Ն. Կարոյան. «Եթե կա ժամանակակից արվեստ` երկիրը զարգացած է, եթե չկա, ուրեմն` ոչ»
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան հուլիսիս 27-ից օգոստոսի 2-ը կազմակերպելու է հերթական Արվեստի կուրատորների ամառային երեւանյան դասընթացներ: Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի ղեկավար Նազարեթ Կարոյանը, Կահիրեյի Ամերիկյան համալսարանի դասախոս, ամառային դասընթացների կազմակերպիչ Անժելա Հարությունյանը եւ Հունգարիայից անկախ կուրատոր Սառա Ստենցերը այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Նազարեթ Կարոյանը նշեց, որ ամառային այս դասընթացները բաց են բոլոր ցանկացողների համար: «Բացի կլոր սեղաններից բոլոր միջոցառումների մուտքն ազատ է բոլորի համար: Սեմինարին մասնակցելու համար Թուրքիայից, Ռուսաստանից Կանադայից, Նոր Զելանդիայից եւ բազմաթիվ այլ տեղերից ժամանելու են համալսարանական հայտնի պրոֆեսորներ, տեսաբաններ, կուրատորներ: Այս դասընթացներին մասնկացելով` մարդիկ կարող են հստակ պատկերացում կազմել ժամանակակից արվեստի, կուրատորության եւ արվեստի տենդենցների մասին»:
Կուրատոր Սառա Ստենցերը առաջին անգամ Հայսատան էր ժամանել 3 տարի առաջ. «Այդ ժամանակ ես ոչինչ չգիտեի Հայաստանի, հայկական ժամանակակից եւ պատմական մշակույթի մասին: Բայց 2 շաբաթվա ընթացքում ես այցելեցի տասնյակ պատմական վայրեր եւ թանգարաններ: Հիանալի փորձ էր ինձ համար»:
Սառան ցանակնում է Փարիզում հայ արվեստագետների մասնկացությամբ մի ցուցահանդես բացել, որտեղ հնարավոր լինի համադրել Եվրոպայի եւ Հայաստանի ժամանակակից արվեստը:
«Չգիտեմ, ինչպես ինձ դա կհաջողվի անել, քանի որ Փարիզում Հայաստանի օրերը ավարտվել են դեռեւս երկու տարի առաջ, բայց ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ինձ հաջողվի դա անել: Ընդհանրապես իմ մեծ նպատակներից է Հայաստանի մշակույթը դուրս հանել արտերկիր եւ ցուցադրել: Որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանում կան հիանալի արվեստագետներ, ովքեր ուղղակի փակվել են իրենց սենյակներում, իսկ նրանց պետք է օգնել»,-ասում է Սառան:
Անժելա Հարությունյանն ասաց, որ իրենք հոկտեմբեր ամսից մեկ տարվա դասընթացների ծրագիր են նախատեսում իրականացնել. «Այդ դասընթացները, սակայն, արդեն կունենան մագիստրատորական աստիճան, այսինքն մասնակիցները պետք է մասնագիտական բակալավրի կրթություն ունենան»:
Հայաստանում արվեստագետների եւ արվեստի ցածր մակարդակը Նազարեթ Կարոյանը կապում է քննադատության բացակայության հետ. «Մամուլում չեն վերլուծվում արվեստի գործերը, արվեստի քննադատները կարելի է ասել իրենց գործը չեն անում, իսկ բուհերում սովորող ուսանողները 4-5 տաի ուսանելուց հետո այդպես էլ հստակ պատկերացում չեն ստանում արվեստի, մշակույթի` հատկապես ժամանակակից արվեստի մասին: Այդ պատճառով էլ մենք ստեղծեցինք այս ասոցիացիան, որպեսզի օգնենք մեր երիտասարդ սերունդին հավելյալ կրթություն եւ գիտելիքներ ստանալ»:
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան ֆինանսավորվում է տարբեր միջազգային կազմակերպություններից: Այս տարի Նազարեթ Կարոյանը ակնկալում է նաեւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել