HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Նոյեմբերյանի մարզադաշտի ոդիսականը

27_07-noyՆոյեմբերյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտը չհնձած խոտհարք է հիշեցնում: Խաղադաշտի ժանգոտած դարպասները կրնկի վրա բաց են մարդկանց եւ անասունների առաջ: Չորացած բարձր խոտերի, տատասկների միջով բացված մի կածանով առաջ եմ շարժվում: Դարպասներից մեկի մոտ երկու տարի առաջ կատարված շինարարությունից մնացած մեծ հողաթումբ է, իսկ եզրային գծի մոտ քաղաքի կենտրոնական մասում գտնվող առեւտրի օբյեկտներից թափված աղբն է, որի մեծ մասը տեղում այրել են: Նոյեմբերյանի կենտրոնում, քաղաքի ամենաերեւելի հատվածում գտնվող խաղադաշտը շատ տխուր տեսք ունի: Մինչդեռ 90-ական թվականների երկրորդ կեսին այս խաղադաշտում հանդես էին գալիս Հայաստանի բարձրագույն խմբի թիմերը: Նոյեմբերյանի ֆուտբոլային «Ազնավուր» թիմը բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում միջին տեղեր էր զբաղեցնում: Նոյեմբերյանն այժմ հանրապետության բարձրագույն կամ առաջին խմբում թիմ չունի: Հանրապետական առաջնությանը մասնակցող քաղաքի մանկապատանեկան թիմն էլ արդեն 2 տարի հարկադրված Հաղթանակ կամ Կողբ գյուղերի մարզադաշտում է հանդիպումներ անցկացնում: Պատճառը Նոյեմբերյանի մարզադաշտի արդեն երրորդ տարին ընթացող ու մոտ ապագայում ավարտի հույս չներշնչող շինարարությունն է: 2007 թ. սեպտեմբերին հայրենի Կառավարությունն առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից մարզերին հատկացրեց 9 մլրդ 817 մլն 800 հազար դրամ: Այդ նպատակով Տավուշի մարզպետարանին տրվեց 896 մլն 772 հազար դրամ: Առջեւում նախագահական ընտրություններն էին, իշխանությանը օդի ու ջի պես հարկավոր էին ժողովրդի քվեները: Մարզերի բնակիչները պետք է տեսնեին, համոզվեին, թե հայրենի կառավարությունը որքան հոգատար է իրենց հոգսերի հանդեպ եւ պետբյուջեից գումարներ է հատկացնում համայնքային հիմնահարցերի լուծմանը: Նոյեմբերյան քաղաքում բյուջետային այս հատկացումով 3 ծրագիր իրականացվեց: Ծրագրերից մեկով ֆուտբոլի մարզադաշտը պիտի վերանորոգվեր: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվեց 50 մլն դրամ: 48 մլն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Սկսվեցին աշխատանքները, խաղադաշտը 6 մետր ընդլայնվեց, որպեսզի այն համապատասխաներ ֆուտբոլային մարզադաշտերի ընդունված չափերին, կառուցվեց խաղադաշտի նոր հենապատ եւ 27 մ երկարությամբ ու 6 մ լայնությամբ շինություն: Այս շենքում պետք է լինեին թիմերի հանդերձարանները, երկու փոքր մարզադահլիճ: Կառույցի երրորդ հարկը բաց էր լինելու` բարձր տանիքի ներքո, օթյակի նման, որպեսզի այդտեղից մարզական ղեկավարները եւ պատվավոր հյուրերը հետեւեին ֆուտբոլային մրցավեճերի ընթացքին: 27_07-noy-1Շինարարությունն ավարտվեց 2007 թվականի վերջին: Սակայն ի՞նչ տվեց պետբյուջեից 48 մլն դրամի ծախսը: Մարզադաշտի հենապատն ու երկհարկանի շենքը կառուցված են: Սակայն կառույցից միայն պատերն են կանգուն: Հարկերի միջեւ բաց տարածություն է, բավական է աստիճաններից մի անզգույշ քայլ եւ ընկնում ես ներքեւ: Երկրորդ հարկի բետոնե առաստաղն էլ կիսով չափ բաց է մնացել: Տանիքի, դռների ու պատուհանների բացակայությունը, կիսափակ ծածկը ավերված շենքի տպավորություն են թողնում: Ի՞նչ հանդերձարան, ի՞նչ մարզասրահգ Ցանկացած շինարարություն, կառուցապատման ծրագիր վերջնարդյունք է ունենում, այս դեպքում արդյունքի, ավարտուն տեսքի մասին խոսելն ավելորդ է: «Ի՞նչն են հանձնել շինարարներըգ», երբ այս տարեսկզբին սույն «օբյեկտի» ճակատագրի մասին հարցրի Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, նա ասաց, որ մարզադաշտի վերանորոգման ծրագիրը մի քանի փուլով է իրականանալու: Քաղաքապետն ասում էր, որ ընթացիկ տարում 76 մլն դրամ է նախատեսված խաղադաշտի շինարարության երկրորդ փուլի համար: Նման չափի գումարի հատկացումը կասկած էր հարուցում, որովհետեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Կառավարությունը ստիպված է շատ ծրագրեր վերանայել: Այդպես էլ եղավ: Մարզադաշտի շինարարության երկրորդ փուլի համար պետբյուջեից հատկացվեց ընդամենը 28 մլն դրամ: Հուլիսի 6-ին կայացավ շինարարության մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 17-ին: Ինչպես եւ սպասվում էր, անակնկալներ չեղան. կրկին մրցույթի հաղթող ճանաչվեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Սովորաբար, պետբյուջեի միջոցներով Նոյեմբերյանում իրականացվող շինարարությունների մրցույթների հաղթող են ճանաչվում Իջեւանի շինարարական կազմակերպությունները: Նշենք, որ այս օբյեկտի պատվիրատուն Տավուշի մարզպետարանն է: «Հայկ եւ որդիներ» շինարարական կազմակերպության ղեկավար Ժորա Ղազումյանին հարցրինք, թե 28 մլն դրամով ի՞նչ աշխատանքներ են իրականացնելու: Նրա ասելով` այս գումարով կհեռացնեն նախորդ շինարարությունից մնացած հողի կույտերը, կփակեն «բազմաչարչար» շենքի տանիքը, ներքին կառուցապատման աշխատանքներ կկատարեն: Այս աշխատանքները նա հիմնավորեց նրանով, որ ափսոս է կիսակառույց շենքը, կոնստրուկցիաները տեղումներից փչանում են, եւ շենքը հարկ է փրկել: Առաջիկայում կսկսվի շինարարության երկրորդ փուլը: Սակայն այս ծրագիրն էլ հաջողությամբ իրականացնելու, կիսակառույցը «փրկելուց» հետո էլ Նոյեմբերյանի կենտրոնում գտնվող դաշտը մարզադաշտի չի նմանվի: Հարկ է դաշտի խոտածածկը հարթեցնել, թիմերի ղեկավարների եւ պահեստային խաղացողների համար տաղավարներ, մարզասերների համար էլ նստատեղեր կառուցել եւ այլն: Տեղանքն այնպիսին է, որ նստատեղերը միայն մի կողմում կարող են կառուցվել` մարզադաշտի թեք լանջին, քաղաքի կենտրոնական` Երեւանյան փողոցում գործող առեւտրի օբյեկտների` վագոն-տնակների, կրպակների, տաղավարների տակ: Դրա համար հարկ կլինի հնամաշ, խողովակների վրա հենված, տհաճ տեսք ունեցող վագոն-տնակների, կրպակների տեղում ճարտարապետական քիչ թե շատ նորմալ տեսք ունեցող կառույցներ սարքել: Ի վերջո, հարկ է կանխել այդ խանութներից զանազան աղբի, սննդի մնացորդների եւ պոլիէթիլենե տոպրակների ու տարաների նետումը խաղադաշտ: Կառավարությունն «առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդրի»` մարզադաշտի համար պետական բյուջեից, ասել է` հարկատուների գրպանից երկու անգամ, ընդհանուր հաշվով 76 մլն դրամ գումար է հատկացրել, սակայն այդպես էլ իր համար չի պարզել այդ խնդրի լուծման ձեւը, արժեքը եւ ժամկետը: Դեռ քանի՞ տարի, շինարարության քանի՞ փուլ եւ դեռ քանի՞ մլն դրամ է հարկավոր սահմանամերձ քաղաքում մի փոքրիկ ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու համար: Ինչպես ասում են` «հոնքը շինելու տեղ աչքն էլ հանեցին»: Քաղաքի միակ մարզադաշտը անասունների արոտատեղի է դարձել, նոյեմբերյանցի պատանիներն էլ ստիպված են տարածաշրջանի գյուղերում անցկացնել իրենց ֆուտբոլային մրցավեճերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter