
«DORIANS» ռոք խումբը հուլիսի 25-ին համերգ կունենա «32 ակումբում»:
Այս մասին այսօր «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրին խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը, մենակատար Գոռ Սուջյանն ու «32 production»-ից Կարեն Բաբաջանյանը:
Վերջինը նշեց, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ իրենք ստեղծել են նոր համերգային ակումբ` «32 ակումբ»-ը: «DORIANS»-ի հետ համագործակցության առաջարկն էլ եղել է «32 production»-ի կողմից:
«Համերգը մի քիչ ավելի թանկ է այն առումով, որ տեխնիկական միջոցներն են լավը` ձայնային և լուսային: Արդեն երկու նման որակի նախագիծ իրականացրել ենք` մեկն Արամ MP3-ի համերգը, մյուսը` «Ռեինկարնացիա» խմբինը: Երրորդը կլինի սա»,- ասաց նա` նշելով, որ ակումբի առաջնային պայմանը կենդանի երաժշտությունն ու կատարողական արվեստն է:
«Ակումբում հանդիսատեսի առջև կան սեղաններ, ինչի շնորհիվ ավելի հարմարավետ է դառնում այն: Այս համերգի տոմսերն էլ արժեն 3-6 000 դրամ»,- ասաց Կարենը:
Վահագն Գևորգյանն էլ նշեց, որ այս համերգն ակումբային համերգներից տարբերվելու է նրանով, որ ավելի համերգային է լինելու: «Ակումբում ժամանցային համերգներ են ավելի շատ տեղի ունենում, իսկ այստեղ համերգային է: Մենք ամսի 21-ին խմբի մեկ տարուն նվիրված համերգ անցկացրինք, որտեղ ներկայացրինք «DORIANS»-ի բոլոր գործերը: Սա մեր երկրորդ համերգն է»,- ասաց նա:
Խմբի երգերը հիմնականում անգլերեն լեզվով են: Դրա պատճառը մենակատարի` Գոռի խոսքով այն է, որ անգլերենն ավելի երգեցիկ լեզու է ռոքի համար: «Անձամբ ես երբ սկսում եմ հայերեն երգել, արդեն ռոք չի լինում: Ես այդպես եմ զգում, անգլերենով ավելի հեշտ է ինձ համար»,- ասաց նա:
Վահագնի խոսքով էլ` իրենք չենք կենտրոնանում միայն հայկական շուկայի վրա, նպատակ ունեն արտասահմանյան շուկա դուրս գալու: Խմբի երգերի երաժշտությունը հիմնականում գրում է Գոռը, իսկ բառերի հեղինակը Վարդան Զադոյանն է:
«Չեմ կարծում, որ եթե ռոք ես երգում, անպայման պետք է բողոքես, դա ավելի շատ հնարած է, միֆ: Ես պարզապես կողմնակից եմ լավ երաժշտության ու ինքս կարողանում եմ տալ այդ երաժշտությունը: Ու ցանկացած մարդ, որ լսում է, ինքն իր խնդիրներն է տեսնում քո երաժշտության մեջ»,- ասում է խմբի պրոդյուսերը:
Վահագնը համաձայն չէ այն մտքի հետ, որ Հայաստանում ռոքը մեռնում է: «Ով ինչ կարողանում է, անում է: Չէի ասի, թե մյուս ոլորտները երաժշտական ավելի լավ վիճակում են, քան ռոքը»,- ասաց նա: Կ. Բաբաջանյանի կարծիքով էլ` ընդհակառակը, հիմա հայկական ռոքի նոր ալիք է: «Տեսեք` 2009-ի Եվրատեսիլի նախընտրական փուլում «DORIANS»-ը երրորդ տեղում էր, ու էլի ռոք խմբեր կային ներկայացված»,- ասաց նա:
«DORIANS»-ն առայժմ փառատոների չի մասնակցել: Արտասահմանում մասնակցել են միայն «Տաշիր 2009»-ին, որտեղ խումբը ճանաչվեց «Տարվա հայտնություն»: Սակայն օգոստոսին ակնկալվում է, որ Սևանում ռոք փառատոն կանցկացվի, որտեղ իր մասնակցությունը կունենա նաև «DORIANS»-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել