HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակայնությունն այստեղ երբեք չի թափանցել

27_07-vanadzorԱնշուք ու մութ սենյակներ՝ կիսամութ միջանցքով, որտեղ մի քանի աթոռից, բազմոցից ու սեղանից բացի ոչինչ չկա: Սա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ՔԿԱԳ/ Վանաձորի բաժինն է իր 3 աշխատողով, մի քանի սենյակով ու գույքով: Այն սպասարկում է շուրջ 130.000 բնակչի՝ Վանաձորն ու Գուգարքի տարածաշրջանն իր 21 գյուղական բնակավայրերով:

Բաժնի մասին վկայում է ցուցանակն ու մուտքի դռան վրա փակցված աշխատաժամերի մասին ազդարարող սպիտակ թուղթը: Որեւէ այլ ցուցանակ կամ էլ տեղեկատվական վահանակ բաժնում չկա: ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շունչն այստեղ չի էլ զգացվում: Համաձայն օրենքի՝ պետական հիմնարկները պարտավոր են ոչ միայն գործել հրապարակային, այլեւ ապահովել հրապարակայնությունն ու մատչելիությունը՝ իրենց կողմից տնօրինվող տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնել քաղաքացիներին: Մինչդեռ որեւէ տեղեկատվություն, թե ինչ ծառայություններ է մատուցում այս բաժինն իր գնացուցակով, ՔԿԱԳ Վանաձորի բաժնում չես գտնի: Բանից անտեղյակ քաղաքացին, եթե առաջին անգամ գործ ունենա ՔԿԱԳ Վանաձորի բաժնում, դժվար թե արագորեն կողմնորոշվի՝ ինչ անել, ինչպես անել, ինչքան վճարել: Թե ինչպիսի դիմումների օրինակելի ձեւեր կան ու ինչպես պետք է լրացվեն դրանք, ինչ է հարկավոր, օրինակ, ծնունդը գրանցելու համար, ամուսնալուծվելու դեպքում ինչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել կամ ինչ արժե, ասենք, անվանափոխումը, որեւէ տեղեկատվություն այս հարցերի վերաբերյալ չկա: Միակ տեղեկատվական աղբյուրը ՔԿԱԳ բաժնի պետն է իր երկու աշխատակցով, ովքեր, իրենց ասելով, առանց զլանալու բացատրում են մարդկանց, թեեւ դա իրենց աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում: Բաժնի պետ Ռուբեն Ենոքյանի աշխատասենյակի դուռը օրվա մեջ ամենաշատն է բացվում-փակվում՝ քաղաքացիներն են իրենց տարաբնույթ հարցերով անհանգստացնում: Ենոքյանը թեեւ չի մտապահել օրական իրեն հարց տվողների թիվը, բայց միանգամից ասում է, որ շատ-շատ են: «Քաղաքացին հնարավոր է 10 րոպե կանգնի հերթում, հերթը հասնելուն պես հարցնի, օրինակ ճշտի, թե տվյալ գործարքը մեր մարմի՞նն է անում, թե՞ այլ տեղ պիտի դիմի»,- ասում է Ռ. Ենոքյանը: Իսկ ինչու՞ քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ունեցող այս հիմնարկում, որտեղ ելումուտը շատ է, օրինակ` հունիսին 478 գործարք է կատարվել, չհաշված պարզապես տեղեկություններ ճշտողներին, չկա գոնե մեկ տեղեկատվական վահանակ, ուր նշված կլիներ այս բաժնի մատուցած ծառայությունների ցանկը եւ դրանց համար պահանջվող փաստաթղթերը: «Մի քանի անգամ փակցրել ենք կոնկրետ դիմումների լրացման ձեւերը, բայց ինչ-ինչ պատճառներով քաղաքացիները կամ պատռել են, կամ հանել են»,- բացատրում են այստեղ: Մի քանի անգամ փակցված տեղերից պատռվելուց կամ անհետանալուց հետո ՔԿԱԳ Վանաձորի բաժնում քաղաքացիներին այս կերպ տեղեկացնելու մեթոդից հրաժարվել են՝ շարունակելով կիրառել ավանդականը՝ թակել դուռն ու հարցնել պաշտոնյայից: «Եթե քաղաքացին ընդունակ է վնասելու, ոչնչացնելու, հետեւաբար մեր գրառումները` խնդրում ենք չպատռել, միանշանակ օգուտ չեն տա»,- համոզված է ՔԿԱԳ Վանաձորի բաժնի պետը: Պրն Ենոքյանը պատմում է, որ իր աշխատողները դիմումներ լրացնելիս եւս օգնում են քաղաքացիներին, շատ են այն քաղաքացիները, որ սովորական «շաբլոն» դիմումը չեն կարողանում լրացնել: Հարցերին պատասխանելը մեր աշխատանքի որակի վրա չի ազդում»,-ասում է Ռ. Ենոքյանը: Նա կարծում է, թե անհնար է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի օրենսդրական փոփոխություններից կամ էլ վերադասի որոշումների պատճեններից կազմված տեղեկատվական անկյուն ստեղծել՝ «այդ դեպքում ես պետք է ամեն օրենք հատ-հատ գրեմ, փակցնեմ: Դա ճիշտ չէ»: Նրա միակ առաջարկը հաստիքի ավելացումն է այնպիսի մասնագետի համար, ով կզբաղվի հենց տեղեկատվություն ապահովելով՝ ասենք կպատասխանի, թե ինչի համար ինչ է հարկավոր անել ու ինչքան գումար պետք է վճարել բանկում: Մի խոսքով, կլծվի քաղաքացիներին տեղեկացնելու գործին: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում վերահսկողության տակ է ՔԿԱԳ Վանաձորի բաժինը, նույնպես հավաստեց, թե քաղաքացիները մի քանի անգամ պոկել են փակցված դիմումների ձեւերը: Քաղաքապետը, սակայն, խոստացավ բաժնի պետին գրավոր առաջարկել ապահովել հրապարակայնությունը, թեկուզեւ քաղաքացիները շարունակեն պատռել դրանք: Վանաձորցիները, թեեւ նրանց մեծ մասի անտեղյակությանը, պահանջ ունեն բարեկեցիկ ՔԿԱԳ բաժնի ու ասում են, թե խելամիտ մարդիկ իրենց թույլ չեն տա պոկել փակցված տեղեկատվական թերթիկները կամ էլ դիմումների ձեւերը: Վանաձորցի Անի Ղամբարյանը կարծում է, թե ամեն ինչից զատ, լավ կլիներ, որ այս հաստատությունը տրամադրող լիներ նաեւ հարսանյաց հանդեսների ժամանակ: Այնինչ, ամուսնությունը վավերացնող սենյակը շատ գորշ է: «Որպես ապագա փեսացու` կուզեի, որ ամուսնությունս գրանցվեր գեղեցիկ սրահում, այլ ոչ թե փոքր, կիսամութ այդ խուց կոչվածում»,- ասում է երիտասարդ Արթուր Սուքիասյանը: Ոչ միայն բարեկեցիկության, այլեւ տեղեկատվական անկյունի պակաս են զգում երբեւէ ՔԿԱԳ Վանաձորի բաժնում գոնե մեկ անգամ գործ ունեցած քաղաքացիները: Ելենա Մուրադյանը թեեւ չի դժգոհում բաժնի աշխատանքներից, այնուամենայնիվ, կարեւորում է հրապարակայնությունը: «Հաճելի կլիներ, որ դիմումների ձեւերը, տեղեկությունները փակցված լինեին մի անկյունում, բայց եւ այնպես չենք դժվարանում, իրենք էլ շատ նորմալ պատասխանում են»,- ասում է Ելենան: 24 տարեկան Օվսաննա Հարությունյանն էլ կարծում է, թե բաժնի աշխատողները պարտավոր են մեկ առ մեկ պատասխանել այցելուների հարցերին` «եթե այդտեղ է աշխատում, ուրեմն հարցերին պատասխանելը նրա գործն է»: 22 տարեկան Սուրեն Անանյանը մինչ այս հաստատության հետ գործ ունենալը տեղեկացված չէր, թե ընդհանրապես ինչպես են որեւէ ակտ գրանցում: Տեղում աշխատողները բացատրել են նրան՝ օգնելով լրացնել որդու ծննդյան վկայականի ստացման համար դիմումը: Նա հիշում է, որ որդու ծննդյան վկայականի համար 1100 դրամ է վճարել բանկերից մեկում: «Ամուսնությունս չեմ գրանցել, այլ երեխային հայրություն եմ ճանաչել, դրա համար էլ ասեցին, որ պիտի վճարեմ վկայականի համար»,- հայտնեց նա: Նրան եւս դիմումի լրացման գործում օգնել են բաժնի աշխատողները, իսկ մինչեւ վկայանը ստանալը 4 ժամ հերթ է կանգնել, այն էլ` ձմռան ցուրտ եղանակին: «Ի՞նչ տեղեկատվական անկյունի մասին կարելի է խոսել, եթե ձմռանն այստեղ աշխատելն անտանելի է»,- իր ղեկավարած բաժնի պայմաններն է ներկայացնում Ռ. Ենոքյանը: Ձմռանը ՔԿԱԳ Վանաձորի բաժնի շենքը չի ջեռուցվում՝ էլեկտրական սալիկները հազիվ գրիչն են տաքացնում: Բաժնի պետը հույս ունի, որ մի օր իրենք էլ նորմալ պայմաններում կաշխատեն: Առաջիկայում այստեղ պատրաստվում են թվայնացնել աշխատանքը՝ ձեռքով մատյանները լրացնելու փոխարեն կաշխատեն համակարգչով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter