Հայկական կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել
Անցյալ շաբաթ զանգվածային գրոհի է ենթարկվել «Arminco» ընկերության սերվերի վրա գտնվող մի քանի կայք, այդ թվում նաև կառավարության կայքը: Հարձակումը տևել է ամբողջ շաբաթ: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինտերնետի հասանելիության ծառայություններ մատուցող «Arminco» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը:
«Նման զանգվածային գրոհ առ այսօր մենք չէինք գրանցել: Գրոհը աննախադեպ էր քանակի առումով: Ամեն մի փորձ խլում է ինչ-որ թողունակություն, ենթադրենք` 1 կիլոբիթ/վրկ: Այն քանակը, որը հավաքվել էր այդ փորձերից, շատ-շատ մեծ էր»,- ասաց Գրիգոր Սաղյանը:
Հարձակման հետևանքով 15 րոպեով տեղի է ունեցել կայքերի deface` փոխվել է առաջին էջը: «Բացի դրանից` մենք ունեինք աշխատանքային ընդմիջում` 8 ժամ, որի ընթացքում ընդհանրապես բոլոր կայքերը անջատված էին ցանցից` պրոֆիլակտիկ միջոցառումները իրականացնելու համար: Քանի որ համակարգը պարունակում է մի քանի հաշվիչ մեքենա, որոնց վրա գտնվում են տարբեր կայքեր, մենք վերադասավորվել ենք: Վստահ եմ, որ նման իրավիճակ էլ չի կրկնվի»,- նշեց Գրիգոր Սաղյանը:
Նրա խոսքերով` հակերների հիմնական գործողություններն ուղղված են եղել գաղտնաբառերը փոփոխելուն և պարզաբանելուն, սակայն գրոհը հնարավոր է եղել ժամանակին կանխել: Աշխատանքային վերոնշյալ ընդմիջման ժամանակ կատարվել է զննում, որից պարզվել է, որ, բացի առաջին էջերից, կայքերում ոչինչ չի փոխվել:
«Ցանկացած գրոհ ենթադրում է գործիքների առկայություն: Այն գործիքները, որոնք նրանց հաջողվել էր ստանալ, շատ բան թույլ չէին տալիս անել: Այն անվտանգության ճեղքվածքը, որը գոյություն ունի օպերացիոն համակարգում, թույլ է տալիս իրենց միայն մի գործողություն` միայն դեմքը փոխել` deface: Ավելի շատ հնարավորություն չկար, որովհետև համակարգը, վերջ ի վերջո, պաշտպանված համակարգ է: Այնպես չէ, որ կարող են մտնել, փորփրել, ասենք էլ.փոստ ստուգել»,- ասաց «Arminco»-ի տեխնիկական տնօրենը:
«Հակերների անվան ծածկագրերից եկեք չխոսենք»
Գրոհի մասին զգուշացնելու միակ հնարավորությունը, նրա խոսքերով, իրենց տեղեկատվական համակարգը կանգնեցնելն է: Իսկ գրոհը կազմակերպած հակերների անվան ծածկագրերը Գրիգոր Սաղյանը չհրապարակեց. «Խնդրում եմ, հակերների անվան ծածկագրերից եկեք չխոսենք, որովհետև մենք իրենց համար ավելորդ գովազդ ենք անում»:
Ասուլիսի մյուս բանախոսը` տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, նշեց, որ հայկական կայքերի վրա հարձակվածներն իրենք իրենց ներկայացնում են որպես արաբական հակերներ:
«Հակերային խմբերը հաճախ գաղտնի ծառայություններից էլ գաղտնի բաներ են: Եվ երկրորդը` շատ ժամանակ` հենց իրենք ինչ-որ երկրի գաղտնի ծառայության մի մաս են կազմում: Այսօրվա բաց տեղեկատվությունից կարելի է կռահել, որ մոտ 100-ից ավելի երկրներում ձևավորվել են կիբեր անվտանգության և ինչից բխում է` նաև հարձակման խմբեր, որոնք գործում են գաղտնի ծառայությունների ներքո»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Գրիգոր Սաղյանը նշեց, որ եթե հարձակումը կատարվում է, ենթադրենք Սաուդյան Արաբիայում գրանցված IP հասցեից, ապա դա ամենևին չի նշանակում, որ հակերների խումբը հենց Սաուդյան Արաբիայում է:
Նման գրոհների դեպքում կարելի է դիմել պատկան մարմիններին, որոնք կդիմեն Ինտերպոլին: Վերջինը կդիմի Սաուդյան Արաբիայի համապատասխան մարմիններին, որոնք էլ իրենց հերթին դիմեն այդ օպերատորին: Օպերատորը կփակի այդ IP հասցեն:
«Այդ ճանապարհը արդյունավետ չէ: Դրա համար, աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն, մենք անմիջապես կապվում ենք այդ IP համարը տրամադրողի հետ: Ընդհանրապես դա լինում է տեղական հեռահաղորդակցության մի կազմակերպություն: Անմիջապես կապվում ենք, նկարագրում ենք իրավիճակը և խնդրում ենք աջակցություն` առանց պետական մարմիններին ներգրավելու, որովհետև, իհարկե, պետական մարմիններին ներգրավելը ավելի հուսալի է, բայց շատ-շատ ժամանակատար»,- ասաց Գրիգոր Սաղյանը:
Հայաստանի կառավարության կայքը` հավաքածուի մեջ
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս հարձակման ձեռագիրը նման չէ թուրքերի և ադրբեջանցիների ձեռագրին:
«Աշխարհում մեծ քանակի հակերային խմբեր կան, որոնք պարզապես կամ իրենց ուժերն են փորձում, կամ ուղղակի ուզում են իրենց հավաքածուի մեջ ունենալ նաև Հայաստանի կառավարության կայքը` որպես կոտրած կայք: Կարող է, օրինակ, Բուրունդիի գաղտնի գործակալությունը ուղղակի հրահանգ տված լինել, որ իրենք մի հատ իրենց ուժերը փորձեն: Ու որոշեն խեղճ հայերի վրա փորձել: Ունենալ Հայաստանի կառավարության կայքի վրա աշխատանքներ տանելու հնարավորություն և լուրջ փոփոխություններ չանել կայքում` ադրբեջանցիների ձեռագիրը չէ»,- ասաց նա:
Իսկ վերոնշյալ գրոհի հաջորդ օրն ուրիշ հարձակում է տեղի ունեցել արդեն հայկական լրատվական կայքերի վրա: Այդ հարձակումը, ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետի, արդեն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են մեր «հարևանները», թեև IP-ները եղել են Կորեայից:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին ադրբեջանցիների աշխատաոճը փոխվել է: Մոտ 5 տարի առաջ նրանք կոտրում էին հայկական կայքերը, տեղադրում Խոջալուի նկարները, սպառնալիքներ, վատաբանություններ և հայհոյանքներ գրում հայերի հասցեին:
«Վերջին 2 տարիներին ադրբեջանական գործակալությունները սկսել են այդ ոլորտում գործող երիտասարդներին ուղղակի հավաքագրել: Սյդ պահից իրենք, կոտրելով կայքերը, էլի մոտավորապես նույն բաներն են տեղադրում, բայց փոխվել է կայքերի որակը, այսինքն` շատ ավելի լուրջ կայքերի վրա են իրենք կարողանում հարձակվել: Եվ իրենք աշխատում են կայքի բովանդակությունը փոխելու վրա: Եվ նրանք ձգտում են ներքին տեղեկատվության շտեմարանները տանել իրենց հետ, ինչը այդ անգամ չի եղել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը` ակնարկելով անցյալ շաբաթվա վերոնշյալ հարձակումը:
Նրա կանխատեսմամբ` հարձակումները շատանալու են, քանի որ մի բան են «ցանցային բաշիբոզուկները», և բոլորովին այլ բան, երբ ադրբեջանական հատուկ գործակալությունները սկսում են կազմակերպել հակերային խմբերի: Սա լուրջ վտանգ է, քանի որ Հայաստանն էլ գնալով ավելի կախված է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաներից:
«Կառավարության կայքը ամենախոցելի կետերից չէ: Մենք ունենք, օրինակ, ֆինանսական ոլորտ: Էլեկտրոնային առևտուրը ինչ-որ չափով գնալով զարգանում է: Շատ հավանական է, որ մի քանի տարի հետո Հայաստանում լինեն շատ լուրջ ենթակառուցվածքներ` տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված: Դրանց խոցելիությունը կարող է հանգեցնել շատ լուրջ վտանգների, և այդ ազդեցությունը կարող են զգալ հասարակ քաղաքացիները, այլ ոչ միայն կառավարության կայքի ադմինիստրատորը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ անցյալ տարվա օգոստոսին շատ ավելի լուրջ հարձակում տեղի ունեցավ ադրբեջանցիների կողմից, ընդ որում` ավելի մեծ թվով պետական կայքերի վրա: Անցյալ տարի ադրբեջանցիները կոտրեցին հայկական դեսպանատներից մեկի կայքը և դրա վրա «Տրոյան» վիրուս տեղադրեցին, որը կայքից չհանվեց երեք ամիս:
«Այսինքն` վարակվում էր յուրաքանչյուր անձի համակարգիչը, ով մտնում էր դեսպանատան կայք: Վարակվելիս իր ամբողջ գաղտնաբառերը և այլն ուղարկվում էին մեր հարգարժան հարևանների հակերային խմբերին: Պատկերացնո՞ւմ եք` դա ինչքանով կարելի է օգտագործել: Երեք ամիս նամակներ էին գրվում, նույնիսկ հրապարակումներ էին լինում: Մինչև հանեցին այդ վիրուսը, պատկերացնո՞ւմ եք` ինչքան մարդ հասցրեց տուժել դրանից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
DDoS-ը, Հայաստանի կապուղու թողունակությունը և վարչապետին ուղղված առաջարկները
Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց, որ կան հարձակումներ, որոնց դեպքում հակերները մտնում են կայք, կոտրում այն, ստանում ադմինիստրատիվ իրավունքներ, փոխում տեղեկատվությունը (Deface): Իսկ ահա DDoS հարձակումը ավելի բարդ և լուրջ է. այս դեպքում կայքի վրա չեն ներգործում անմիջապես կայքի ներսից: Ենթադրենք` կայքը տեղադրված է սերվերի վրա և այն օրական մտնում է հազար մարդ: DDoS հարձակման դեպքում միանգամից, ամեն վայրկյան, օրինակ, 10 հազար մարդ սկսում է մտնել այդ սերվեր, և սերվերը «կախվում է»:
«DDoS-ը հիմնականում կիրառվում է կայքը լռեցնելու համար, այսինքն` կայքի պարունակության հետ ոչ մի կապ չունի: Այդ տիպի հարձակումները օգտագործվում են հենց տեղեկատվական պատերազմներում: Օրինակ` հենց սկսվեց ռուս-վրացական պատերազմը, ռուսական, այսպես անվանենք, «կիբեր զորքերը» սկսեցին DDoS հարձակում վրացական ամբողջ տեղեկատվական դաշտի վրա, ինչի պատճառով Վրաստանը պարզապես լռեց ինչ-որ պահ, որովհետև իրենց կայքերը չէին գործում: Այսպիսի հարձակումները շատ ծախսատար են և հենց այնպես չեն արվում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Գրիգոր Սաղյանը հավելեց, որ գրոհող մեկ համակարգիչը ներկայումս օրը 1 դոլար արժե: «Եվ եթե, ասենք, հակերները վարակել են 1 մլն համակարգիչ, տալիս ես 1 մլն դոլար, և այդ բոլոր 1 մլն համակարգիչները միաժամանակ դիմում են մի աղբյուրի», որը և խափանվում է:
«Հայաստանը ընդամենը 1,5 գիգաբիթ/վրկ թողունակությամբ կապուղով է միացված», ինչը հնարավոր է DDoS-ով լցնել: Գրիգոր Սաղյանի խոսքերով` մենք ունենք 2 միջազգային ելք, որոնք աշխարհում ընդունված գներից թանկ են նվազագույնը 10 անգամ, ինչի հետևանքով օպերատորները 1,5 գիգաբիթ/վրկ-ից ավելի մեծ թողունակություններ վարձակալելու հնարավորություն չունեն:
Երկու շաբաթ առաջ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը սեմինար է կազմակերպել: Հավաքված օպերատորները առաջարկություններ են ներկայացրել ՀՀ վարչապետին: «Սպասում ենք, որ այդ սեմինարի արդյունքներով ինչ-որ քայլեր պետք է կատարվեն»,- ասաց Գրիգոր Սաղյանը` հավելելով, որ կառավարության համապատասխան մոտեցման դեպքում խնդիրն անմիջապես կլուծվի:
Մեծ և երկարատև հարձակում է եղել նաև 2005 թ. ամռանը, երբ հայկական բոլոր ֆորումները` համացանցի ողջ սոցիալական դաշտը, DDoS-ի տակ են եղել:
ԱրմենՏել. կապուղին մեկն է
Ասուլիսի ժամանակ Գրիգոր Սաղյանը նշեց, որ Հայաստանի ինտերնետ օգտագործողների 2/3-ը ընդհանրապես չի կարող տեսնել ՀՀ պետական մարմինների կայքերը:
««ԱրմենՏելի» բաժանորդները հնարավորություն չունեն մտնել հայկական տեղեկատվական աղբյուրներ: Մենք ունենք «ԱրմենՏելի» հետ մեկ կապուղի, որը չունի ոչ մի իրավաբանական կարգավիճակ: Եթե այդ կապուղին չաշխատի, ոչ մեկին չի կարելի հրավիրել պատասխանատվության: Կապուղին շատ ցածր թողունակություն ունի: Հիմա էլ նա աշխատում է իր պահանջարկի 1 տոկոսի չափով: Մենք մի տարի է` դիմում ենք, խնդրում ենք, որ այդ հարցը կարգավորվի` Հայաստանի ինտերնետի մի մասից հնարավոր լինի մտնել տեղեկատվական կայքեր, բայց ապարդյուն: Ես կարծում եմ` այս հարցը պետք է ավելի հնչեղ դարձնել և պահանջել, որ «ԱրմենՏելից» հնարավոր լինի մտնել մեր բոլոր մնացած օպերատորների ցանցերը»,- ասաց Գրիգոր Սաղյանը:
Նա նշեց, որ հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության տակ է: Ինքը խնդրի մասին բարձրաձայնում է արդեն 1,5 տարի, ինչի հետևանքով «պարզապես բողոքող» անձնավորության տպավորություն է թողել: «10 հազար օգտվող չի կարողանում մտնել կառավարության սայթ: Ասում ենք. «Գիծը մեծացրեք»: Ասում է. «Մենք ձեզ հետ գիծ չունենք»: Իրոք, ոչ մի փաստաթուղթ մենք չունենք այդ գծի առկայության մասին»,- ասաց Գրիգոր Սաղյանը:
Նա նշեց, որ անցյալ տարվա ապրիլին վեճի կարգավորման հայց են ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սակայն վեճն առ այսօր չի կարգավորվել: «Եթե կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում, մենք ավելի վերադաս ատյան չգիտենք»,- ասաց «Arminco»-ի տեխնիկական տնօրենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել