HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քննիչը չի ասել, որ պաշտպանն անվճար է ինձ համար աշխատելու»

Մայիս Նազարյանը վերջերս է ազատվել կալանքից: Մայիսն ու նրա ընկեր Նվեր Համբարձումյանը մեղադրվում էին գողություն եւ գողության փորձ կատարելու համար (34 հոդվածով եւ 177 հոդվածի 2-րդ մասով): Մայիսը մեղադրվել է նաեւ գողությունը պարտակելու համար:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր է ճանաչել եւ դատապարտել է 3-ական տարի ազատազրկման: Սակայն Մայիս Նազարյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ նրա վրա տարածվել է ՀՀ ԱԺ-ի հունիսի 19-ին ընդունած համաներման որոշումը: Մայիսի ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում եւ գոյատեւում է ընդամենը 30 հազար դրամ նպաստով: Մայիսը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա ընկերոջ հետ հարեւանի տնից ալյուր էր գողացել, որպեսզի երեխաները սոված չմնան: Այս ընտանիքի սոցիալական պայմաններին անդրադարձել էինք նաեւ ամիսներ առաջ (Տես` Ընտանիքի հայրը դատապարտվում է հարեւանից ալյուր գողանալու համար): Մայիսի կինը` Շուշանիկ Անտոնյանը պատմում էր, որ մինչեւ Մայիսի գողություն կատարելը, նրանք Սասունիկ գյուղի աղբանոցի հաշվին են ապրել: «Ամուսինս առավոտից իրիկուն զիբիլանոց էր գնում, պղինձ, ալյումին, գունավոր այլ մետաղներ, շշեր էր հավաքում, որ հանձնեինք` հացի փող ունենայինք: Ես ոչ մի անգամ չեմ արդարացրել, որ գողություն է արել, բայց ինչ-որ գողացել է` իր երեխաների հացի համար է արել, չի գնացել կազինոները խաղացել, որ ասեմ ջհանդամը չի դատվել, ինչ ուզում է լինի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Շուշանիկը: Նվեր Համբարձումյանի վրա համաներումը չի տարածվել այն պատճառով, որ նա դատվածություն է ունեցել, բացի դա, նախկինում էլ պատժից մեկ տարի շուտ է ազատվել: Նշենք, որ երկու ընկերներն էլ նախաքննության փուլում պաշտպան չեն ունեցել, հրաժարվել են նաեւ հանրային պաշտպանի ծառայությունից: Օրեր առաջ այցելեցինք Մայիս Նազարյանին: Նա կարծես չէր զղջում իր արարքի համար, միայն ափսոսում էր, որ մոտ 5 ամիս անազատության մեջ է եղել: Քանի որ հանրային պաշտպանի ինստիտուտը նախատեսված է սոցիալապես անապահով քաղաքացիների համար, ովքեր ի վիճակի չեն փաստաբան վարձել, Մայիսից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ նախաքննության ընթացքում չի օգտվել հանրային պաշտպանի օգնությունից: «Որովհետեւ հնարավորություն չեմ ունեցել պաշտպանին փող տալու»,- ասաց Մայիսը: «Քննիչը ձեր իրավունքները չի բացատրե՞լ, որ դուք կարող եք անվճար օգտվել հանրային պաշտպանի ծառայությունից»,- հարցրինք Մայիսին: Վերջինս հայտնեց, թե բացատրել է, բայց չի ասել, որ պաշտպանն անվճար է ինձ համար աշխատելու: «Մենակ ասել են, որ պաշտպան ունենալու իրավունք ունեմ: Ինձ նորմալ բացատրել է միայն դատավորը: Ինքն ասաց, հանրային պաշտպանն անվճար է, ես էլ ասեցի, եթե անվճար է` ուզում եմ ունենալ»,- ասաց Մայիս Նազարյանը: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ կփոխվեր, եթե հենց սկզբից պաշտպան ունենար: «Դե, եթե պաշտպան ունենայի, երեւի մի բան կաներ էլի ու իզուր տեղը այդքան չէի նստի»,-ավելացրեց Մայիսը: Արագածոտնի մարզի հանրային պաշտպան Արսեն Գալստյանը, ով դատաքննության ժամանակ ներկայացրել է երկու դատապարտյալների շահերը, «Հետքի» հետ զրույցում Նվերի եւ Մայիսի պաշտպան չունենալու հանգամանքն այսպես բացատրեց. «Երեւի մտածել են, որ անհրաժեշտություն չկա պաշտպան ունենալու: Բացի դա, գողությունն ակնհայտ էր, ամբաստանյալներից մեկն էլ նախկինում դատապարտված է եղել ու կարգ ու կանոնը լավ գիտեր, կարող էր ինքն իրեն պաշտպանել»: Նշենք, որ այս դատաքննությունն անցել է արագացված կարգով, որի ժամանակ հանրային պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, այդ իսկ պատճառով դատավորի որոշումով Արսեն Գալստյանն ստանձնել է նրանց պաշտպանությունը: Ընդ որում, մինչ դատաքննությունը, Մայիսի ու Նվերի գործողություններից տուժողների պահանջները բավարարվել են, որպեսզի նրանք փոխհատուցման պահանջ չներկայացնեն դատարանում: Մեր այն հարցին, թե ի՞նչ կփոխվեր ամբաստանյալների գործում, եթե նրանց շահերը պաշտպաներ նախաքննության փուլից, հանրային պաշտպան Արսեն Գալստյանը միանգամայն անկեղծ պատասխանեց. «Միեւնույն է, ոչինչ չէի կարող փոխել, քանի որ հանցագործությունն ակնհայտ էր, եւ գողացված ապրանքների մի մասն արդեն հայտնաբերվել էր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter