HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետարանում սպասում են, որ լրագրողները համայնքի անապահով ընտանիքների մասին իրենց հայտնեն

Vararan_27.07.09 Արմավիրի մարզի «Շահումյանի թռչնաֆաբրիկա» համայնքում ապրող Հայկուշ Կարապետյանի ընտանիքին այցելեցինք երկրորդ անգամ: Այցելության նպատակը մեկն էր` պարզել, թե համայնքապետն ու մարզպետարանի սոցիալական վարչության աշխատակիցները որքանով են հետամուտ լինում մամուլում բարձրացված իրենց համայնքի կամ տարածքի բնակչի խնդիրներին: Կարապետյանների ընտանիք կատարած մեր առաջին այցելությունից հետո անցել է 3 ամսից ավելի, սակայն այս օգնության կարիք ունեցող ընտանիքով ոչ ոք չի հետաքրքրվել (Տես`Երեխաներն իրենց անկողինը կիսում են օձերի ու կարիճների հետ , http://hetq.am/am/society/shahumyan-3/): Երբ Արմավիրի մարզպետարանի Սոցիալական ապահովության բաժնի պետ Վարդան Ալեքսանյանից հետաքրքրվեցին, տեղյա՞կ է, Հայկուշ Կարապետյանի ու նրա ընտանիքի սոցիալական վատ պայմանների մասին եւ մարզպետարանն ի՞նչ կարգի օգնություն է նախատեսում նրանց համար, մի տեսակ զարմացած պատասխանեց. «Հետաքրքիր է, ձեր կարծիքով մեզ մարզպետարանը որտեղից պետք է իմանա անապահով ընտանիքների մասին, եթե մեզ չտեղեկացնի համայնքապետը, սոցիալական բաժինների աշխատողները կամ էլ հենց քաղաքացին»: «Եթե համայնքապետն անտարբեր է իր համայնքի բնակչի հարցում, մարզպետարանն անելիք չունի՞»,-հարցրի բաժնի պետին: «Այդ դեպքում խոստանում եմ, մեծ հանձնաժողով կձեւավորեմ ու մոտ օրերս կուղարկեմ Հայկուշ Կարապետյան տուն, որպեսզի պարզենք, թե նրանք ինչ խնդիրներ ունեն: Գյուղացին չպետք է ասի՝ եկեք ինձ օգնություն տվեք, որովհետեւ այսօր ոչ ոք օգնություն չի ստանում: Գյուղում են ապրում թող գնան քախհան անեն ապրեն»,-պատասխանեց Վարդան Ալեքսանյանը: Մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետն իր անփոփոխ կարծիքին մնաց նաեւ, երբ փոխանցեցինք, որ Հայկուշ Կարապետյանը շաքարային դիաբեդով հիվանդ է, հարսը` Ռուզանան հղի է, իսկ որդին` Գրիգոր Սաֆարյանն աշխատանք չգնելով աղբանոցում ապակե տարաներ, գունավոր մետաղներ հավաքելով է ընտանիք պահում: Karapetyans2_27.07.09 Հիշեցնենք, որ Հայկուշ Կարապետյանը որդու, հարսի ու թոռների` 6 տարեկան Հայկուշիկի եւ 7-ամյա Սամվելի հետ ապրում է երկաթյա տնակում: Նրանք չունեն սեփական հողամաս եւ տնակը տեղադրված է համայնքային հողի վրա: Հայկուշը սեփականաշնորհման ժամանակ հող չի վերցրել ու երբ հասկացել է սխալն` արդեն ուշ է եղել: Karapetyans_27.07.09«Երեւի գյուղի ամենախեղճ ընտանիքն ենք: Ամիսը մեկ ենք լողանում: Հլա երեխաներին կարանք տաշտի մեջ լողացնենք, բա ես մեծ կնիկ ո՞նց մտնեմ տաշտի մեջ լողանամ: Եթե աշխատելու ի վիճակի լինեինք ո՞վ կուզի վիզը ծռի պետությունից բան ուզի, որ ուտի չմեռնի»,-«Հետքին» պատմում էր տիկին Հայկուշը: Այս տարի արդեն 3 անգամ նրանց տնակ կարիճ ու մեկ անգամ էլ օձ է մտել եւ երեխաների բախտը պարզապես բերել է, որ թունավոր կենդանիները չեն խայթել: «Ջանս ահ ու դող է ընկել, թե նոր ծնվող երեխային ոնց ենք պահելու, որ կարիճն ու օձը չկծի: Հիմա ամբողջ գիշեր չեմ քնում, նստում եմ, որ կարիճը երեխեքի անկողին չմտնի: Շան օրի ենք ապրում, չգիտենք էլ, թե վերջներս ինչ է լինելու: Շաքարով հիվանդ եմ, իմ դարդը չեմ, էգուց կմեռնեմ կգնամ, տղուս ու թոռներիս դարդն եմ, որ մի տանիք ունենան գլխներին: Հենց անձրեւ ա գալիս, ինչքան աման-չաման ունենք բերում փռում ենք պոլերին, որ կրիշից լցվող ջուրը դոմիկով մեկ չտարածվի: Բա սա կյանք ա, որ ապրում ենք»,-հուզված պատմում էր Հայկուշը: Մեր այցելության պահին Հայկուշի որդին` Գրիգորը, նոր էր եկել աղբանոցից, որտեղից պլաստմասե իրեր, պոկված կոշիկներ էր բերել, որպեսզի դրսում տեղադրված վառարանում վառեին ուտելիք պատրաստելու համար: Աղբանոցից հավաքված վառելիքի մի մասն էլ ամբարվում է` ձմռանը վառելու համար: Նա աղբանոցում այնքան երկար էր մնացել, որ հոգնել էր եւ տուն մտնելուն պես, առանց լվացվելու քնել էր: «Տղուս որ նայում եմ, շաքարս ավելի ա բարձրանում: Մի տղա ունեմ ու հիմա աղբանոցում է իրա ընտանիքի հացը վաստակում: Որ նայում եմ, թե ինջ տանջված տեսքով է տուն գալիս, գլխիս կրակ է լցվում: Բացի դա, վախենում եմ, որ աղբանոցից վարակ  ու հիվանդություններ տուն կբերի, փոքր երեխեք են մի օր էլ կհիվանդանան, տունս կքանդվի»,-ասաց Հայկուշ Կարապետյանը: Նրա ասելով, շաքարային դիաբետի դեղերը գումար լինելու դեպքում դեղատներից է գնում: Մինչդեռ նման հիվանդների համար դեղորայքը քաղաքացիներին տրվում է պետպատվերով: Տիկին Հայկուշը չգիտեր այդ մասին, դեռ մի բան էլ ուրախանում էր, որ մի քանի անգամ գյուղի ամբուլատորիայի բժշկուհին անվճար մի քանի հաբ է տվել: Արմավիրի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Վարդան Ալեքսանյանի նաեւ այդ հարցով պետք է զբաղվի: Նշենք, որ 5 անձից բաղկացած ընտանիքը ամսական ստանում է 21 հազար դրամ նպաստ եւ սա ընտանիքի միակ հաստատուն եկամուտն է: Այս ընտանիքի հարցով մի քանի անգամ զանգահարել ենք «Շահումյանի թռչնաֆաբրիկա»համայնքի գյուղապետ Արթուր Յայլոյանին, սակայն նա առանց այս ու այն կողմ ընկնելու, միանգամից հայտարարել է, որ ընտանիքին չի պատրաստվում ինչ-որ հարցով օգնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter