HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գալուստ Սահակյան. «Ո՞վ ասաց, որ հայ-թուրքական սահմանը հենց այդտեղից է»

12_06-g_sahakyan2Ղարաբաղյան հակամարտության բոլոր խնդիրների լուծումները կախված են Ղարաբաղի կարգավիճակից: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Նախ` խոսենք Ղարաբաղի կարգավիճակից, հետո խոսենք` որն է գրավված, որն է ազատագրված: Այսինքն` մինչև գլխավոր սկզբունքը չի դրվում խնդիրների լուծման մեջ, մնացածներն ածանցյալ են այս պահին: Եթե մենք սկսենք ընկնել այն պրոցեսի մեջ, որ «ինչ ենք տալու, ինչ ենք վերցնելու», գլխավոր միտքը կաղավաղենք, և կարծում եմ` այն, ինչին սպասում ենք, շատ դժվարությամբ լուծումներ կգտնի: Որևէ հայ, ընդհանրապես որևէ մարդ չի կարող իր տարածքները տալ»,- նշեց Գալուստ Սահակյանը: Ըստ ՀՀԿ փոխնախագահի` այն ուժերը, որոնք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում` որոշակի կարգավիճակով, «ինձ համար թշնամի ուժեր են»: «Ղարաբաղը երբևիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իսկ դրանից հետո թե ինչ հողեր կազատագրենք, կամ արևմտյան մեր հայրենիքը ազատագրենք, դա մեր բաղձանքն է, մեր ամբողջ ոգեշնչումն է, և մեր ամբողջ արժեհամակարգը ձևավորված է հենց դրանով: Ես կողմնակից եմ, որ ոչ միայն դա, այլև ամբողջ Արևմտյան Հայաստանի խնդիրը լուծենք` դա էլ ազատագրենք: Իր գործունեության ամբողջ ակունքներով պիտի նվիրյալ լինի հայը այդ ցանկություններին, բայց այս դեպքում մենք ոչ թե խոսում ենք ցանկություններից, այլ ռեալ իրականությունից»,- ասաց Գալուստ Սահակյանը` արձագանքելով ԼՂՀ-ից երեկ վերադարձած լրագրողի այն դիտարկմանը, որ ԼՂՀ հրամանատարական կազմը և զինվորները միանշանակ նշում են, որ հայկական ազատագրված տարածքները հանձնելու մտադրություն ոչ միայն գոյություն չունի, այլև հայկական կողմը, անհրաժեշտության դեպքում, դեռ ազատագրելու տարածքներ ունի: Լրագրողներից մեկը նշեց, որ Մադրիդյան սկզբունքների հենց առաջին կետում շատ հստակ նշված է հայկական ազատագրված տարածքների Ադրբեջանին, այսպես կոչված, «հանձնման» մասին` ի տարբերություն կարգավիճակի մասին անորոշ ձևակերպումների, և Հայաստանի իշխանություններն ընդունել են այդ փաստաթուղթը` որպես բանակցության հիմք: Գալուստ Սահակյանը նշեց, որ ո'չ Հայաստանը, ո'չ էլ Ադրբեջանը այդ փաստաթուղթը չեն ընդունել, այլ ընդունել են հարցերի շրջանակը: «Վիճելի կետերի շուրջ վեճը, դիվանագիտական աշխատանքը շարունակվում են: Մադրիդյան փաստաթուղթը չենք ընդունում որպես մեր սրբության սրբոցը, որովհետև եթե Ղարաբաղի կարգավիճակը հայանպաստ ձևով լուծում չստանա, ինչպես մենք և մեր ժողովուրդն ենք ուզում, բնականաբար, այդ փաստաթուղթը մեզ համար մեծ կարևորություն չի կարող ներկայացնել»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը: Միաժամանակ նա նշեց, որ շրջանառվող հարցերը հայկական կողմին չեն կարող բավարարել, որովհետև դեռևս անորոշ շատ խնդիրներ կան: «Ասենք` ի՞նչ է նշանակում անվտանգության երաշխիքներ, ինչպե՞ս: Սա բավականին լուրջ քննարկման հարց է: Փախստականների վերադարձ: Իսկ դրա գնահատումները ինչպիսի՞ն պիտի լինեն, ենթադրենք` Շահումյանում և Գետաշենում, եթե վերադառնան: Բավականին լուրջ խնդիրներ կան»,- ասաց Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով ՀՅԴ-ի պահանջին, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է հրաժարական տա` Գալուստ Սահակյանը նշեց, որ հրաժարականի պահանջը քաղաքական հնարք է, որը քաղաքական հետևանքներ չի ունենա: Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցչի խոսքերով` լավ կլիներ, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հստակ իրենց կարծիքն արտահայտեն Արցախի հակամարտության վերաբերյալ, ինչպես «մենք ենք արտահայտում»: «Այսինքն` լեզվի հայրենասիրության ժամանակներն անցել են: Քաղաքական ուժերը պետք է իրենց դեգերումները, իշխանատենչության, իշխանահաճոյության բոլոր գործերը մի կողմ դնեն և կարողանան համախմբվել, և յուրաքանչյուրը քաղաքական դաշտում իր դերը կատարի: Պիտի միջազգային հանրությունը, համայն աշխարհը տեսնեն, որ մենք միակարծիք ենք մեր բնույթով, մեր ազգային կերտվածքով, և մեզ մոտ տարբեր կարծիքները միտվում են մի խնդրի շուրջ` որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի լուծվի: Ինչքան մենք միասնական, համակարծիք լինենք` որպես ազգ, ժողովուրդ, այնքան առավելությունները ավելի մեր կողմը կլինեն, այնքան հայանպաստ որոշումներ կկայացվեն նաև միջազգային հանրության կողմից»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նրա համոզմամբ` Հայաստանում կա «կարծիք», որը կողմ է Արցախից «ձերբազատվելուն»` ինչ-որ կարգավիճակով Ադրբեջանին տալուն: «Քավ լիցի, որ այդ արյունը քիչ է մեր ազգի մեջ», և գերակշիռ մեծամասնությունը հակառակ կարծիքն ունի, սակայն Գալուստ Սահակյանի խոսքերով` միջազգային հանրությունը և Ադրբեջանը կարծում են, որ քանի որ փաքրամասնության նման կարծիք գոյություն ունի, ուրեմն գուցե այդ կարծիքը տարածվի: Այս պատճառով է ինքը կողմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ Արցախյան հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն արտահայտի: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության` Սերժ Սարգսյանին ուղղաված նամակին, որով կուսակցությունը նախագահի հրաժարականն է պահանջել` Գալուստ Սահակյանն ասաց. ««Ժառանգության» ստեղծողը Րաֆֆի Հովհաննիսյանն է: 1992 թ. իր գործող իշխանությունը ԵԱՀԿ-ի շրջանակներում Նախագահների կոմիտեի փաստաթղթի տակ ստորագրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որտեղ գրված էր. «Ղարաբաղը` Ադրբեջանի կազմում»: 1992 թ. մեծ միտինգներ տեղի ունեցան: Այն ժամանակ թիվ մեկ գրանցված կուսակցությունը Հանրապետականն էր, և երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, փաստորեն, պահանջում էր, որ մեր պետությունը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այն ժամանակ եթե ճանաչած լինեին, միջազգային հանրության այս թատերաբեմում հայտնված չլինեինք, հիմա մեր դիվանագիտական կորպուսը մի այլ ճանապարհով կգնար: Առավել ևս` այդ ստորագրությունից հետո Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց, որ այսուհետև նման խնդիրներում որևէ պետական չինովնիկ իրավունք չունի որևէ փաստաթղթի տակ ստորագրություն դնել: Դրա համար էլ հիմա ՀԱԿ-ում կռվում են: Այն ժամանակ էլ իշխանության մի մեծ թևը հակված էր, որ Ղարաբաղը որոշակի կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները անպայման պետք է մասնակցեն բանակցություններին, ինչին կարող են նպաստել Մադրիդյան փաստաթղթի բաց քննարկումները: «Կարծում եմ` ամբողջ ուղղությունը հենց դրան էլ տանելու է, որովհետև այլևս հնարավոր չէ, որ ամբողջ աշխարհը բաց քննարկում է անում մի ժողովրդի հատվածի վերաբերյալ, և ժողովրդի այդ հատվածը իրավունք չունի քննարկումներին մասնակցելու»,- նշեց Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով` Արցախյան հարցը շուտափույթ լուծում չի ստանա, բայց կարող է նկատվել «արագընթաց դիվանագիտական աշխատանքի առաջխաղացում», որը մեծ ազդեցություն կունենա Արցախի` բանակցություններին մասնակցելու խնդրի վրա: «Եթե Ղարաբաղը պաշտոնական բանակցային կողմ է, արդեն միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ է ունենում: Դա առաջին կարևորագույն քայլն է, որ խնդիրը պիտի լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների սառեցմանը և նախագահ Սերժ Սարգսյանի` բաց սահմաններով ֆուտբոլ նայելու գնալու հավանականությանը` Գալուստ Սահակյանը նշեց. «Ես չեմ ասում` «սահմանները», այլ ասում եմ` «ճանապարհները» բացել: Հաճախ քաղաքական ուժերն էլ են «սահմաններ» ասում: Քաղաքական ուժերը` պետական իշխանավորները, պիտի կարողանան միջազգային նորմերով խոսել` «սահմաններ»: Բայց մենք պիտի ասենք` «ճանապարհներ», որովհետև ո՞վ ասաց, որ հայ-թուրքական սահմանը հենց այդտեղից է: Եթե առաջընթացներ կլինեն այդ ուղղությամբ, ուրեմն կգնանք ֆուտբոլ խաղալու: Եթե չեն լինի, ուրեմն չենք գնա ֆուտբոլ խաղալու»: Լրագրողներից մեկը հարց տվեց, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նշանակում է, որ դու ճանաչում ես տվյալ պետության սահմանները, իսկ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ պետության ճանաչումը չի նշանակում նաև այդ պետության սահմանների ճանաչում: «Մինչև այսօր մեր և Վրաստանի սահմանները դեռևս ճանաչված չեն: Մինչ այսօր Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանները լրիվ ճշտված չեն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter