HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ժամկետանց դեղորայք` քրեակատարողական հիմնարկներում

23_07-medicamentՔիչ առաջ «Կոնգրես» հյուրանոցում ավարտվեց «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության ներկայացումը: Այն պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: Հաշվետվության մեջ առանձին անդրադարձ կա քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկմանն ու դեղորայքին: «Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկները հանդիսանում են քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի անդամներ եւ գտնվում են հիմնարկի ղեկավարության ենթակայության տակ, ուստի խնդիրներ են առաջանում նաեւ բուժանձնակազմի անկախության եւ օբյեկտիվության հետ կապված: Դա հատկապես ակնառու է դառնում այն ժամանակ, երբ ազատազրկվածի նկատմամբ ուժ է կիրառվում աշխատակիցների կողմից: Դիտորդների խմբի փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքերում բժիշկները կամ չեն գրանցում ազատազրկվածի ստացած վնասվածքները կամ դա անում են շատ մակերեսորեն: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բուժանձնակազմի անկախության ապահովման անհրաժեշտ պայման է նրանց տեղափոխումը արդարադատության համակարգից առողջապահության համակարգ: Այս դեպքում բժշկի կախվածությունը հիմնարկի ղեկավարությունից էականորեն կնվազի»,- գրված է հաշվետվության մեջ: Իսկ ազատազրկվածներին դեղորայքով ապահովելու վերաբերյալ դիտորդները արձանագրել են հետեւյալը. «Դեղորայքը քրեակատարողական համակարգում ապահովվում է կենտրոնացված համակարգի միջոցով: Յուրաքանչյուր տարի կազմվում է անհրաժեշտ դեղորայքի ցանկ: Այս համակարգը հնարավորություն է տալիս նվազեցնել գնումների վրա ծախսվող գումարը, սակայն բավական դժվարություններ է առաջացնում անհրաժեշտ դեղորայքի տեսականու եւ քանակի ապահովման հարցերում: Ակնհայտ է, որ հնարավոր չէ մեկ տարվա կտրվածքով կանխատեսել անհրաժեշտ դեղորայքը: Եթե հիմնարկին անհրաժեշտ է որեւէ դեղամիջոց, որ նախօրոք չի նշվել ցուցակում, ապա հիմնարկի բուժմասի պետը դիմում է Քրեակատարողական վարչություն եւ այնտեղ համապատասխան դեղամիջոցի առկայության դեպքում լրացուցիչ ստանում այն: Ակնհայտ է, որ հեռավոր հիմնարկների համար այդ մեխանիզմը չի գործում, քանի որ շատ ավելի արագ եւ մատչելի է անհրաժեշտ դեղամիջոցը գնել մոտակա դեղատնից, քան գալ Երեւան դրա ետեւից: Բացի այդ, որոշ դեպքերում անհրաժեշտ են դեղամիջոցներ, որոնք ընդհանրապես չեն գնվել, օրինակ` հղի ազատազրկվածի համար կարող է անհրաժեշտ լինի ինչ-որ դեղամիջոց, որը նախօրոք հնարավոր չէր կանխատեսել: Այսպիսի դեպքերում անհրաժեշտ դեղամիջոցը հիմնականում հայթայթվում է ազատազրկվածի հարազատների, որոշ դեպքերում` նույնիսկ հիմնարկի բժշկի միջոցներով»,- նշված է հաշվետվության մեջ: Ի դեպ, քրեակատարողական հիմնարկներ այցելած դիտորդների խումբը հիմնարկների մեծ մասում հայտնաբերել է ժամկետանց դեղորայք: Դիտորդները Արդարադատության նախարարությանը ներկայացրել են իրենց առաջարկները, մասնավորապես` սահմանել դեղորայքի մատակարարման ավելի ճկուն համակարգ եւ ժամկետանց դեղորայքի ոչնչացման հստակ ընթացակարգեր: Հաշվետվության մեջ անդրադարձ կա նաեւ պետպատվերի շրջանակներում ազատազրկվածների բուժումը կազմակերպելուն, որն, ըստ դիտորդների, կապված է բյուրոկրատական քաշքշուկի հետ: Դա հաղթահարելու համար բավական ժամանակ է պահանջվում` 15-20 օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter