Կանխվել է թմրանյութի «ապահով» տեղափոխումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Արզումանյանին երեկ, ժամը 16:00-ի սահմաններում տեսակցության այցելող, 1989թ. ծնված Մերի Կարապետյանը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվել է անձնական խուզարկության:
Խուզարկության արդյունքում վերջիս մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված երկու փաթեթ: Փաթեթների ստուգմամբ հայտնաբերվել է թվով երկու սև գույն, յուրահատուկ հոտ ունեցող միատար 5,8 և 6,2 գրամ թմրանյութանման զանգվածներ, մեկ և կես հատ սպիտակ գույն ունեցող դեղահաբեր` «B8» գրառմամբ և 15 մլ տարողությամբ «Vision» գրառմամբ կապրոնե սրվակ` կիսով չափ լցված բաց շագանակագույն, սուր հոտ ունեցող հեղուկով:
Վերոնշյալ փաթեթները քրեակատարողական հիմնարկ «ապահով» փոխադրելու նպատակով Մերի Կարապետյանը դրանք թաքցրել է սեռական օրգանում:
Ըստ վերջինիս կողմից տրված բացատրության, ինքը դատապարտյալ Կ.Արզումանյանի հետ ծանոթացել է հեռախոսի միջոցով, որից հետո պարբերաբար տեսակցել է նրան:
Դատապարտյալն իրեն զանգահարել և հանձնարարել է հանդիպել իր վաղեմի ծանոթներից մեկին, որն էլ հանձնել է թմրանյութանման զանգվածներն ու պահանջել դրանք սեռական օրգանում թաքցնելու միջոցով տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը տեղեկացնում է, որ փաստի կապակցությամբ ստեղծվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել