
Պարզվում է՝ կոռուպցիան դրսևորվում է ոչ միայն Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդավայր Դսեղի կուսական անտառների հատումով, այլև նրա մեծ սիրուն ու հիացմունքին արժանացած Դսեղի լճերում: Բանաստեղծն իր ստեղծագործություններում դրանք ծովեր է կոչում:
Դսեղցիները պատմում են, որ տարիներ առաջ լեռնային աղբյուրներից, գյուղի շուրջ 700 հա վարելահողերը ոռոգելու համար կառուցվել են ջրագիծ, որով ջուրը նախ պետք է ամբարվեր լճում, ապա ոռոգման համար բաշխվեր գյուղացիներին:
Ինչպես վկայեցին լճափին մեզ հանդիպած դսեղցիները, լճի վրա ամրացված խողովակներով ջուր հոսել է մեկ անգամ, և շինարարությունը դեռ չի ավարտվել: Թե ե՞րբ, ի՞նչ միջոցներով և ո՞վ է կառուցել ջրագիծը, Դսեղի գյուղացիներն անտեղյակ էին: Ջրագծին վերաբերող մեր հարցերին կցկտուր պատասխաններ տվեց նաեւ Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը:

«Դա Դսեղի լեռնային աղբյուրներից 10 կմ երկարությամբ ինքնահոս ջրագիծ է, մի քանի տարի առաջ է սկսվել, դեռ չի շահագործվել, նախկին գյուղապետի ժամանակ են սկսվել ջրագծի աշխատանքները, էդ ընթացքում ես չեմ աշխատել, այլ տեղեկություն չունեմ»,- ասաց Գ. Հովսեփյանը:
«Նույնն էլ ես կասեմ, դա պիտի կառուցված լինի ՀՀ գյուղնախարարությանը պատկանող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության և կառավարման գրասենյակի կողմից, դրանց հետ կապված տվյալներին մենք էլ չենք տիրապետում»,- ասաց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վ. Բունիաթյանը:
ՀՀ գյուղնախարարության գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության և կառավարման գրասենյակի աշխատակից Գեորգի Գևորգյանը հեռախոսով մեզ տեղեկացրեց. «Ջրագծի աշխատանքներն ավարտված են, և ջրագիծն աշխատում է: Ջուրը գլխամասով գալիս է, լցվում է ամբարը, ասել է թե՝ Դսեղի լճերը, և ոռոգում է դաշտերը: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ՒՖԱԴ) վարկային ծրագրով այստեղ արվել է մոտեցման մասը և, իրար հաջորդաբար, մեր միջոցներով 770 հա ներքին ցանցի վերականգնում է արվել»:
Հարցին, թե որքա՞ն գումար է ծախսվել Դսեղի ոռոգման ջրատարի կառուցման համար, Գ. Գևորգյանը պատասխանեց. «Էսպես բոլորը չեմ հիշում, բայց սպասեք ասեմ՝ 9,5 կմ ջրագծի համար ծախսվել է 141 380 813 դրամ»: Պրն Գևորգյանը չհիշեց, թե ինչքան է ծախսվել ներքին ցանցի կառուցման համար:
Զավեշտական է, որ Դսեղի վարելահողերը որպես խոտհարք օգտագործող գյուղացիներն ու գյուղապետը մոտ կես մլն դոլարանոց, իբրեւ աշխատող ոռոգման ջրատարից անտեղյակ էին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել