Առողջությունը կտրուկ վատացել է
Վերջին մի քանի օրերին կտրուկ վատթարացել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտրակյալ Արման Բաբաջանյանի առողջական վիճակը: Նա հուլիսի 5-ից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հետազոտությունների արդյունքում Բաբաջանյանի գլխուղեղում հայտնաբերվել է է յոթուկես միլիմետր մեծության ուռուցք:

Դեռևս մեկ տարի առաջ Բաբաջանյանի գլխուղեղում գոյացություն էր հայտնաբերվել, որն այն ժամանակ երկու միլիմետր մեծություն է ունեցել և պասիվ վիճակում է եղել: Ներկայումս այդ գոյացությունը ոչ միայն մեծացել է, այլ նաև ակտիվորեն աճում է և հորմոններ արտադրում, ինչի արդյունքում Բաբաջանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նրա արյան ճնշումը պարբերաբար բարձրանում է, նա մշտապես ջերմում է, և այսպես շարունակ:
Մեկուկես ամսից` սեպտեմբերի 16-ին, լրանում է «Ժամանակի» գլխավոր խմբագրի ազատազրկման ժամկետը: Սակայն, բժիշկների կարծիքով` Բաբաջանյանը հնարավորինս շուտ պետք է լուրջ մասնագիտական բուժում ստանա, որպեսզի հնարավոր լինի կանխել գոյացության զարգացումը: Այսինքն` այդ մեկուկես ամիսը կարող է ճակատագրական դառնալ: Բայց ամեն անգամ ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները, կարելի է ասել, իրենց հատուկ վարքագիծ են դրսևորում: Բանն այն է, որ անցած երեք տարում Բաբաջանյանի վաղաժամկետ պայմաննական ազատումը բազմիցս մերժելուց հետո, ներկա վիճակում` մտադիր չեն ժամկետից շուտ Բաբաջանյանին ազատ արձակել:
Ավելի ճիշտ, թերթի տեղեկություններով, իշխանությունները քաղբանտրակյալին հասկացրել են, որ նա կարող է վաղաժամ ազատվել միայն, եթե համաձայնի Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր գրել, ինչից «Ժամանակի» գլխավոր խմբագիրը հրաժարվել է:
Պաշտոնի գինը
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու գլխավորությամբ հուլիսի 15-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղւոմ տեղի ունեցած ռազբորկայի գործով նոր մարդ է ձերբակալվել: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ ոստիկանությունը:
Ձերբակալվածը 1976-ին ծնված Արտակ Գ.-ն է, և նա է կրակել սառնաղբյուրցիների վրա: Թերթի տեղեկություններով` Արտակ Գ.-ն Վարդան Ղուկասյանի տեղակալ Գրքիկյանի որդին է:
Վարդանիկի եղբայրն էլ
Ինչպես փոխանցում են ոստիկանության թերթի աղբյուրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու վերջին արկածների գործով 4 ձերբակալված կա: Ըստ թերթի աղբյուրների` ձերբակալվածների թվում է նաև Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գևորգ Ղուկասյանը` սառնաղբյուրցիներից մեկին դանակահարելու կասկածանքով:
Հիշեցնենք, սակայն, որ դանակահարության սույն դրվագը Ղուկասյան ընտանիքին հաջողվել էր պաշտոնապես փակել տալ, ենթադրվում է, սպառնալիքների միջոցով: Ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանի եղբայրը ևս, ինչպես որդին, երկար չի մնա անազատության մեջ: Դրա համար նրանք ունեն անհրաժեշտ ամեն բան:
Ի դեպ, Գևորգ Ղուկասյանը զբաղվում է Ղուկասյաններին պատկանող որոշ բիզնեսների կառավարմամբ: Նա աշխատացնում է Գյումրիի կենտրոնում գտնվող «Օազիս» ռեստորանային համալիրը: Սույն համալիրը ծաղկում է` շնորհիվ Վարդան Ղուկասյանի, քանի որ վերջինս` որպես քաղաքապետ, իր բոլոր հյուրերի ընդունելությունը կազմակերպում է հենց այս համալիրում: Այսինքն` նա քաղաքապետարանի բյուջեից գումարներ է դուրս գրում հյուրերի հյուրասիրության համար, որը վճարում է իր եղբոր կառավարած ռեստորանին: Եվ ընդհանրապես, եթե Ղուկասյանը Սերժի նման հովանավոր ունի, ինչի՞ մասին է խոսքը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանությունը հուլիսի 18-ին հաղորդագրություն էր տարածել, թե Սառնաղբյուրի կրակոցների գործով ոստիկանությանն է հանձնվել ոմն Գևորգ, ով խոստովանել է, թե ինքն է կրակողը եղել: Տեղեկացրել էինք նև, որ թերթի տեղեկություններով, այդ Գևորգը «գժի թուղթ» ունի: Պարզվում է, սակայն, որ ինչ-որ պատճառով իրավիճակը փոխվել է: Բանն այն է, որ երեկ էլ ոստիկանությունը տարածեց հետևյալ հաղորդագրությունը. «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը իրականում կատարել է 1976թ. ծնված Արտակ Գ.-ն: Հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը` դատարկ պահունակով, հայտնաբերվել և առգրավվել է: Արտակ Գ.-ն ձերբակալված է»:
«Արթիկ» քրեակատարողականի պետի պաշտոնն այլևս թափուր չէ
Նախկին պետի ազատվելուց հետո մոտ մոտ երկու շաբաթ թափուր էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը: Վերջապես գտնվել է այն երկար փնտրված անձը, որին արդարատատության նախարարը հարմար է գտել հրամանագրել այդ պատասխանատու պաշտոնում: Նա նույն հիմնարկի պետի տեղակալ Վարդան Սարգսյանն է:
Կրկին կադրային փոփոխություններ
Երևանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունների նոր ալիք է սկսվել. երեկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Շարմ հոլդինգի» դուստր ընկերության` «Պրոքսիի» տնօրեն Աշոտ Առաքելյանը: Վերջինը «Հրապարակի» հետ զրույցում ներկայացավ որպես հեռուստատեսության աշխատակից, բայց թերթին հաջողվեց ճշտել, որ նրա կապը հեռուստատեսության հետ եղել է հեռուստաընկերությունների համար կլիպներ նկարահանելը:
Ի դեպ, Գագիկ Բեգլարյանի նախընտրական քարոզչությունը կազմակերպել էր «Շարմ» ընկերությունը: Ինչ վերաբերում է վարչության նախկին պետ Անժելա Մարտիրոսյանին, որը քաղաքապետի նշված վարչության պետն էր արդեն վեց տարի, ազատվել է սեփական դիմումի համաձայն` «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա հրավեր է ստացել ԱԺ նախագահից` ղեկավարելու խորհրդարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տնտեսական անկումը առաջին կիսամյակում կազմեց 16.3 տոկոս
Համաձայն ագային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 16.3 տոկոս տնտեսական անկում:
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83.7 տկոսը կամ մոտ 1 տրիլիոն 119 մլրդ դրամ:
Առաջինը, որ աչքի է ընկնւմ այս ցուցանիշների մեջ, տնտեսական անկման տեմպի դանդաղումն է: Եթե հունվարին տնտեսական անկումը կամզել էր 0.7 տկոս, հունվար-փետրվարին` 3.7 տոկոս, հունվար-մարտին` 6.1 տոկոս, հունվար-ապրիլին` 9.7 տոկոս, հունվար-մայիսին` 15.7 տկոս, ապա վերջինիս համեմատ հունվար-հունիսին անկումն արդեն ավելացել է ընդամենը 0.6 տոկոսով:
Եթե սրան ավելացնենք, որ հունիսին մայիսի նկատմամբ գրանցվել է էական` 39.7 տոկոս աճ, ապա կարելի է պնդել, որ մեր տնտեսությունը սկսում է դուրս գալ ճգնաժամից:
Ըստ տնտեսության ճյուղերի, 2009-ի հունվար-հուլիսին պատկերը հետեւյալն է: Արդյունաբերության անկումը կազմել է 11.5 տոկոս, իսկ միայն հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 2 տոկոս աճ:
Առանց էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերության անկումը կազմել է 12.2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հունիսին նվազել է 11.6 տոկոսով, իսկ հունիսին մայիսի նկատմամբ նույնպես աճ է գրանցվել` 6.4 տոկոսով:
Իրենք ասում են, իրենք` լսում
…Ինչ է նշանակում` «մենք կառուցողական ընդդիմություն ենք և այդ պատճառով պահանջում ենք ոչ թե նախագահի, այլ արտգործնախարարի հրաժարականը»: Եթե գաղտնազերծենք այս` փոքր-ինչ անհասկանալի բանաձևի «կոդը», ապա այն կարելի է շարադրել հետևյալ կերպ. «Մենք, սիրելի իշխանություններ, ուղնուծուծով ձերն ենք և ցանկանում ենք պահպանել չինովնիկական կոռումպացված համակարգի միջին օղակում մեր տեղերը, մեր խոշոր ու միջին բիզնեսները, ինչպես նաև` փողերի անօրինական հոսքերը արտասահմանից, բայց թույլ տվեք մեզ որոշ «ազգային հարցերում» ընդդիմություն խաղալ, որ մարդիկ մեզանից վերջնականապես չհիասթափվեն»:
Կամ` երբ ասվում է` «Մադրիդյան սկզբունքերը ենթադրում են, որ Ղարաբաղը չի հայտնվի Ադրբեջանի ենթակայության տակ», ապա իրականությանը ակնհայտորեն հակասող այս պնդումը նշանակում է. «Սիրելի Արևմուտք և Ռուսաստան, մենք, իհարկե, ոչ մի ցանկություն չունենք ձեր պնդած սկզբունքների տակ ստորագրելու, բայց եթե շատ խեղդեք, ինչ արած` ստիպված ենք լինելու: Սակայն եթե ինչ-որ մի տարբերակ կա այս հարցը ևս մի քանի տարով հետաձգելու, մենք շատ գոհ և շնորհակալ կլինենք»:
Իսկ երբ ասում են` «թեև այս անգամ Սերժ Սարգսյանը չի ստորագրել դավաճանական փաստաթուղը, բայց հոկտեմբերին հաստատ կստորագրի», դա պետք է հասկանալ այսպես. «Ախ, ինչ կայֆ կլինի, եթե Սերժը որևէ փաստաթուղթ ստորագրի: Ինչի տակ էլ ստորագրի, հեշտությամբ կարելի է ասել, որ դա ազգային դավաճանություն է: Իսկ դրանից հետո, շատ հավանական է` իշխանափոխության ալիք կբացվի: Մի անգամ նրանք մեր գլխին այդ խաղը խաղացին», հիմա էլ մենք կխաղանք` «քվիդ» կլինենք»:
«Լևոնականին» ազատ արձակեցին
Ինչպես հայտնի է, կիրակի օրը «Զվարթնոց» օդանավակայանում հայրենիք վերադառնալիս կալանավորել էին Լևոն Տեր-Պետրոսյանի` Գյումրիի նախընտրական շտաբի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին:
Երեկ Մուրադ Գրիգորյանը «Առավոտին» հայտնեց, որ փոխել են իր խափանման միջոցը` ազատ են արձակել` ստորագրություն վերցնելով հանրապետությունից չբացակայելու մասին:
Շուտով Մուրադ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ այս նույն գործով ինը վկաներ դատարանի դահլիճում առաջին անգամ լսեցին Մուրադ Գրիգորյանի անունը` պնդելով, որ նա ոչ մի ընտրական գործընթաց չի խանգարել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել