
«Սանիտարահիգիենիկ պարագաների ապահովումը քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիներին որոշ չափով բարելավվել է: Ազատազրկվածները ստանում են օճառ, ատամի մածուկ, զուգարանի թուղթ, ածելի:
Քանի որ նախատեսված պարագաների թե քանակը, թե որակը բավարար չեն, ազատազրկվածները նաեւ օգտվում են հարազատների բերած սանիտարահիգիենիկ պարագաներից:
Մասնավորապես` տրամադրվող օճառի որակը չափազանց ցածր է, իսկ չափաբաժնով նախատեսված զուգարանի թուղթը մեկ ամսվա համար չի բավականացնում»,- սա մի մեջբերում է «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվությունից, որն այսօր «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեց դիտորդների խումբը:
Խուցը խուզարկելիս ծեծում են
Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն արձանագրել է, որ հատկապես քրեակատարողական հիմնարկի վարչության արագ արձագանքման խումբն է վատ վերաբերմունք դրսեւորում դատապարտյալների նկատմամբ:
Մասնավորապես` արագ արձագանքման խումբը խուզարկություն կատարելու նպատակով մտնում է խցեր, կոպիտ վերաբերունք ցուցաբերում ազատազրկվածների նկատմամբ, իսկ վերջիններիս կողմից որեւէ արձագանք դիտվում է որպես դիմադրություն, որին, որպես կանոն, հաջորդում են բռնություններ` ծեծ, երբեմն` խոշտանգումներ, հաճախ խցի բոլոր ազատազրկվածների նկատմամբ:
Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը այսպիսի դեպքերում ազատազրկվածների սատացած վնասվածքները պատճաշ կարգով չի արձանագրում:
Կալանավորներին միրգ չե՞ն տալիս
Ըստ հաշվատվության` «Չնայած ՀՀ կառավարության որոշմամբ դատապարտյալներին տրամադրվող սննդի չափաբաժինների ցանկում ընդգրկված է նաեւ միրգ, սակայն դիտորդների խումբն իր այցելությունների ժամանակ երբեք չի արձագանքել դրա առկայությունը:
Կալանավորների սնունդը միատեսակ է, չի ապահովվում դրա բազմազանությունը»:
Որոշ հիմնարկներում խոհարարները հենց դատապարտյալներն են, որոնք չունեն համապատասխան կրթություն: Այս հիմնարկներում դատապարտյալները հնարավորության դեպքում չեն ուտում իրենց տրամադրվող ճաշերը:
«Դիտարկումները ցույց են տալիս, որ «Գորիս», «Երեւան Կենտրոն», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, որտեղ խոհարարները քաղաքացիական աշխատողներ են, սննդի որակը անհամեմատ բարձր է մյուս հիմնարկներից»:
Դատապարտյալները հերթափոխով են քնում
«Նուբարաշեն», «Էրեբունի» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները գերբնակեցված են:
Մասնավորապես` լրակազմը 840 է, սակայն այդտեղ փաստացի բնակվում են 947 կալանավորներ: «Վարդաշենում» լրակազմը 154 է, փաստացի` 192, «Էրեբունիում» լրակազմը 391 է, փաստացի` 591 բանտարկյալ:
Օրինակ` «Նուբարաշենում» 8 հոգու համար նախատեսված խցերում պահվում են 10-13 ազատազրկված: Ընդ որում նրանց մի մասը չունի անհատական քնելու տեղ, եւ ազատազրկվածները քնում են հերթափոխով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել