«Ժառանգությունը» պահանջում է վերջ տալ քաղաքական վենդետային
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Հուլիսի 1-ին ընդհատակից իրավապահ մարմիններին կամավոր ներկայացած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին կալանքի վերցնելով` իշխանությունները վերստին փաստեցին, որ երկրի ու հասարակության կառավարման գործում առաջնորդվում են իրենց բնորոշ նեղմտությամբ ու անձնական վրեժխնդրությամբ` անգամ մոռանալով անլիարժեք համաներման «մարդասիրական» բնույթի վերաբերյալ իրենց բարձրագոչ հայտարարությունները:
Նիկոլ Փաշինյանի գործը նրա ազատության պայմաններում քննելու ու այդ ընթացքում նաեւ որպես երաշխավոր հանդես գալու վերաբերյալ Հայաստանի լրագրողական դաշտի ու մտավորականների միասնական հայտարարությունը շրջահայաց ու լայնախոհ իշխանությունը կդիտարկեր որպես քայլ` քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության մոտ կորսված վստահությունը վերականգնելու ուղղությամբ:
Չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ընդառաջելով եւ նրանց գործընկերոջը ազատ արձակելով` իշխանությունը նաեւ հնարավորություն ուներ ապացուցելու, որ քաղաքական որոշումները կայացնում է ոչ թե միջազգային ճնշումների տակ, այլ իրապես մարդասիրական մղումներով: Ցավոք, իշխանությունն այս անգամ էլ չանսաց լրագրողական հանրության արդար եւ հիմնավոր կոչին` մեկ անգամ եւս փաստելով, որ ինքը կարող է «մարդասեր» լինել միայն վախի մթնոլորտում ապրող հպատակի հանդեպ, անհանդուրժող` քաղաքական ազատության ու քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ, եւ որ Հայաստանում արդարադատության համակարգը վեր է ածվել բացառապես քաղաքացիներին պատժող մեքենայի:
«Ժառանգությունը» շարունակելու է Նիկոլ Փաշինյանին, ինչպեսեւ մյուս քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելը համարել իբրեւ երկրի ներսում իշխող խմբավորման կողմից իրականացվող քաղաքական վենդետայի շարունակություն եւ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները չկատարելու փաստ: Նմանապես Արման Բաբաջանյանի` օրեցօր ծանրացող առողջական վիճակի նկատմամբ իշխանությունների հանցավոր անտարբերությունը առանձնակի դաժան վերաբերմունքի արտահայտություն է:
«Ժառանգությունը» նաեւ իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ իշխանությունն իրեն հլու հնազանդ ծառայող «արդարադատական» ու իրավապահ համակարգի միջոցով կարող է կալանքի վերցնել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, եթե վերջինս որոշի դուրս գալ ընդհատակից, այն դեպքում, երբ պրն Սուքիասյանին ազատությունից զրկելու իրավական որեւէ հիմք չկա:
«Ժառանգությունը» իշխանություններից պահանջում է երկրում առկա բարոյական, սոցիալ-տնտեսական եւ համակարգային ճգնաժամը էլ ավելի չխորացնել սեփական «մկանների» անհարկի ցուցադրմամբ: Մեր խորին համոզմամբ` Արցախի (հետեւաբար նաեւ Հայաստանի) առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները օրախնդիր են դարձրել հասարակություն -քաղաքական ուժեր - պետություն եռամիասնության ապահովումը, ինչին գործող իշխանությունը նույնպես պարտավոր է նպաստել իր օրինական ու մարդասիրական քայլերով, մասնավորապես`
- ընդառաջ գնալ երկրի լրագրողական հանրության հայտնի կոչին,
- ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում` առողջական լուրջ խնդիրներ ունեցող Արման Բաբաջանյանին,
- ընդհատակից դուրս գալու դեպքում հանիրավի ազատությունից չզրկել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել