HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Աբրահամ. «Թուրքին պարտվելն իմ հոգուն ծանր կնստեր»

22_07-a_abrahamIBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի վերջին մենամարտը ազգությամբ թուրք Մահիր Օրալի հետ էր, ում հանդեպ նա հաղթանակ տարավ: Արթուր Աբրահամը Հայաստանում է եւ այսօր հանդիպեց լրագրողների հետ: Անդրադառնալով այդ մարտին` նշեց, որ այս մենամարտն իր համար առավել կարևոր էր, քանի որ ազգությամբ թուրք մարզիկի հետ էր մենամարտում: «Երբ ես հնարավորություն եմ ունենում, միանգամից ոչնչացնում եմ հակառակորդիս, չեմ սպասում երկրորդ հնարավորությանը: Սակայն նա շատ պինդ տղա էր, չէր ուզում պարտվել, հինգ անգամ ընկավ, սակայն ոտքի կանգնեց: Անգամ երբ իր մարզիչը սրբիչը նետել էր գետնին (դա մենամարտը դադարեցնելու նշան է - Ն.Հ.), նա կրկին ուզում էր կռվել»,- ասաց բռնցքամարտիկը: Աբրահամի վերջին մարտը դիտելիս տպավորություն ստեղծվեց, որ Աբրահամն ինքը հակառակորդի մարզչին խորհուրդ տվեց, որ նա մարտը դադարեցնի: Բռնցքամարտիկը հաստատեց դա: «Ես հակառակորդիս մարզչի հետ շատ մտերիմ եմ, նրանց ցույց տվեցի, որ շարունակելու կարիք չկա, քանի որ միավորներով նա չէր կարող հասնել ինձ, և կարիք չկար, որ առողջությունն իզուր փչացնի: Դա զուտ հարգանքի նշան էր»,-ասաց նա` հավելելով, որ իր բոլոր հաղթանակները նվիրված են  իրեն, իր ընտանիքին ու իր ազգին: «Այս հաղթանակն էլ ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ, քանի որ հակառակորդը թուրք էր, ու թուրքին պարտվելն իմ հոգուն ծանր կնստեր, ինձ համար դա առավել ցավալի պարտություն կլիներ: Այդ պատճառով ես ավելի լավ էի պատրաստվել»,- ասաց նա: Աբրահամը փոխել է իր քաշային կարգը. մինչ այս նա մարտնչում էր 72,5 կիլոգրամ քաշային կարգում, իսկ հիմա` 76,2 քաշային կարգում: Չորս կիլոգրամով բարձրացրել է կարգը: «Տեղի է ունենալու մեծ մրցաշար աշխարհի բոլոր չեմպիոնների մեջ` սուպեր չեմպիոնների: Այն երկու տարի է տևելու, մինչև պարզվի, թե ով է սուպեր չեմպիոնը: Դրանք այնպիսի մենամարտեր են, որոնց նմանը պատմության մեջ դեռ չի եղել, վեց հանրահայտ բռնցքամարտիկ աշխարհի չեմպիոն: Առաջին անգամ է նման բան տեղի ունենում բռնցքամարտի աշխարհում, ու հաղթողն ուղղակի լեգենդ կլինի: Դա շատ լուրջ մրցաշար կլինի: Առաջին մենամարտը կլինի Թեյլորի հետ` նոյեմբերի 7-ին, Գերմանիայում»,- ասաց նա: Այդ մրցաշարի մասին հայտնի բռնցքամարտիկ Քելլի Պավլիկն ասել էր, որ գրոշների հետևից են գնում: Ի պատասխան` Աբրահամը նշեց. «Պավլիկը թող նախ իր թմրամոլության հարցերը լուծի, հասկանա, թե ինչ է ասում: Այնտեղ գրոշներ չկան, ոչ մի աշխարհի չեմպիոն գրոշների համար չի մենամարտի: Նա ընդամենը նախանձում է, դրա համար էլ նման անխելք բաներ է ասում»: Քաշային կարգի փոփոխությունից հետո բռնցքամարտիկն իրեն ավելի լավ է զգում, քանի որ սովորաբար մարտերից առաջ մոտ 10 կիլոգրամ քաշ էր գցում, իսկ հիմա ավելի քիչ քաշ կգցի: Սակայն դժվարությունն էլ այն է, որ հակառակորդներն ավելի ծանր կլինեն: Սակայն Աբրահամը հավաստիացնում է, որ ռինգում հաղթում է ոչ թե նա, ով ավելի ուժեղ է, այլ նա, ով ավելի խելացի է: Աբրահամը ստիպված էր գոտին հանձնել, երբ քաշային կարգը փոխեց: Բռնցքամարտիկի խոսքով` դա իր ցանկությունն է եղել: «Հանձնելը ցավալի էր, սակայն ես անպարտելի հանձնեցի այն: 30 մենամարտ անցկացրի ու բոլորում հաղթեցի: Դրանից հետո այդ քաշային կարգում այլևս մեծ մենամարտեր չէին կարող լինել, գրեթե բոլորի հետ արդեն մենամարտել էի, ու հետաքրքիր չէր ինձ դա»,- ասաց նա: Հայազգի մյուս հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը վերջերս պարտություն կրեց: Ա. Աբրահամն ասում է` ինքը Նյու Յորքում էր, երբ իմացավ Վիկի պարտության մասին: «Մեկ շաբաթ առաջ խոսել էինք հեռախոսով, ես վստահ էի, որ նա կհաղթի: Ուղղակի բռնցքամարտ է, չես կարող իմանալ` ինչպես կլինի: Ինձ համար նրա պարտությունը զարմանալի էր ու ցավալի, չէի սպասում, ուղղակի երևի դա իր օրը չէր: Հուսով եմ, որ Վիկը այդ տղային դեռ կոչնչացնի: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է, որոշ ժամանակ անց ցույց կտա իր ուժը»,- ասաց նա: Բռնցքամարտիկը գտնում է, որ ամեն մարդ պարտությունը մի ձևով է ընդունում: Կոնկրետ ինքը, եթե նարդի էլ խաղում է, չի սիրում պարտվել: «Թեև  ինձ անպարտելի չեմ համարում, քանի որ անպարտելի մարդիկ գոյություն չունեն: Բոլորն էլ կարող են պարտվել, պարզապես դա ցանկալի չէ»,- ասաց նա: Խոսելով կանանց բռնցքամարտի մասին` Աբրահամն ասաց, որ այն ավելի դանդաղ է, ավելի թույլ, այլ տեխնիկա ունի: «Եթե կինը ցանկանում է այդ  սպորտով զբաղվել, թող զբաղվի: Սակայն կոնկրետ ես չէի ցանկանա, որ իմ կինը կապտած աչքով տուն գար»,- ասաց նա: Երևանում` Ներքին Չարբախում, Արթուր Աբրահամը շուտով իր մարզադպրոցը կհիմնի, որտեղ երեխաները սիրողական բռնցքամարտով կզբաղվեն: Բռնցքամարտիկը ներկայումս նաև զբաղվում է անշարժ գույքի և ինքնաթիռների բիզնեսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter