HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում երիտասարդներին ներկայացրին Թեղուտի հանքավայրի ծրագիրը

27_07-orhusԱլավերդու Օրհուս կենտրոնը հուլիսի 25-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում «Թեղուտը եւ մենք» թեմայով տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել Ալավերդու եւ Թումանյանի տարածաշրջանի երիտասարդական միության մի խումբ անդամների համար: Ուսանողներին Թեղուտի հանքավայրի մասին տեղեկություններ հաղորդեցին Լեռնամետալուրգիայի ինստիտուտի շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետ Հովհաննես Նիկողոսյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի ռեֆերենտ Վահրամ Ավագյանը, «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքային տնօրեն Ռուբեն Պապոյանը: «Թեղուտի հետ կապված խնդիրները, թեեւ 30 կմ հեռավորությանը, առնչվում են նաեւ Ալավերդու հետ: Քաղաքապետարանը կարեւորում է բնակչությանը բնապահպանական տեղեկատվության հաղորդումը»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին` ասաց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Անուշ Էվոյանը: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի ռեֆերնտ Վ. Ավագյանի տեղեկատվությունը միակողմանի էր եւ բխում էր «Վալլեքսի» շահերից: Թեղուտի բնապահպանական վտանգներն անկեղծ ներկայացնելու մասնակիցների պահանջին Վ. Ավագյանը նպատակահարմար չգտավ արձագանքել եւ որոշեց դա թողնել մասնագետին` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի շրջակա միջավայրի բաժնի պետ Հ. Նիկողոսյանին: «Հանքավայրը որտեղ է, այնտեղ էլ արտադրությունը պետք է դրվի: Մենք չենք կարող ալտերնատիվ տարածքներ գտնել: Միակ բանը, որ կարող ենք անել, պետք է որոշենք` ի՞նչ եղանակով ենք կազմակերպում արտադրությունը` բա՞ց, թե՞ փակ: Պարզ է, որ փակ եղանակն ավելի քիչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, քան բաց եղանակը: Այստեղ էլ նայում ենք, թե որտեղ է հանքային մարմինը գտնվում` մակերեսու՞մ, թե՞ խորքում: Բաց հանքի դեպքում 5 անգամ էժան կարող ենք հանել հանքաքարը, եթե բաց հանքի դեպքում մեկ տոննան 5 դոլար կլինի, էստեղ փակի դեպքում` 25 դոլար»,- ասաց Հ. Նիկողոսյանը: Նա բացատրեց, որ մարդկանց ամենից շատ անհանգստացնում են Թեղուտի անտառահատումները, մարդկանց առողջությունը եւ հուշարձանների պահպանությունը: Ինչպես հավաստիացրեց պրն Նիկողոսյանը. «մարդկանց առողջության բոլոր նորմաները հաշվի են առնվել առողջապահության նախարարության կողմից սահմանված նորմաներից»: Ըստ նրա` նախարարության կողմից թույլատրելի ծխի սահմանված քանակի թունավոր նյութերն օգտագործելուց ոչ միայն մարդուն, այլեւ նրա սերունդներին վնաս չի լինում: «Եթե մարդու մեջ պղինձ չլինի, չի ապրի, երկաթ չլինի` չի ապրի: Որոշ քանակ պետք է լինի, այսինքն` սա համարվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիա, որը չի ազդում մարդու վրա, իր ամբողջ կյանքում եւ իր հետագա սերունդների վրա»,- ասաց Նիկողոսանը: Նա, բնականաբար, չհիշատակեց «Էյ-սի-փի» Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը սահմանված նորմաները գերազանցում է 12-13 անգամ: Մարդիկ ի՞նչ երաշխիքով պետք է հավատան, որ աշխատանքային նույն սկզբունքը չի գործելու նաեւ Թեղուտում: Հովհ. Նիկողոսյանը չմոռացավ նաեւ «Թեղուտ»-ի հանքի շահագործման ծրագրի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին: «Փոխանակ արտադրողը եւ հ/կ-ները գտնեն կոմպրոմիսներ, առճակատման են գնում: Ցանկացած արտադրություն հ/կ-ները վատ են ընդունում: Դա Թեղուտի հետ կապված չէ, - ուսանողներին բացատրեց նա եւ շարունակեց,- մեզ պետք են առողջ եւ կուշտ մարդիկ: Սա պետք է լինի մեր կարգախոսը»: Թեղուտի հանքավայրի տարածքում գտնվող հուշարձանների մասին էլ ասաց. «Այստեղ ձեռնարկությունը գնաց նրան, որ Մշակույթի եւ սպորտի նախարարությունը, հուշարձանների պահպանության վարչությունը արխեոլոգներից խումբ ստեղծեց, որոնք տեղում կատարեցին հետազոտություններ, որոնց անհանգստացրեց միայն դամբարանային դաշտը, որը կարող է լինել 2-րդ հերթի պոչամբարի տակ: Եթե պարզվի, որ դամբարանային դաշտը չի կարելի տեղափոխել, ուրեմն պոչամբարը այդ տարածքում չի լինի»: Ամենացավոտը Հ. Նիկողոսյանը համարեց անտառի հարցը. «Ոչ ոք ցանկություն չունի անտառը այսօր հատելու: Բայց հարցը դրվում է հետեւյալ կերպ. ո՞րն է ավելի եկամտաբեր` անտառ հատե՞լը` ստեղծելով ձեռնարկություն, թե՞ անտառը թողնենք, ոնց որ մեկն ասաց` գնանք 6 կմ, հավաքենք 2 կգ մոշ, որ ընտանիքը պահենք: Տղամարդիկ գնան Ռուսաստան, փող աշխատեն, հետո իրանք տուն չգան: Ո՞րն է ճիշտը: Ձեզ թվում է` հենց առաջին տարին ձեր ասած ամբողջ անտառը հատու՞մ ենք: Ոչ, անտառահատումը լինելու է 50 տարվա ընթացքում, ու էդ 50 տարվա ընթացքում ինքն ինչքան անտառ է կտրում, այնքան անտառ է տնկում»: Հ. Նիկողոսյանը գտավ, որ ընկերության հասցրած վնասը, ի տարբերություն ապօրինի որսորդության եւ անտառահատումների, կառավարելի է, այսինքն` նաեւ վնասի վերականգնման հաշվարկներ են կատարվում: «Հասարակական կազմակերպությունների մեծ սխալը համարեց, որ նրանք չլինելով մասնագետ` ստուգում են նախագիծը, որը գիտական աշխատանք է, կատակ չի: Ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ չհաստատված նորման դնի նախագծում: Հ/կ-ների առաջին թուլությունն այն է, որ նրանք, երբ քննարկում էին Թեղուտը, չհրավիրեցին մասնագետներ լեռնային գծով: Այն ժամանակ հարցերը կլինեին ավելի ստույգ: Նրանք ոչ մի բան չէին ընդունում: Երբ նրանց հարց էինք տալիս` եթե նախագիծը ճիշտ լինի, անտառը հատե՞նք: Լռություն էր տիրում: Իսկ եթե դուք եկել եք ու դեմ եք անտառի հատմանը, դուք ոչ միայն այդ նախագիծը պետք է լավ ուսումնասիրեիք, այլ պետք է ասեիք` ճիշտ ես անում, թե սխալ, անտառը մի հատեք: Սա էլ երկարաձգվող վեճ էր: Թեղուտում մարդկանց առողջությանը եւ հողատարածքներին հիմնական վնասը կհասցնի փոշին, դա էլ կանխելու համար 300 մ վրա ստեղծվելու է սանիտարական գոտի»,- վերջում ասաց բանախոսը: «Այսօր Թեղուտում աշխատում է 286 մարդ, որից 98-ը Թեղուտից են, 76-ը` Շնող գյուղից, 65-ը` Ալավերդուց, 47-ը` Հայաստանի այլ բնակավայրերից: Հանքավայրի շահագործման հիմնական նախապատրաստական փուլը, կարելի է ասել, ավարտված է եւ շինարարական փուլին ենք անցել արդեն: Ճանապարհների աշխատանքները շարունակվում են: Ամբողջ ծրագրի ընթացքում նախատեսված 357 հա հատվող անտառից 24 հա-ը հատվել է արդեն, ներկայացված է 30 հա, բայց հատվածը 24-ն է: Մնացածի վրա աշխատանքները տարվում են: Այս աշխատանքների հետ ընթանում են ճանապարհի բետոնային աշխատանքներ: Բացի շինարարական աշխատանքներից, ընթանում են բուն ֆաբրիկայի տեղը բացելու հողային աշխատանքներ: Արդեն ջարդման տեղամասի հողային աշխատանքների գրեթե 30%- ը ավարտին է հասնում: Մենք կատարել ենք շուրջ 40 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ, 7 հազար մ պարամետրով հողային աշխատանքներ ջրահեռացման կանալների վրա: Մինչեւ հանքավայր լուծված է հոսանքի խնդիրը: Բանակցությունները ՎՏԲ-ի հետ դեռ շարունակվում են: Ընկերությունն ակնկալում է, որ անպայման կստանա խոստացված վարկերը»,- ուսանողներին հաղորդեց «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքային տնօրեն Ռուբեն Պապոյանը: Հանդիպման վերջում ուսանողները «Վալլեքս»-ի աշխատակիցներին հարցեր ուղղեցին Թեղուտի ջրային ավազանների աղտոտման, փակ հանքի անհրաժեշտության եւ այլնի մասին: Այդուհանդերձ, այլակարծություն ապահովելու նպատակով, թերեւս, անհրաժեշտ էր հանդիպմանը հրավիրել նաեւ Թեղուտի ծրագրի որոշ ընդդիմախոսների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter