Էջմիածնում ճգնաժամի հետեւանքները չեն զգում
2009 թ. ապրիլի 7-ին ընդունվեց եւ մեկ օր անց ուժի մեջ մտավ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքը: Համաձայն օրենքի` մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական նշանակության հողերի հարկի մայր գումարի ապառքները բարեխիղճ վճարող ֆիզիկական անձինք կազատվեն մինչեւ 2008 թ. դեկտեմբերի 31-ը գոյացած տույժերից ու տուգանքներից:
Եթե հանրապետության այլ համայնքներում հարկ ու տուրքերը չեն հավաքագրվում` պատճառաբանելով, որ տնտեսական ճգնաժամ է եւ մարդիկ գումարներ չունեն հարկ վճարելու համար, ապա Էջմիածնի քաղաքապետարանում պատկերը բոլորովին այլ է:
Քաղաքապետարանի Գյուղատնտեսության բաժնի պետ Աշոտ Ասլանյանի փոխանցմամբ` իրենք կարողանում են ժամանակին հարկերը հավաքագրել, եւ այդ գործում իր դրական արդյունքներն է տվել «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքը:
Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է հողի հարկի հավաքագրման 40 տոկոս աճի ցուցանիշ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Աշոտ Ասլանյանը տեղեկացնում է նաեւ, որ տարեկան կտրվածքով տույժերը կազմում են մոտ 54 տոկոս:
Հողի հարկը գանձվում է ըստ կարգերի: Գոյություն ունեցող 5 կարգերից Էջմիածնի վարչական տարածքում, ըստ Ասլանյանի, գերակշռում են 2-րդ և 3-րդ կարգերը, ինչը ենթադրում է հողի բարձր հարկ եւ բերքատվություն:
Գույքահարկերի հավաքագրման գծով Էջմիածին համայնքում եւս դրական տեղաշարժը նկատելի է: Էջմիածնի քաղաքապետարանի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի պետ Ջիվան Պետրոսյանը փաստում է, որ 2009 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, նկատվել է գույքահարկի հավաքագրման աճ:
«Եթե առաջ մենք էինք տեղեկացնում, զգուշացնում կամ հիշեցնում, այժմ մարդիկ առանց որեւէ հիշեցման և ժամկետները խախտելու, կատարում են գույքահարկի մուծումները»,- ասում է Ջ. Պետրոսյանը: Այնուամենայնիվ, կան հարկատուներ, որոնց տարիների հարկային պարտավորությունները խոշոր չափերի են հասնում: Նրանց հետ կնքվում են վճարման ժամանակացույցեր, ապառքի 30 տոկոսի նախավճարի պայմանով:
Ջիվան Պետրոսյանի խոսքերով` շուրջ 8.5 միլիոն դրամի ժամանակացույց է կազմվել, որից 2.5 միլիոնը վճարվել է համայնքի բյուջե: Անբարեխիղճ հարկատուների նկատմամբ կիրառվում են դատական վարույթներ: Պետրոսյանի տվյալներով` հողի հարկի գծով 24, գույքահարկի գծով 26 հայց գտնվում է դատարանում:
Հողի հարկի գծով` 52, իսկ գույքահարկի գծով 62 գործ նախապատրաստվում է դատարան մտնելու համար:
«Հետքի» հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ այն անձինք, ում նկատմամբ հարուցվել են դատական վարույթներ, ցանկացած պահի կարող են ներկայանալ քաղաքապետարան, կնքել վճարման ժամանակացույցեր և ազատվել դատական գործընթացներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել