Արա Հարությունյան. «Հեկտարից 50ց հացահատիկ հավաքելը միանգամայն իրատեսական է»
Հացահատիկայինների բերքատվության թեման էր օրերս քննարկվում ԼՂՀ Հադրութի եւ Մարտունու շրջաններում, որտեղ խորհրդակցություններ են անցկացվել վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:
Հադրութում շրջանի համայնքների ղեկավարների եւ խոշոր հողագործների հետ հանդիպման ընթացքում վարչապետը հացահատիկայինների մշակման վերաբերյալ իր դիտարկումներն է կիսել ներկաների հետ, խոսել պետական նոր մոտեցումների եւ նոր ծրագրերի մասին:
Ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմի տեղեկատության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հիշեցրել է անցած տարի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արձանագրված բերքատվության առավել ցածր ցուցանիշը, սակայն միաժամանակ շեշտել, որ ամեն ինչ չպետք է վերագրել բնությանը, քանի որ հիմնական բացթողումը հողի մշակության կանոնները չպահպանելն է:
Արա Հարությունյանը նոր գործելաոճ է առաջարկում հողագործներին`քիչ տարածքի վրա շատ գումար ծախսել, բայց բարձր եկամուտ ունենալ: Վարչապետի հավաստմամբ`պետական աջակցություն /վարկավորում եւ դոտացիա/ ստանալու են այն հողատերերը, ովքեր հողը մշակելու են պետության առաջարկած կանոնների համաձայն:
«Արցախի պայմաններն այնպիսինն են, որ հողի ճիշտ մշակման դեպքում հեկտարից 50ց հացահատիկ հավաքելը միանգամայն իրատեսական է»,-նշել է վարչապետը, ում կարծիքով, հենց այս ցուցանիշը պիտի լինի գալիք տարիների բերքատվության նշաձողը:
Իսկ թե որքանով կհաջողվի ապահովել այդ ցուցանիշը մոտակա տարիներին` դեռ վաղ է ասել, քանի որ այս տարվա բերքատվության ցուցանիշը սպասվածից շատ ավելի ցածր է: Օրինակ, Մարտունու շրջանում բերքահավաքի ենթակա 14 հազար 92 հեկտար ցանքատարածությունից հնձվել է 12 հազար 750 հեկտարը, որի արդյունքում գրանցվել է 13,2 ցենտներ միջին բերքատվություն:
Անհամեմատ ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել նախորդ տարվա սեւ ցելի տարածքներում իրականացված ցանքատարածություններում. այստեղ միջին բերքատվությունը կազմել է 23.6 ցենտներ:
Այս շրջանում շրջանում բերքահավաքը իրականացվել է առանց կորուստների. ՀՀ Գեղարքունիքի մարզից հրավիրված 5 հացահատիկահավաք կոմբայնների շնորհիվ հնարավոր եղավ ժամանակին ավարտել աշխատանքները, պատշաճ մակարդակի վրա էր նաեւ հակահրդեհային պաշտպանությունը:
Այդուհանդերձ, վարչապետը գոհացուցիչ չի համարում կատարված աշխատանքները: Նա դժգոհ է հատկապես հողի վարձակալներից, որոնք ի տարբերություն գյուղամերձ տարածքների սեփականատերերի, անհրաժեշտ ագրոմիջոցառումներ չեն իրականացնում:
«Մոտ ժամանակներում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները թույլ կտան անբարեխիղճ վարձակալի նկատմամբ որոշակի միջոցներ կիրառել, ընդհուպ մինչեւ` լուծել վարձակալության պայմանագիրը»,-տեղեկացրել է վարչապետ Արա Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել