Հիմա էլ բերքի առատությունից են դժգոհում
Տարվա սկզբին Արագածոտնի մարզում տեղացած հորդառատ անձրեւներն ու կարկուտը գյուղացիների մոտ մտավախություն էր առաջացնում, որ այս տարի մարզում պտուղ-բանջարեղեն չեն ունենա: Սակայն, հատկապես ծիրանի բերքից գյուղացիները հաստատ դժգոհ չեն մնացել:
Արագածոտնի մարզում այս տարի ծիրանի բերքն առատ է: Շուրջ 1200 հեկտար ծիրանի այգիներից ավելի քան 6000 տոննա միրգ է ստացվել: Այդ փաստը որքան ուրախացնում է սեփականատերերին, նույնքան էլ մտահոգության առիթ է տալիս, քանի որ առատ բերքն իրացնելու խնդիր կա, եւ գյուղացիները ստացված բերքի ձեռքը կրակն են ընկել:
«Հետքի» հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանն ասաց, որ ծիրանի մթերման հնարավորությունը տեղում փոքր է, իսկ այլ մարզեր կամ հանրապետությունից դուրս արտահանելը նպատակահարմար չէ` այդ գործընթացի հետ կապված մեծ ծախսերի պատճառով: Քանի որ գյուղացիներն այլընտրանք չունեն, արտադրված բերքը հիմնականում իրացվում է տեղական շուկայում` նվազագույն գներով:
Այս պարագայում այգի ունեցողները հիմնականում օգտագործում են միրգը սեփական միջոցներով վերամշակելու, չորացնելու, սառնարաններում պահելու կամ այլ եղանակները: Այս տարբերակով նրանք հնարավորություն են ունենում տարվա մյուս եղանակներին այն վաճառել եւ իրենց արտադրանքից ավելի մեծ եկամուտ ստանալ:
Մարզում հացահատիկը նույնպես հասունացել է, եւ նախալեռնային բնակավայրերում` Ուջանում, Սասունիկում, Նոր Եդեսիայում եւ հարակից համայնքներում, սկսվել է հունձը: Իսկ լեռնային բարձրադիր գոտիներում` Ապարանում, Արագածում, ուր հացահատիկային ցանքատարածություններն ավելի մեծ չափերի են հասնում, այն կսկսվի օգոստոսի կեսից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի կեսը:
Յուրա Ազատյանի ասելով` բերքատվությունն այս տարի բավարար է` մեկ հեկտարից հավաքվում է միջինը 25-30 ցենտներ: Մարզում, ընդհանուր առմամբ, այս տարի ցանվել է 23 հազար հեկտար հացահատիկ, որից ակնկալվում է ստանալ 50-55 հազար տոննա բերք: Ստացված բերքից գուղացիները նաեւ գալիք տարվա սերմացու են վերցնում: Ինչ վերաբերում է բերքահավաքի կազմակերպմանը, ապա այդ հարցում տնտեսություններին հիմնականում բավարարում են մարզում առկա 189 հացահատիկահավաք մեքենաները: Դրանք, ի դեպ, օգտագործում են նաեւ հարեւան մարզերում` Արմավիրում, Արարատում եւ այլ մարզերում, ուր հացահատիկի բերքահավաքն ավելի վաղ է կատարվում: Այնտեղ իրենց գործն ավարտելուց հետո մեքենաներն արդեն «վերադառնում են տուն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել