HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Այս պահի դրությամբ չենք պատրաստվում հարձակման»

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` պատասխանելով լրագրողի` վերջերս պատերազմի վերսկսման եւ ղարաբաղյան կողմի հարձակման պատրաստակամության մասին պտտվող լուրերի վերաբերյալ հարցին: «Պաշտպանության բանակն առաջին հերթին պաշտպանողական խնդիրներ է իրականացնում` ապահովելով ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, բայց չի բացառվում, որ իրավիճակն այնպիսին լինի, որ մենք հարձակվենք»,-ավելացրել է նախարարը: «Հետքի» հարցին, թե ՊԲ-ն հարձակողական նպատակ չի՞ հետապնդում եւ չի՞ նախատեսում ազատագրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքները` Մարտունու շրջանի մի մասը, Շահումյանը եւ այլն, Մովսես Հակոբյանը մասնավորապես նշել է. «Իհարկե մեր հիմնական խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, որը հնարավոր է կազմակերպել պաշտպանողական մարտում, բայց պաշտպանողական մարտն իր մեջ ներառում է պաշտպանողական, հարձակողական եւ հակահարձակողական օպերացիաներ: Վստահեցնում եմ, որ բոլոր օպերացիաները մեզ մոտ մշակված են եւ համապատասխան միջոցառումներ իրականացվում են նաեւ այդ ուղղությամբ»: Շրջանների ազատագրման վերաբերյալ պաշտպանության նախարարը նշել է, որ դա ընդհանուր օպերացիայի մեջ է մտնում, որը կարող է իրականացվել նաեւ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում: «Նմանատիպ գործողություններ պլանավորում ենք, ինչը հակառակորդին կարճ ժամկետում կպարտադրի նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ավելացրել է նա: Խոսելով բանակի պատրաստության եւ սպառազինությունների մասին` Մովսես Հակոբյանը շեշտել է, որ այն ինչ կա այսօր ՊԲ-ում բավական է, որ իր առջեւ դրված խնդիրը կատարի, սակայն, ըստ նախարարի, դա չի նշանակում, որ դրանով բավարարվում են: Այսօր էլ եղածը մարտական վիճակում պահելուն զուգահեռ անընդհատ միջոցառումներ են իրականացվում` նոր սպառազինություններ եւ տեխնիկա ձեռք բերելու համար: Բավականին պաշտպանված է նաեւ ԼՂՀ օդային տարածքը: Նախարարի հավաստմամբ` չկա 1 քառ, մետր օդային տարածք, որը չվերահսկվի ՊԲ-ի կողմից եւ հարկ եղած դեպքում չխոցվի: Ավելին` վերահսկվում է նաեւ հակառակորդի օդային տարածքը` սահմանից մի քանի տասնյակ կմ խորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter