Եթե Ադրբեջանը վստահ լինի` կհարձակվի
«Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ եթե Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների արդյունքում ի օգուտ իրենց չլուծվի, ապա հարցը կլուծեն ռազմական ճանապարհով: Հավատացնում եմ ձեզ, եթե Ադրբեջանի զինված ուժերը գոնե մի անգամ վստահ լինեն, որ կարող են Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծել, ոչ մեկից չեն հարցնի` միանգամից կսկսեն մարտական գործողությունները»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պաշտպանության նախարարի խոսքերով` առկա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում պաշտպանության բանակի բոլոր զինծառայողներն ունեն համապատասխան խնդիր` անընդհատ ճնշել հակառակորդին եւ նրան թույլ չտալ առաջին գծում որեւէ առավելության հասնել: Եւ դա ղարաբաղյան բանակին հաջողվում է: Ավելին` անցած տարի, եւ այս տարի նույնպես ԼՂՀ ՊԲ-ին հաջողվել է բարելավել դիրքերը:
«Այս տարի մեզ հաջողվել է Արաքսի ափին 5 դիրք առաջ տանել, իսկ անցած տարի էլ դիրքերը բարելավել հյուսիսային ուղղությամբ: Առաջին գծում, ըստ նախարարի, արվում է հնարավորը` բարենպաստ դիրք ունենալու համար, ինչը հետագայում կօգնի նաեւ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Դա նաեւ ապացույց է հակառակորդի համար, որ եթե փորձեն անել այն, ինչ անցած տարվա մարտի 3-4-ն են արել (հակառակորդը փորձել է դիրքերը գրավել Մարտակերտի ուղղությամբ, սակայն 11 դիակ թողնելով` հեռացել է), իրենց չի հաջողվելու:
Մովսես Հակոբյանը խոսել է նաեւ Ադրբեջանի կողմից դիրքերի բարելավմանն ուղղված փորձերի մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարարի, էական փոփոխություն չեն մտցնում առաջնային գծում: Այդպիսի փորձ էր արվել նաեւ օրերս` Միրբաշիրի ուղղությամբ. հակառակորդը զբաղեցնելով առաջին գիծը` խոշոր տրամաչափի դիպուկահարներ է հանել: Այդ ամենին հակազդելու համար ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից համապատասխան միջոցառումներն արդեն իսկ իրականացվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել