Հեղեղումներ Շիրակի և Լոռու մարզերում. վնասի չափերը ճշտվում են
Երեկ Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Զույգաղբյուր գյուղի հյուսիսային հատվածում հեղեղաջրերը դուրս են եկել սելավատարից եւ լցվում են բնակիչների տները:
Դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ջուրը լցվել է բնակիչների տները, օժանդակ կառույցները եւ անասնագոմերը, խցանվել է գյուղամիջյան կամուրջը, ողողվել են կարտոֆիլի ցանքատարածքները, սատկել են ընտանի թռչուններ:
Գյուղապետարանի եւ գյուղի բնակիչների ուժերով իրականացվել են սելավատարի հունի եւ խցանված կամրջի մաքրման, տներից եւ օժանդակ կառույցներից ջրահեռացման աշխատանքներ:
Երեկ նաև Լոռու մարզից է տեղեկություն ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Վանաձորի Խնձորուտ թաղամասի «Խաչի ձոր» կոչվող հատվածում հեղեղաջրերը դուրս են եկել սելավատարից եւ հոսում Երեւանյան եւ Չուխաջյան փողոցներով` լցվելով բնակելի տների նկուղները:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ սելավատարի հունի մաքրման ուղղությամբ: Ջրի հոսքը սելավատարով վերականգնվել է:
Ստացված մեկ այլ ահազանգի համաձայն` հորդառատ անձրեւի հետեւանքով վարարել է մարզի Տանձուտ գետի ջուրը, եւ Շահումյան գյուղի մի քանի տներին վտանգ է սպառնում:
«Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ափապաշտպան կառույցներն ուժեղացնելու նպատակով»,-տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել