
Հուլիսի 25-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 1 մանկապարտեզը անվանակոչվեց ախթալեցի Ծովինար Բլուդյանի անունով: Արարողությանը մասնակցում էր ոչ միայն Ծովինար Բլուդյանի որդին` Նորայր Բլուդյանը, այլ այդ օրը ախթալեցիներին հյուրընկալված թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51կգ) բռնցքամարտիկ կանանց-պրոֆեսիոնալների շրջանում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ գերթեթեւ քաշային կարգում IBF/WBA/WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը:

Ախթալայում էր նաև ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը, որը նաև Վախթանգի անձնական մարզիչն է:
«Մեզ համար այսօր տոնական երկու պատեհ առիթ ունենք, մեկը մեր շատ սիրելի համաքաղաքացի Ծովինար Բլուդյանի անունով մանկապարտեզի անվանակոչությունն է: Այս պահին ողջունում եմ պ. Նորայր Բլուդյանին, որը Մոսկվայի կառավարության տրանսպորտի փոխնախարարն է: Այսօր մենք պարզապես անվանակոչում ենք մանկապարտեզը, որից հետո կլինի «Միսս և միստր Ախթալա 2009» մրցույթը»,-ասաց Սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:
Նորայր Բլուդյանը իր հարազատներով բացեց անվանատախտակը:
Ախթալայի թիվ 1 մանկապարտեզը ներկայումս հաճախում են 30 երեխաներ: Մանկապարտեզի շենքը անբարեկարգ վիճակում է: Նոր անվանակոչված մանկապարտեզն օրհնեց և տերունական աղոթքներ կարդաց Հաղբատի վանահայր Տեր Ասպետը:
Ծովինար Բլուդյանի որդին` Նորայր Բլուդյանը, անվանակոչության համար շնորհակալություն հայտնելով Ախթալայի քաղաքապետարանին, ասաց. «Մենք մեր ուժի չափով ամեն ինչ կանենք, որ մեր մանկապարտեզում լավ երեխաներ դաստիարակվեն ու ինչով կարող ենք կօգնենք մանկապարտեզին»:
«Մինչ միսս և միստր Ախթալա» մրցույթի սկսվելը Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը շնորհակալգրեր հանձնեց Սյուզի Քենտիկյանին և Վախթանգ Դարչինյանին: Վերջիններս մինչև մրցույթի սկսվելը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Իր վերջերս կրած պարտության մասին Վախթանգ Դարչինյանն ասաց. «Ես հակառակորդիս պետք է ոչ նոկաուտով հաղթեի: Պարտության պատճառն այն էր, որ երևի տակտիկան ճիշտ չվերցրեցի: Մի քիչ էլ դատավորը շատ խիստ վարվեց, այտեղ նա հակառակորդիս թույլ տվեց գլխով ինձ հարվածել, ոչ թե նկատողություն արեց»:
Առաջիկա իր ծրագրերի մասին Վախթանգն ասաց. «Նոյեմբերին ունեմ մենամարտ էլի աշխարհի տիտղոսի համար: Այս պարտությունը ինձ համար պարտություն չէր, քանի որ ես երեք գոտիներ ունեմ, դա ես մի քարշ բարձր գոտու համար էի կռվում»:
Իր հավատացյալ լինելու մասին Վաղթանգ Դարչինյանը ասաց, որ «իր հավատքի մեջ էլի մի հավատք կա, որ էլի հաղթելու է: Ես վերջին հակառակորդիս հետ պետք է էլի մենամարտեմ, երևի մյուս տարվա կեսերին, դեռ պարզ չէ, սակայն այդ մարտում կապացուցվի, թե ով է ճիշտ»,- ասաց Վ. Դարչինյանը:
Սյուզի Քետիկյանն էլ լրագրողներին ասաց, որ դեռևս չգիտե, թե երբ Հայաստանի դրոշի տակ հանդես կգա: «Այժմ Գերմանիայի դրոշի տակ եմ հանդես գալիս»,- ասաց նա:
Իր առաջիկա ծրագրերի մասին Սյուզի Քետիկյանն ասաց, որ մի քիչ կմնա Հայաստանում, նորից կվերադառնա Գերմանիա և կսկսի իր պարապմունքները: Նրա խոսքերով` իր նախընտրած սպորտաձևը իր համար ծանր չէ, քանի որ շատ է սիրում այդ սպորտաձևը: Աշխարհի ուժեղագույն հայ մարզիկներն ընդգրկված էին «Միսս և միստր Ախթալա» մրցույթի ժյուրի կազմում և պետք է որոշեին Ախթալայի ամենագեղեցիկ աղջկան ու տղային: Վերջին շրջանում Խաչիկյան եղբայրների կողմից ախթալեցիների համար կազմակերպված հաճելի միջոցառումները դառնում ավանդույթ: Սակայն ախթալեցիների սոցիալական հիմնախնդիրները շարունակում են մնալ անլուծելի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել