Հովհ. Քոչինյան. «Ես ոչ թե յուրացում եմ կատարել, այլ պաշտոնական դիրքն եմ չարաշահել»
Հուլիսի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց «Ջիլիզա անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի գործով դատաքննությունը: Թեև նախորդ նիստում Հովհ. Քոչինյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանի միջնորդությամբ դատարանի կողմից տուժող էր ճանաչվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, այդուհանդերձ դատական նիստին վերջինիս ներկայացուցիչ չէր մասնակցում:
Նիստի սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դատարանը լսել է դատակոչված բոլոր վկաներին, այժմ պետք է հարցաքննվի ամբաստանյալ Հովհաննես Քոչինյանը: Դատավորն ամբաստանյալից պահանջեց մեղադրական եզրակացությամբ իրեն հասցեգրված մեղադրանքներին անդրադառնալ «առանձին դետալներով»:
Հովհ. Քոչինյանը սկզբում դատարանի պահանջով տեղեկացրեց, որ «Ջիլիզա անտառտնտեսություն»-ում աշխատել է 2003թ.-ի նոյեմբերից մինչև 2006թ.-ի հունիսը: 2006թ-ի հունիսի 14-ին « Հայանտառ»-ի տնօրենի հրամանով ազատվել է աշխատանքից: Հ.Քոչինյանն այդ հրամանը բողոքարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որի վճռով էլ վերականգնվել է իր աշխատանքում:
Թեև «Հայանտառ»-ը բողոքարկել է վճիռը սկզբում վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարաններում, սակայն այդուհանդերձ Քոչինյանը վերականգնվել է իր աշխատանքում: Հետագայում, սակայն Քոչինյանը հասկացել է, որ «Հայանտառ»-ը չի ցանկանում դատարանի վճիռը կատարել, մանավանդ, երբ նախարարի 2007թ.-ի հոկտեմբերի 2-ի հրամանով, 2 անտառտնտեսությունները` «Ջիլիզան» և Լալվարը» միացվել են:
«Այս մեղադրական եզրակացության շրջանակներում կան մի շարք աշխատանքներ, որոնք բանավոր համաձայնեցված են Գյուղնախարարության ու նաև «Հայանտառի» հետ: Օրինակ մեղվափեթակների հարցում, եթե «Ջիլիզայի անտառտնտեսության» գործավարությունը մենք նայենք, 2004թ.-ի ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ «Հայանտառի»-ին, որ օժանդակ տնտեսություն զարգացնելու նպատակով տնտեսությունում նպատակահարմար է զարգացնել մեղվաբուծությունը, կամ տնկարանային տնտեսությունը»,- ասաց Հով. Քոչինյանը:
Ըստ պ. Քոչինյանի մերժում չի եղել, սակայն «Հայանտառ»-ի կողմից դրանք չեն ընդունվել: Ամբաստանյալը փորձեց մեկնաբանել նաև բենզինի և դիզվառելիքի մասով 10մլն. 813 հազար դրամ իրեն առաջադրված մեղադրանքը.
«Որն ի պահ է տրված եղել իր «Շնող» ՍՊԸ-ին և ստուգումների ժամանակ չի եղել»,-ասաց նա: Անհաջող փորձեց բացատրել, թե ինչու այդ ապրանքը Շամլուղում չէր կարող լինել, ասաց որ «Շամլուղում որևէ տարա, թեկուզ 100լիտրի համար գոյություն չունի»: Սակայն նա չբացատրեց, թե այդ դեպքում ինչու է որոշել միանգամից 10,5 հազար լիտր բենզին և 22,7 հազար լիտր դիզվառելիք գնել տնտեսության համար:
Քոչինյանը դատարանին տեղեկացրեց, որ դիզվառելիքից 700լ-ը 2006թ.-ի մայիսին գյուղնախարարի բանավոր համաձայնությամբ տվել է Վայոց ձոր տնկիներ տեղափոխելու համար: Նշեց, որ տնկիների արժեքը կազմել է 1,2մլն. դրամ, որը վճարել է վաճառված վառելիքի փողից:
«Մնացած վառելիքի համար ես գրել եմ, որ «Շնող» ՍՊԸ-ն իր կարիքների համար օգտագործել է, և տեղը առաջարկել եմ մեղվափեթակներ 2,6մլն. դրամ արժեքով , մեղվափեթակների սարքավորումներ և «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: «Նիվա» մեքենան ես գնել եմ հիմնարկության փողերով, 2006թ.-ին, ձևակերպված ա 2007թ.-ին, այն ժամանակ նոր մեքենա էր, 2004թ.-ի արտադրության գինը կազմում էր 4մլն. դրամ, որը իրոք վճարված է Երևան քաղաքի բնակիչ Արթուր Ավագյանին: Էդտեղ իմ հիմնական բացթողումը, որը սխալ է, կամ դիրքի չարաշահում է, ընդամենն իմ իրավունքները գերազանցել եմ: Նախարարին խնդրել եմ ձևակերպել, ասել է` քանի որ առանց իմ գիտության է եղել, չի ձևակերպելու: Ասել է` վաճառի, վերականգնի: Ես ընդունում եմ, որ իհարկե իմ դիրքի չարաշահումով է դա արվել, բայց ասում եմ, իրադրությունից ելնելով` չէի էլ կարող ես առանց մեքենա: Օգտագործած գումարի մասով ես առաջարկել եմ 885 հազար դրամի դիզվառելիք, որը ի պահ է տրված Ալավերդու «Ճանշին» տեղամասի պետ Սամվել Տիտանյանին: Ես նաև «Հայանտառ»-ին առաջարկել եմ, որ եթե ասենք էդ մեքենայով, մեղվափեթակներով, այդ գույքով պատճառված վնասը չի դիտում իրենց անհրաժեշտ, առաջարկել եմ նաև կահույք, հիմա նորից առաջարկում եմ էլի դիզվառելիք: Այրում կայարանում է արդեն, 15տոն, 800լիտր կանգնած է, զանգ են տվել, որ ինչ անեմ էդ դիզվառելիքը, տամ Նոյեմբերյանի անտառտնտեսությանը, թե տամ Լալվարին, ասել են սպասի կպատասխանենք: Հիմա էլ էս պահին ես պատրաստ եմ, դիզվառելիքի մասով 16տ վերականգնել, որովհետև էն մյուս գույքը չեն ընդունում: 2005թ.-ի աշնանը «Հայանտառ»-ի համար գնվել են օդափոխիչներ, որոնք կան, կա փաստաթուղթը, էն ժամանակ ես դրան տվել եմ 750 հազար դրամ անընդհատ դիմել եմ, որ դրանք ձևակերպեն, ասել են կձևակերպենք: Ձևակերպվել է 3 տարի հետո, երբ այս գումարն իմ վրա հաշվանցվել է, որպես յուրացված գումար: Խնդրել եմ բազմաթիվ անգամ ձևակերպել 396 հազար դրամի արժողությամբ կահույքը: «Հայանտառ»-ը գրում է, որ այն գնումների մասին օրենքի խախտումով է գնվել: Հիմնարկի 400 հազար դրամ վերանորոգումը չի ձևակերպում, ասում է՝ լիցենզիա ունեցող կազմակերպություն պետք է վերանորոգումը կատարեր, մի կեսը ձևակերպված է, մյուս կեսը ձևակերպված չի: «Հայանտառ»-ը 2005թ.-ից մինչև հիմա 1,2 մլն դրամ ինձ աշխատավարձի պարտք ունի: Դա կարող է նույնպես մեղադրականում սահմանված գումարներից հաշվանցում անել»:
Հ. Քոչինյանը դատարանում հայտարարեց, որ ինքը որևէ կապ չունի «Էրիկ-Էդիկ» ՍՊԸ-ի հետ, կապն ունեցել է կինը` Լաուրա Մելիքսեթյանը: Իսկ 1,2մլն. դրամը նրանց կողմից որակեց ոչ թե յուրացում, այլ դեբիտորական պարտք:
«Ես ընդհանուր գումարային առումով, բենզին և դիզվառելիքի մասով, եթե իմ առաջարկած այդ ապրանքները չընդունի ես պատրաստ եմ 8,5 մլն. դրամի սահմաններում 16տ. վառելիք վերականգնել, մեղվափեթակներն եմ առաջարկում, որպես իմ գույք պարտքի դիմաց, կխնդրեի դատարանից պարզել կահույքի հարցը, կխնդրեի դատարանից ապացուցման ձևը գտնենք, պատրաստ եմ իմ ունեցած գույքի սահմաններում լրիվ վերականգնել «Հայանտառ»-ի պահանջները: Իմ ամբողջ գույքը դրված է կալանքի տակ, ոնց կուզեն շուկայի գներով էքսպերտի միջոցով գնահատեն: Ես չեմ խուսափում, պարզ է, սա նաև իմ սխալների հետևանք է, բայց նպատակային շահադիտական բան ես չեմ ունեցել»,- իր խոսքը եզրափակեց Հովհ. Քոչինյանը:
Քոչինյանին նրա պաշտպան Կարեն Թումանյանը հարցրեց. «Փաստորեն դուք մասնակի ընդունու՞մ եք Ձեր մեղքը»:
«Ես ընդունում եմ, ասենք որ ես ոչ թե յուրացում եմ կատարել, այլ պաշտոնական դիրքն եմ չարաշահել, վերադասի հետ անհամաձայնություններ է եղել, գերազանցել եմ իմ իրավունքները էդ մասով ընդունում եմ: Ես բենզինն ու դիզվառելիքը օգտագործել եմ, մասնակի ընդունում եմ, որ էդ դիզվառելիքն ու բենզինն էլ, դե պտի չծախսեի»,-հայտարարեց Հովհ. Քոչինյանը:
Զավեշտականն այն էր, որ Հովհ, Քոչինյանը գտնում էր, որ դիզվառելիքն ու բենզինը ոչ թե յուրացրել է, այլ օգտագործել է: Թե մեղադրականում յուրացված գումարից որքանն է պարտավորվում վերականգնել դատարանում Քոչինյանը չկողմնորոշվեց: Պաշտպան Կարեն Թումանյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին «Հայանտառ»-ի հետ վերադարձվելիք գումարի չափը հստակցվելու նպատակով դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել