքների քողազերծմանն ընդառաջ հասարակական-քաղաքական շրջանակներում ծավալված ակտիվ քննարկումները երկրորդ-երրորդական պլան էին մղել ներքին խնդիրները: Եվ պատահական չէր, որ հանրության համար գրեթե աննկատ մնաց անցած շաբաթ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մեկնարկած մի կարևոր գործընթաց, որը ցանկացած այլ դեպքում կարող էր լուրջ ներքաղաքական ինտրիգներ առաջացնել: Եվ այսպես՝ անցած շաբաթ 2008 թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կ. Փիլոյանի կողմից նախաքննական մարմնին տրված գրավոր ցուցումի հիման վրա հարուցվեց քրեական գործ՝ ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնական լիազորություններն անցնելու համար: Դատախազը ցուցում էր տվել քրգործը հարուցել «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը): Ինչ վերաբերում է պաշտոնական լիազորություններն անցնելուն, որը նախատեսված է Քր.օր.-ի 309-րդ հոդվածով, ապա այն վերաբերում է մարտիմեկյան դեպքերին առնչվող՝ ԱԺ համապատասխան ժամանակավոր հանձնաժողովից ստացված տեսանյութերում արտացոլվող՝ վահաններով ու մահակներով զինված ոստիկանության աշխատակիցների կողմից անհայտ քաղաքացուն ծեծի ենթարկելու կադրերին: Դատախազի գնահատմամբ` այդ կադրերում առկա են ոստիկանների կողմից իրենց պաշտոնական լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ, ինչն էլ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսանում: Առաջին հայացքից թվում է, թե վերջապես դատախազությունը կոնկրետ, իրական քայլեր է կատարում մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ արձանագրված մահվան դեպքերի իրական հանգամանքների և իրական մեղավորների հայտնաբերման ու պատժման ուղղությամբ: Սակայն մի քանի իրողություններ թույլ չեն տալիս լիարժեքորեն հավատալ, որ մինչև հիմա առկախված հարցերը վերջապես կստանան իրենց պատասխանները: Նախ՝ ինչու՞  հենց հիմա է հարուցվում գործը: Ակնհայտ է, որ ընտրված ժամանակահատվածը պատահական չէ՝ տակտիկական առումով ինչ-որ տեղ նույնիսկ արդարացված: Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված ներհասարակական շիկացած մթնոլորտը, այս համատեքստում արմատական ընդդիմության որդեգրած պասիվ կեցվածքը գրեթե երաշխավորում էին գործընթացի աննկատությունն ու դրա նկատմամբ հասարակության անտարբերությունը: Բոլորի համար բավարար համարվեց ընդամենը ստացված տեղեկատվությունն այն մասին, որ դատախազությունը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել զենքի օգտագործման կանոնների խախտում թույլ տված ոստիկաններին: Հետաքրքրությունն,իհարկե, աստիճանաբար կաճի, սակայն ինչպես ասում են՝ գնացքն արդեն մեկնել է: Դեռևս ամիսներ առաջ էր հայտնի, որ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցն այդ իրադարձությունների ժամանակ ոստիկանության կողմից կիրառվել էր մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող եղանակներով: Ավելին` անուն առ անուն հայտնի էին այն ոստիկանները, որոնք պատասխանատվություն են կրել այդ միջոցն օգտագործելու համար: Դրա մասին տեղյակ էին ոչ միայն մարտի 1-2-ի հանգամանքներն ու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, վերջինիս ենթակայությամբ գործող փաստահավաք խումբը, այլև նախաքննական մարմինը և դատախազությունը: Հենց սկզբից ակնհայտ էր, որ գործ ունենք ոչ միայն սպանության դեպքերի հետ, այլև մի քանի մակարդակներով ընթացած ապօրինի գործողությունների, որոնք հանգեցրել էին նման անդառնալի հետևանքների: Այսինքն՝ խնդիրը ոչ միայն այդ մարդկանց սպանելու կամ առողջությանը վնաս հասցնելու  մեջ էր, այլև այդ միջոցները հատկապես արգելված եղանակներով կիրառելու հրաման տալու և կատարելու: Չնայած այս ակնհայտ իրողությանը՝ թե՛ նախաքննական մարմինը, թե՛ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը շեշտադրումը կատարում էին ընդամենը մեկ՝ կոնկրետ զենքերից կոնկրետ մարդկանց կրակողներին հայտնաբերելու, այսինքն` զոհերի և վիրավորների մարմիններից հանված փամփուշտների դետալների և համապատասխան զենքերի նույնականացման վրա, ինչի արդյունքում պարզ կլիներ, թե կոնկրետ որ ոստիկանը որ զոհի մահվան համար է պատասխանատու: Նույնականացման գործընթացը փորձաքննության ենթարկվեց թե՛ ՀՀ ոստիկանության ՓՔ վարչությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ «Հատուկ տեխնիկա և կապ» ԳՀՄ պետական ձեռնարկությունում: Սակայն երկու փորձագիտական կենտրոններից էլ ստացվեցին նույն, միանգամայն կանխատեսելի պատասխանները` «Չերյոմուխա 7»-ի դեպքում նույնականացում կատարել հնարավոր չէ: Շեշտադրումը միայն նույնականացման վրա դնելով՝ նախաքննական մարմինը, ինչպես նաև ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հանրության ուշադրությունը շեղեցին ոստիկանների կողմից կանոնների խախտմամբ զենք-զինամթերք կիրառելու և դրա համար հիմք հանդիսացող հրաման տալու իրողություններից: Արդյունքում ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու խնդիրը դուրս եկավ օրակարգից: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին վկայող տեսագրություններին, ապա այն հենց սկզբից եղել է գործն ուսումնասիրող բոլոր մարմինների տրամադրության տակ: Եվ սակայն, նաև այս մասով որևէ քայլ չի կատարվել: Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ այս քրեական գործերը չհարուցվեցին այն ժամանակ, երբ առկա էին բոլոր նպաստավոր պայմանները, երբ առավել, քան երբևէ հստակ ձևակերպված էր հասարակական պահանջը, որի բավարարումը էապես կարող էր լիցքաթափել հանրությանը: Այն  ժամանակ, երբ դեռևս դատավարության նախնական փուլում էր գտնվում «Յոթի գործը», դրան էր կցվել նաև զոհվածների մահվան հանգամանքներին վերաբերող քրեական գործը: Ո՛չ նախաքննության և ո՛չ էլ դատաքննության ընթացքում այդպես էլ չապացուցվեց, որ «Յոթը» որևէ կապ ունի այդ սպանությունների հետ: Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից և հատկապես ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելուց հետո մարտի 1-2-ին արձանագրված մահվան դեպքերի մեղավորների հայտնաբերման, ավելի ճիշտ նրանց պատասխանատվության ենթարկելու խնդիրը փաստացի մնացել էր օդից կախված: Այս իրողությունը հստակորեն արտացոլվել էր ԵԽԽՎ 1677 բանաձևում, որտեղ մասնավորապես նշվում էր, թե Վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությունը գլխավոր դատախազի կողմից առայժմ որևէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել, և էական է համարվում, որպեսզի այդ հետաքննությունն ավարտին հասցվի առանց հետագա ձգձգումների: Ըստ էության, այս կապակցությամբ քրեական գործ հարուցելու դատախազ Կ. Փիլոյանի գրավոր ցուցումը կոչված է կատարելու 1677 բանաձևով Հայաստանի վրա դրվող պարտավորության պահանջը: Սակայն ո՞րն է երաշխիքը, որ ԵԽԽՎ այս պահանջը կրկին չի կատարվելու նույնչափ մակերեսայնորեն, որքան անցած ամիս ՀՀ նախագահի կոմղից հայտարարված համաներումը: Խնդիրն այն է, որ չնայած «Չերյոմուխա 7» հատուկ միջոցը կիրառողների նկատմամբ իսկապես գործ է հարուցվել, այսինքն` գոնե կանոնների խախտման մասով պատասխանատվության ենթարկելու կամք է ցուցաբերվում, սակայն կրկին շրջանցվում է այդ գործողությունները կատարելու համար հիմք հանդիսացող հրաման տալու հանգամանքների և հրաման տվողներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից չի երևում, որ նաև այս մասով գործը քննելու խնդիր է դրվում, թեև նորմալ, օբյեկտիվ քննության ընթացքում ուղղակի անհնար է լինելու շրջանցել այս հանգամանքը, մանավանդ, որ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ուղարկված իրենց երկրորդ զեկույցում Փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամները հստակ նշել էին հրաման տվողների անունները, վկայակոչել հարցաքննության ընթացքում զենքը կիրառած ոստիկանների՝ այս կապակցությամբ տված հստակ պարզաբանումները: Դրանք ուղղակի չեն կարող շրջանցվել նախաքննական մարմնի կողմից, եթե գործը լիարժեքորեն բացահայտելու խնդիր դրված լինի: Իհարկե, քրեական գործը նոր է հարուցվել և նախապես հնարավոր չէ ասել՝ այս փաստերը շրջանցվելու՞ են, թե՞ ոչ: Սակայն մեկ իրողություն, այնուամենայնիվ, թույլ է տալիս եզրակացնել, որ նման զարգացումը բացառել հնարավոր չէ: Քրեական գործը հարուցվել է Քր.օր.-ի այն հատկանիշներով, որոնց վրա տարածվում է ՀՀ նախագահի կողմից մայիսին կիրառված համաներումը: Արդյո՞ք համաներման մասին իրավական ակտում այս հոդվածները չէին ներառվել հենց այն նկատառումով, որ գործ հարուցելու դեպքում անգամ հիշյալ ոստիկաններին ազատազրկման դատապարտելու խնդիր չառաջանա: Ո՛չ մշակման, ո՛չ ԱԺ-ում համաներման մասին ակտի քննարկման և ոչ էլ կիրառման նախնական փուլում հնարավոր չէր ենթադրել, որ «Չերյոմուխա 7» միջոցը գործադրած ոստիկաններին մեղադրանք կառաջադրվի կիրառման կանոնների խախտման համար: Հետևաբար, վերոնշյալ հարցի պատասխանը կարող էին իմանալ միայն ՀՀ գլխավոր դատախազությունում: Ամեն դեպքում, համաներմամբ պատասխանատվությունից խուսափելու հեռանկարը խիստ կանխակալ իրավիճակ է ստեղծում, որպեսզի այդ 4 ոստիկաններն այդպես էլ չբացահայտեն, թե ում հրամանով և ինչու են խախտել հրազենի կիրառման կանոնները, և գործը փակվի հրաման տվողների մասով նվազագույն կորուստներով: Այսինքն` այս գործի հարուցմամբ կարող է ուղղակի փակվել զոհվածների մահվան հանգամանքների բացահայտման էջը: Հայաստանում կիրառված համաներման անլիարժեքությունը ԵԽԽՎ կողմից գրեթե ուշադրության չարժանացավ: Վեհաժողովին, ըստ էության, բավարարեց այն, որ ազատ արձակվեցին մարտի 1-ի գործի հետ կապված կալանավորվածների մեծ մասը: Հետևաբար, իշխանությունը բոլոր հիմքերն ունի եզրակացնելու, որ ընդամենը զենքի կիրառման կանոնները խախտելու համար 4 ոստիկաններին մեղավոր ճանաչելու, իրենց պաշտոնական լիազորություններից դուրս եկած ոստիկաններին (որոնց հեշտ է մեղադրել ինքնագործունեության մեջ) մեղավոր ճանաչելու, այնուհետև համաներմամբ ազատ արձակելու միջոցով կարող է փակել ԵԽ-ի բերանը և ականջները: Տակտիկական առումով շատ ավելի ճիշտ էր ընտրված քրեական գործ հարուցելու ժամանակահատվածը: Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված ներհասարակական շիկացած մթնոլորտը, այս համատեքստում արմատական ընդդիմության որդեգրած պասիվ կեցվածքը գրեթե երաշխավորում էին պրոցեսի նկատմամբ հասարակության անտարբերությունն ու աննկատությունը: Բոլորի համար բավարար համարվեց ընդամենը ստացված տեղեկատվությունն այն մասին, որ դատախազությունը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել զենքի օգտագործման կանոնների խախտում թույլ տված ոստիկաններին: Այս առումով հարուցված քրեական գործերը չեն փակելու «մարտի մեկի» էջը և հասարակությունում առկա թեական վերաբերմունքը, որը չի թոթափվել անգամ համաներում հայտարարելուց հետո, կշարունակի տիրապետող մնալ նաև առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter