Օգտվել քննիչի, թե՞ հանրային պաշտպանի ծառայությունից
Հանրային պաշտպանի գրասենյակի տվյալներով` 2008 թվականին արձանագրվել է հանրային պաշտպաններից (հ/պ) հրաժարվելու 364 դեպք, ինչը 54-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով հրաժարումների քանակը կտրուկ նվազել է` հասնելով 102-ի:
Սակայն սա չի նշանակում, որ մարդիկ սկսել են ավելի շատ օգտվել հանրային պաշտպանի ծառայությունից, պարզապես, եթե նախկինում մեղադրյալը կամ կասկածյալը պաշտպանի ծառայությունից կարող էր հրաժարվել միայն վերջինիս ներկայությամբ, ապա հիմա, Հանրային պաշտպանի գրասենյակի կայացրած որոշման համաձայն «հրաժարման» գործընթացում պաշտպանի ներկայությունն ամենեւին պարտադիր չէ: Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժանմունքի քննչական բաժնի պետ Լյովա Ղազարյանը վստահեցնում է, որ իրենք մեղադրյալներին անպայման բացատրում են պաշտպանի ծառայությունից օգտվելու կարգը եւ «եթե հարցաքննվողներն ուզում են` անմիջապես հրավիրում են հանրային պաշտպան»:
«Քննիչների կարծիքով պաշտպանը խոչընդոտող օղակ է իրենց համար, քանի որ պաշտպանի ներգրավվածության դեպքում մեղադրյալի իրավունքները ոտնահարելն ավելի դժվար է: Հետեւաբար, մինչեւ հ/պ-ն հրավիրելը, նրանք մեղադրյալներին նախնական «մշակման» են ենթարկում, որպեսզի պաշտպան չուզեն: Շատ դեպքերում մենք ի սկզբանե գիտենք, որ գնում ենք ոստիկանություն, որպեսզի մեղադրյալը մեր ներկայությամբ հրաժարվի: Հիմա, նոր որոշման համաձայն, այլեւս չենք գնում, եւ դա արվում է միայն քննիչի մասնակցությամբ»,- պարզաբանում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյանը:
Ստացվում է, որ հանրային պաշտպանի բացակայությամբ պաշտպանի ծառայություններից հրաժարվելու դեպքերն այլեւս չեն արձանագրվում համանուն գրասենյակում: Միայն սա է պատճառը, որ թեեւ հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների թիվը չի ավելացել, սակայն պաշտպանից հրաժարվողների թիվը նվազել է: Անահիտ Սաղաթելյանը սպասարկում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի համայնքներն ու տեղի զինվորական կայազորը: Տկն Սաղաթելյանը զարմացած է, որ զինվորական գործերով հազվադեպ են պաշտպան հրավիրում, երբ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ մեղադրյալը ժամկետային զինծառայող է: Հանրային պաշտպանները կոչված են բնակչության անվճարունակ խավին իրավաբանական օգնություն ցուցաբերելուն: Նկատենք, որ Գեղարքունիքի մարզում բնակչության չքավորության աստիճանը բավականին բարձր է, ինչը ենթադրում է, որ հանրային պաշտպանի ծառայությունից օգտվողների թվաքանակը պետք է մեծ լինի: Սակայն դա այդպես չէ, ինչը, պաշտպանի կարծիքով, պայմանավորված է երկու հիմնական գործոնով: «Քննիչները ճնշում են գործադրում մեղադրյալների վրա` պաշտպանից հրաժարվելու հարցում եւ, բոլոր դեպքերում, դա շատ ազդեցիկ մեթոդ է: Որովհետեւ սկզբնական շրջանում մարդիկ աշխատում են չհակադրվել քննիչին, որպեսզի հանկարծ ավելի վատ դրության մեջ չընկնեն: Բացի այդ, շատերն առաջնորդվում են այն սկզբունքով, որ «ձուկը գլխից են բռնում»: Այսինքն` միեւնույնն է, քննիչներն ինչ ուզեն` անելու են: Ուրեմն, ավելի լավ է միանգամից քննիչի ու դատավորի հետ համաձայնության գաս, քան` պաշտպան ունենաս»,- ասում է Ա. Սաղաթելյանը: Մյուս կողմից, ըստ նրա, մարդկանց մոտ հանրային պաշտպանի նկատմամբ անվստահություն կա, ինչը գալիս է այն մտածելակերպից, թե «մինեւնույն է, ինչ որ մեկը, առանց վարձատրության, քեզ համար «քյալա չի տա»: Պաշտպանի խոսքով, այս մտածելակերպի ամրապնդման գործում լուրջ ներդրում ունեն նաեւ քննիչները: Ավելին` որոշ դեպքերում նրանք շատ ավելի հեռուն են գնում եւ դիմում են բացահայտ ապօրինությունների: Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական գործով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ, օրինակ, հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է կամ ժամկետային զինծառայող: Սակայն Ա. Սաղաթելյանը մատնանշում է վերջերս քննված մի գործ, երբ ժամկետային զինծառայող Վիգեն Ռաֆայելյանը, թեպետ նախաքննության սկզբում խնդրել է, որպեսզի իր իրավունքները պաշտպանի հանրային պաշտպանը, քանի որ անվճարունակ է, սակայն երբ ինքը ներկայացել է` նա անմիջապես հրաժարվել է պաշտպան ունենալուց: Զինվորը պատճառաբանել է, որ իր իրավունքները կպաշտպանի անձամբ, իսկ քննիչն ընդունել է նրա հրաժարումը, այն դեպքում, երբ զինծառայողի համար օրենքը պարտադիր է համարում պաշտպան ունենալը: «Տրամաբանությունից դուրս է, եթե մարդը պաշտպան է ուզել, ինչո՞ւ է հրաժարվում: Կարծում եմ` բոլորի համար էլ պարզ է, որ, մանավանդ, զինվորի վրա ազդելը շատ ավելի հեշտ է»,- ասում է հանրային պաշտպան Սաղաթելյանը:
Պապին Մուրադյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել