HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Թթված եւ թաց հաց` ազատազրկվածների համար

26-07_hacՍնունդը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մշտապես եղել է ազատազրկվածների դժգոհության առարկա: Դա կապված է թե' սննդամաթերքի որակի, թե' ճաշի պատրաստման հետ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության, ամենից շատ դժգություն է առաջացնում ցածրորակ յուղը, որով ճաշ են պատրաստում ազատազրկվածների համար:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խոհարարը ոչ թե քաղաքացիական աշխատող է, այլ դատապարտյալներից մեկը, որը մասնագիտական կրթություն չունի: Ազատազրկվածների համար հացը թխվում է քրեակատարողական հիմնարկի տարածքում գտնվող հացաթխման արտադրամասում: Այդ հացը երբեմն լինում է թթված եւ թաց, որի պատճառով էլ ազատազրկվածների մեծ մասն ուտում է միայն հարազատների բերած սնունդը: Ըստ Արդարադատության նախարարության` «ձեռնարկված միջոցների շնորհիվ հացի որակը լավացել է, աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»: Հասարակական դիտորդների խումբը նաեւ արձանագրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղին հաճախակի է վնասվում` ստեղծելով անտանելի վիճակ հատկապես առաջին մասնաշենքում: Այս քրեակատարողական հիմնարկում առկա է նաեւ գերբնակեցման խնդիրը: Այստեղի շատ ազատազրկվածներ չունեն անձնական քնելատեղեր եւ քնում են հերթափոխով:

Ապակին խանգարում է ազատազրկվածին շփվել հարազատի հետ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գործող 2 տեսակցության սենյակներից մեկում ազատազրկվածն ու նրան այցելած հարազատը բաժանված են ապակե միջնորմով եւ շփվում են հեռախոսով: Այսպիսով` ազատազրկվածին անմիջական շփման հնարավորություն չի տրվում հարազատի հետ: Ըստ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի` տեսակցության այս պայմանները խտրականություն են ստեղծում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ազատազրկվածների համար: Մասնավորապես` բերդապահը կարող է կամայական ընտրությամբ որոշել, թե որ ազատազրկվածին թույլ տա անմիջական շփվել հարազատի հետ, եւ որին` տանեն ապակե միջնորմով սենյակ: Ապակե միջնորմի առկայությունն անհասկանալի է, քանի որ ոչ մի օրենքով չի նախատեսվում տեսակցության սենյակի այդպիսի սարքավորման պահանջ: Արդարադատության նախարարությունը ապակե միջնորմի առկայությունը բացատրում է անվտանգության ապահովմամբ: Սակայն անհասկանալի է, թե ազատազրկվածը ինչու պետք է ցանկանա վնասել իր հարազատին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter