Կրակոցներ Երևանում
Երեկ հերթական կրակոցներն են հնչել Երևանում: Ըստ մեր աղբյուրների` ժամը 16-ից 17-ի սահմաններում Էրեբունի համայնքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) մոտ 30 կողմնակիցներ Ալեքսանյանի մերձավորներից Բոգո մականունով անձի հետ Էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել են իրենց մեքենաներից, և խմբից երկու հոգի կրակ է բացել Կարեն անունով անձի վրա:

«Հայկական ժամանակին» հաջողվեց ճշտել, որ խոսքը Սամբիստ մականունով Կարեն Բագրատունյանի մասին է, ով ընդամենը 1.5 ամիս առաջ է դուրս եկել բանտից: Ոստիկանությունից, սակայն, թերթին այդպես էլ չհաջողվեց որևէ մանրաման ճշտել տեղի ունեցածի կապակցությամբ: Նշենք, որ կրակոցները հնչել են բանուկ փողոցում, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ:
Եթե ուրեմն` ապա
«Ես հույս ունեմ, որ պատերազմ չի սկսվի»,- երեկ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Նրա խոսքերով, կողմերի միջև բախումների հետևանքով միայն անցած տարի 30 մարդ է սպանվել, ինչը վկայում է պատերազմի վերսկսման սպառնալիքի գոյության մասին:
Ֆասիեն նշել է, թե չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը որոշ առումով հաջողված են եղել, բայցևայնպես, տարածաշրջանում կարող են բախումներ տեղի ունենալ, եթե հակամարտության վերջնական կարգավորում տեղի չունենա: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարեցտարի բարդանում է:
Ըստ նրա`համանախագահների գլխավոր խնդիրը կողմերի միջև մերձեցման գործընթացին նպաստելն է եղել, ինչի վերջնական արդյունքը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պետք է լինի, որը կարելի է քննարկել հետագայում:
Ինչ է պետք «չտալու» համար
«Եղե՞լ է երբևէ պատմության մեջ, որ արյամբ նվաճված հողերը կամովին հանձնեն հակառակորդին»: Այս հարցը Հայաստանում հաճախ են տալիս այսօր` ղարաբաղյան կարգավորման բանակցոթյունների ակտիվացման հետ կապված:
ԽՍՀՄ-ի հետ պատահած դեպքը մեզ հիշեցնում, եթե ուզում եք`նույնիսկ նախազգուշացնում է, որ հողերը կամովին տալիս են միայն թուլացող, փլուզվող պետությունները: Երբ ասում են, որ Խորհդային Միությունը փլուզել են Գորբաչովը, ԿՀՎ-ն կամ այլախոհները, դա, իհարկե, հեքիաթ է:
«Սովետը» փլուզեցինք մենք բոլորս` հղփացած, կաշառակեր կոմունիստական պաշտոնյաները, գործարաններից պահեստամասեր գողացող բանվորները, խոհանոցներում Բրեժնևի մասին անեկդոտներ պատմող մտավորականները, համընդհանուր համոզմունքը, որ «լևի» եկամուտներ ստանալը «ընտանիք պահող բաշարող տղու» առաքինություն է:
Ի դեպ, այդ հոգեբանությունը, որը պահպանվել է այսօր, ի վիճակի է կործանել ցանկացած պետություն: Կարճ ասած, «երկիրը քանդվում» է այն ժամանակ, երբ քաղաքացիները չեն վստահում, ատում են, արհամարհում են պետությունը և նրա ինստիտուտները: Իսկ «քանդվելու» պարագայում տարածքային կորուստները գրեթե անխուսափելի են: Դե, հիմա անկեղծորեն ասեք` առկա՞ են արդյոք ժամանակակից Հայաստանում պետության փլուզման վերոնշյալ գործոնները:
Երբ այսօր փողոցում հարցնում ես պատերազմի հավանականության մասին, պատասխանողների մեծ մասը երկրորդ իսկ նախադասությունից «շեղվում է թեմայից» և սկսում է խոսել իր սոցիալական վիճակի, տիրող անարդարությունների մասին:Իսկ պատերազմի վերաբերյալ ասում են, որ դրանից հարուստները, իշխանավորները չեն տուժի, նորից հասարակ ժողովուրդն է տուժելու: Այդ տարամադրություններն, իմ կարծիքով, մտահոգիչ են:
Հետևաբար, «հող չտալու» համար պետք է ներսում ինչ-որ բան փոխել: Նախևառաջ` ամեն մեկիս ներսում:
Կարո՞ղ ենք վերաբնակեցնել ողջ Ղարաբաղը
Հայ քաղաքական միտքը կրկին ալեկոծման մեջ է. լուռ կամ բացահայտ մեղադրանքներ հանրապետության նախագահին, մեղադրանք եւ հրաժարականի պահանջ արտգործնախարարին, մեղադրանք իշխող կոալիցիային եւ վերջապես, մեղադրանք միմյանց հասցեին:
Լղոզված է ամեն ինչ. միջավայրը, մթնոլորտը, քաղաքագետների խոսքը, միջնորդների հայտարարությունները, հայտնի չէ միջնորդ երկրների մտադրությունը:
Հետեւաբար, դուռը միշտ բաց է մնում ամեն տեսակի ենթադրությունների, սպեկուլյատիվ մտքերի, կտրուկ դիրքորաշումների եւ քաղաքական շահարկումների առաջ:
Արդյունքում` ժողովրդին ամենաշատը շահագրգռող, մտահոգող հարցը մնում է չլուսաբանված, չպատճառաբանված, չբացահայտված եւ անհասկանալի: Ո՞ւր է բուն ճշմարտությունը:
Այն շատ չոր ու դաժան կանգնած է մեր առաջ եւ մենք չտեսնելու ենք տալիս նրան. դա Արցախի վերաբնակեցման հիմնահարցի ձախողումն է, որի համար մեղավոր ենք բոլորս` մեր զույգ կառավարությունները, մեր քաղաքական, տնտեսական, բարեգործական կազմակերպությունները, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ժողովուրդը, սփյուռքը:
Ընդամենը 100 հազար բնակչությամբ անհնար է տեր մնալ եւ անխոցելի պահել ԼՂՀ-ն իր ազատագրված տարածքներով: Հողը գրավում է հետեւակ զինվորը, իսկ պահում է գյուղացին:
Մենք 15 տարի անտեսել ենք այս ճշմարտությունը: Այդ ուղղությամբ կազմած մեր ծրագրեը մնացել են օդում: Մեզ պակասել է կամքը, զոհողության ոգին, ինչ-որ տեղ ռոմանտիզմը: Կարճամտությունը, ու երբեմն էլ ընչաքաղցությունը խանգարել են մեզ: Եւ այս հարցում առաջին պատասխանատուները ղարաբաղցիք իրենք են, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Ռուսաստանում եւ այլուր դիրքի, հարստության, իշխանության տիրացածները:
Ինչքան արագացած տեմպեր ու գրգիրռներ տրվեն ԼՂ կարգավորման խնդրին, առնվազն դեռ մի քանի տարի կտեւի հարցի լուծումը: Մինչ այդ կարո՞ղ ենք անհրաժեշտ քանակի բնակչությամբ վերաբնակեցնել մեր երկրի հատվածը: Ապահով եւ անձեռնմխելի երկիր ունենալու հարցի պատասխանը կախված է դրանից: Մնացածը երկրորդական է:
Տերովին տերն է տարել, անտերին`գելը
Մոտ 20 օր առաջ Էրեբունի համայնքում մի մեծ խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է եղել, որի արդյունքում «բացել են» բարձրաստիճան ոստիկաններից մեկի որդու գլուխը: Ծեծին մասնակցել են պատգամավորների, նախարարների որդիներ: Ապա ծեծողները 9 հազար դոլարի կաշառքով գործը փակել են:
Դեպքի մանրամասներին ծանոթացած անձը առանձին մարդկանց անուններ, այդ թվում նաև իր տղայի անունը չնշեց` վախենալով նրա անվտանգության համար: Ըստ ծնողի պատմածի` հիշյալ ծեծի արդյունքում «բացվել է» ոստիկանական բարձրաստիճան մի պաշտոնյայի տղայի գլուխը, բայց քանի որ ծեծողներն էլ «վերջին մարդը» չեն եղել` ինչպես պնդում է ծնողը, կարողացել են 9 հազար դոլար կաշառքի շրջանակներում Էրեբունու ոստիկանության հետ լեզու գտնել և պայմանավորվել, որ գործը փակվի:
Ներկայումս ոստիկանության կադրերի տրամադրության տակ գտնվող Էրեբունու ոտիկանության նախկին պետ Ավետիք Մկրտչյանին Չարենցավանի ոստիկանությունից եկած Հովիկ Մանուկյանը փոխարինել է վերջերս` այն բանից հետո, երբ Թոխմախի Մհերի սափրագլուխները նրան ծեծել էին իր իսկ կաբինետում. ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչը վիրավորվել էր ոստիկանի մունիդրի համար և աշխատանքից ազատել ծեծված ոստիկանապետին:
Ինչևէ, այս անգամ էլ ծեծվողի հորից տեղեկանալով դեպքի մասին` Ալիկ Սարգսյանը հրահանգ է իջեցնում գործը բացահայտել: Բայց քանի որ, ինչպես պատմում է ծնողը, փողն արդեն վերցված էր, սկսում են պատահական մարդկանց` 20-22 տարեկան տղաների հավաքել, որ գործը «կոտրեն» նրանց վրա: Ընդհանուր թվով 15, իսկ հաշվարկն էլ այն է եղել, որ նրանք բոլորն էլ Արեշի բնակիչներ են և իրար հետ ծանոթ: Ձերբակալվածների մեջ, ըստ ծնողի, եղել է նաև ԱԺ պատգամավոր, նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի տղան ու էլի մի շարք պաշտոնյաների տղաներ:
Եռօրյա ծեծուջարդի, սոված-ծարավ պահելուց հետո պաշտոնյաների տղաներին ազատում են, իսկ տեր ու տիրական չունեցողները` մնում: Չնայած, ինչպես պնդում է ծնողը, նրանց 24, ապա և 72 ժամը վաղուց է լրացել, ինչից հետո նրանց նկատմամբ կամ պետք է մեղադրանք առաջադրվեր, կամ ազատ արձակվեին:
Թերթի տեղեկություններով, մնացած տղաներից մեկը` ոմն Հարութիկը, ընկերներին ասել է, որ ինքն էլ չի դիմանում և ուզում է փախչել, ապա «հանձնվել» ԱՄՆ դեսպանատուն, քանի որ Միացյալ Նահանգների քաղաքացի է: Ինչը և արել է` ցած նետվելով ոստիկանության բաժնի երրորդ հարկից: Բայց նրա խցակիցները չգիտեն` Հարութիկին հաջողվե՞լ է հանձնվել, թե՞ ոչ:
Ծնողն ինքը նույնպես ասաց, որ երեք օր առաջ, երբ իրենց տղաներին ուտելիք տանելու համար գնացել են քաղմաս, դռները փակ են եղել: Թերթի տեղեկություններով, այնուամենայնիվ, քաղմասում մնացածներն էլ ինչ-որ հովանավորներ ունեն, քանի որ, ըստ նույն աղբյուրների` գործին խառնվել է նաև տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ապա ՊՆախարար Սեյրան Օհանյանը, որը հեռախոսի միջից գոռգռացել է, որ եթե արել են, կամ տարեք դատեք, կամ բաց թողեք:
Ասում են, այս պատմության արդյունքում մղձավանջի մեջ է հայտնվել Ալիկ Սարգսյանը, որը մի կողմից պատանդ է իր իսկ արձակած հրամանի ձեռքին, մյուս կողմից չի դիմանում օրեցօր ուժեղացող ճնշումներին:
Հ.Գ. Երեկ ոստիկանության հասարակայության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Էրեբունի համայնքում հարուցված է քերական գործ` Քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելը) հովածով:
Պատերա՞զմ, թե՞ շանտաժ
Բոլորովին պատահական չէ, որ ղարաբաղաադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորության մասին ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունը ժամանակային առումով համընկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայկական կողմին ուղղված հերթական նախազգուշացման հետ:
Վերջերս Ադրբեջանի նախագահը վերստին հիշեցրեց իր երկրի ռազմական ու տնտեական ներուժի ամրապնդման մասին և «խորհուրդ տվեց» հայկական կողմին առաջիկա բանակցությունները վարել նման իրողության հաշվառմամբ:
Հիմնվելով իր իսկ քարոզչական փուչիկի վրա` Ադրբեջանը հասկացնում է, որ եթե մինչև տարեվերջ Հայաստանը չընդունի իր առաջարկած պայմանները, ապա պատերազմն անխուսափելի է:
Սա լավ մտածված քաղաքական շանտաժ է, որը ուղղված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ արևմտյան երկրներին: Նրանց նույնպես Բաքուն առաջարկում է ընտրություն կատարել սեփական նավթագազային ծրագրերի և Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու հեռանկարի միջև:
Բայց որո՞նք են Ադրբեջանի նման «հզորության» իրական բաղադրիչները: Գաղտնիք չէ, որ անցած տարիներին, օգտնվելով նավթի բարձր գներից, Ադևբեջանը հսկայական քանակությամբ զենք ու ռազմամթերք է գնել հիմնականում Ուկրաինայից և «մետաղի ջարդոնի» վերածվելու շեմին գտնվող խորհրդային հին զինատեսակների ավելցուկ ունեցող այլ երկրներից:
Միաժամանակ տեղի է ունեցել բանակի վերակառուցում` թուրք-նատօյական չափանիշներով, որի հետևանքով փոխվել է ադրբեջանական զորքի հրամկազմը: Նախկին խորհրդային սպաների փոխարեն ներկայումս գերակշռում են Թուրքիայում ռազմական կրթություն ստացած զինվորականները: Ավելին, Թուրքիան ինքը որոշակի անվտանգության երաշխիքներ է տվել Ադրբեջանին, որոնք, սակայն, վերաբերում են ոչ թե ղարաբաղյան պատերազմի արդյունքների ռևիզիային, այլ նոր տարածքների կորուստը բացառելուն:
Բավարա՞ր է այն ամենը ռազմական գործողությունների վերսկսման և հաղթանակի հասնելու համար: Պատասխանը աներկբա է` ոչ միայն բավարար չէ, այլև խիստ անբավարար է: Պատճառներն առնվազն երեք են:
Առաջին` Ադրբեջանը հիմա է որակական առումով որևէ գերակշռություն չունի հայկական երկու պետությունների հանդեպ, որոնք բացի դրանից` ահռելի դիրքային առավելություն ունեն ղարաբաղյան ճակատում ամուր և աշխարհագրական առումով նպաստավոր պաշտպանական գծի գոյություն շնորհիվ:
Երկրորդ` Ադրբեջանի ժողովուրդը իր ճնշող մեծամասնությամբ չունի Ղարաբաղի համար կռվելու ու մեռնելու որևէ ցանկություն, մինչդեռ հայերը, մանավանդ Արցախում բնակվող հատվածը, պաշտպանելու են սեփական տունն ու հարազատներին:
Երրորդ և թերևս ամենակարևորը` Ադրբեջանը չի կարող պատերազմում հաղթելու որևէ հույս ունենալ, եթե նրա թիկունքին չկանգնեն տարածաշրջանում իրական շահեր ոնեցող գերտերությունները կամ էլ թեկուզ նրանց մի մասը:
Մինչդեռ այս առումով Բաքվի միակ հույսը Թուրքիան է, որը սակայն դարձել է Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Արևմուտքի ընդհանուր ռազմաքաղաքական նպատակների համատեքստում, իսկ դրանք ենթադրում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Դա է պատճառը, որ ի տարբերություն Վրաստանի նախագահի անհավասարաշիռ պահվածքի` Ադրբեջանի ղեկավարը 2008 թ.օգոստոսին վերջին պահին հետ կանգնեց ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների վերսկսման գայթակղությունից: Եվ նրան կրկին օգնեց Թուրքիան, որի հետախուզությունը քաջատեղյակ էր Հարավային Օսիա Վրաստանի ներխուժման և դրան հետևելիք Ռուսաստանի պատասխանի մասին:
Ակնհայտ է, որ եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը, ապա Ադրբեջանը ընկնելու էր այն նույն ծուղակի մեջ, ուր հայտնվեց Վրաստանը ռուս-վրացական կարճատև պատերազմի հետևանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել