Մրցույթի հաղթողներին պարգեւատրել է նախագահ Սարգսյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, մրցանակներ եւ վկայագրեր է հանձնել հաղթողներին:
«Զանգվածային սպորտը, ակտիվ հանգիստը ոչ միայն ամուր առողջություն են ապահովում, այլեւ բարձր, լավ տրամադրություն: Նայեք, թե ինչպիսի լավատեսությամբ են ճառագում առաջին հերթին երեխաների դեմքերը: Եթե մեր հանրապետությունում բոլոր ընտանիքիները զբաղվեին սպորտով, ակտիվ հանգստանային, ապա, կարծում եմ, մենք ամենաերջանիկ երկրներից մեկը կլինեինք:
Ես ցանկանում եմ, որ միշտ լավատես լինեք, որովհետեւ առողջությունը, տրամադրությունը, լավատեսությունը շատ լավ նախադրյալներ են, որպեսզի մենք կարողանանք կյանքում հաջողությունների հասնել: Պարտադիր չէ օլիմպիական չեմպիոն դառնալ, որ համարես, որ հաջողության ես հասել: Եթե քո երեխան առողջ է մեծանում, դառնում է հասարակության արժանի անդամ, ապա, որպես ծնող, բնականաբար, հաջողություն ես ունենում:
Բոլորիդ շնորհավորում եմ եւ ցանկանում, որ հաջորդ տարի 170 ընտանիքիների այս միությունը վերածվի գոնե 250 ընտանիքիների միության»,- նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` ասել է Ս. Սարգսյանը:
«Լավգույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի այս տարվա հաղթողներ են դարձել` Սանթրոսյանների ընտանիքը Երեւանից` երրորդ տեղ, Սահակյանների ընտանիքը Արարատի մարզից` երկրորդ տեղ, Եղյանների ընտանիքը Կոտայքի մարզից` առաջին տեղ: Հաղթող ընտանիքները ստացել են վկայագրեր եւ դրամական պարգեւներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել