
Այս պահին «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվում է հաշվետվություն Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ, որը պատրաստվել է հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից:
Խմբի ղեկավար Արման Դանիելյանը զեկուցեց քրեակատարողական հիմնարկներում առկա հիմնական խնդիրները: Ըստ այդմ` օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում 18 հոգի են քնում, սակայն նրանք ունեն ընդամենը 12 մահճակալ:
Արման Դանիելյանը ներկայացրեց նաեւ վաղաժամկետ ազատ արձակվողների վիճակագրությունը: Պարզվում է, որ նախագահի հրամանով ստեղծված վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովն այնքան էլ արդյունավետ չի գործում:
«Մինչ այդ հանձնաժողովի ստեղծումը վաղաժամկետով ազատ էին արձակվում ազատազրկվածների մոտ 90 տոկոսը, իսկ այժմ հազիվ 10 տոկոսը,- ասաց Արման Դանիելյանը,- այդ հանձնաժողովի որոշումները վիճահարույց են, նրանք մերժում են առանց բացատրության, կալանավորը տեղյակ չէ խաղի կանոններին, նա չգիտի` ինչպես իրեն պետք է պահի, որ վաղաժամկետով ազատվի»:
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը նկատել է նաեւ վատ վերաբերմունքի դեպքեր. երբեմն որպես պատժի միջոց կալանավորներին ծեծի են ենթարկում: Ըստ Արման Դանիելյանի` նման դեպքերը սովորաբար դժվար են բացահայտվում:
Քրեակատարողական հիմնարկներում հասարակաան վերահսկողություն իրականացնող խմբի 2008 թվականի հաշվետվության մանրամասները կներկայացնենք քիչ անց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել