HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Մեր տունը մենք ենք սարքել»

9 տարի վարձով ապրելուց հետո Լիլիթն ու Բագրատը փոքրիկ տուն են կառուցել Խարբերդի «Անուշ այգեգործական միություն» կոչվող տարածքում գնած հողատարածքի վրա:

«Մենք, քարը քարի վրա դնելով, սարքել ենք էս տունը, ուրիշ մարդ չի աշխատել, մենք երկուսով ենք սարքել, մենակ վերեւի հատվածը կառուցելու ժամանակ օգնել են»,- պատմում է Լիլիթը: Հուլիսի 12-ին ներկայացրել էինք «Անուշ այգեգործական միությունում» ապրող ընտանիքների խնդիրները (Քաղաքում ապրող «գյուղացիների» հիմնական խնդիրը տրանսպորտն է): Այստեղի բնակչությունը հիմնականում վատ է ապրում աշխատանքի բացակայության պատճառով: Մարդիկ նաեւ դժգոհում էին տրանսպորտի բացակայությունից եւ հույս ունեին, որ այդ խնդիրը լրատվամիջոցներով ներկայացնելուց հետո պետական աջակցություն կստանան: Մինչ նրանք սպասում են պետական այրերի արձագանքին, «Հետքը» ներկայացնում է միությունում ապրող մեկ այլ ընտանիքի պատմություն, որն էականորեն տարբերվում է մյուսներից: 27_07-kharberd«Աշխատում եմ կահույքի խանութում, բայց ես «ռազնառաբոչի» եմ, պետք ա լինում` մեշոկ եմ դատարկում, ամեն գործ էլ կանեմ, մենակ թե իմ ընտանիքը սոված չմնա, իմ էրեխեքն ուրիշի ձեռին չնայեն, եթե մի մարդ ուզում ա աշխատի, անպայման գործ կգտնի»,- ասում է Բագրատը եւ դժգոհում հարեւաններից, որոնք մշտապես «լացում են»:

«Արդեն դառել են ուզվոր, էդ ուզվորությունը մտել ա մեր արյան մեջ, որովհետեւ թասիբ-նամուսն ա վերացել: Եթե մի մարդ ղեկավար ա, դա չի նշանակում, որ ես պետք ա գնամ իրա դռանը չոքեմ, ասեմ` խնդրում եմ իմ էրեխուն հաց տուր: Լավ, մի օր կտա, երկու օր կտա, բա հետո՞, բա վե՞րջը: Եթե ես ընտանիք եմ կազմել, որպես տղամարդ պիտի անեմ էն, որ ընտանիքս ինձնից գոհ մնա»,- շարունակում է Բագրատը: Մինչ Բագրատն աշխատում է դրսում, Լիլիթը որդիների հետ հողամասն է մշակում: 27_07-kharberd-1«Երեխեքն ինձ օգնում են, ամուսինս էլ է օգնում, եթե տանը ծանր գործեր կան, ինքն է անում, մենք ընդհանրապես մեր աշխատանքը կիսում ենք,- ասում է Լիլիթը եւ ցույց տալիս իրենց այգին,- էս ծիրանի ծառերն են, էս էլ խնձորինն է, ճիշտ է, փոքր է, բայց վրեն լիքը բերք կա: Էստեղի հողը շատ չոր է, ամեն օր ջրում ենք, ծառերը էրեխու պես խնամում ենք, որ էս արդյունքին հասնենք»: Լիլիթը հպարտանում է իր աշխատանքի արդյունքով` հասած բանջարեղենով ու մրգերով: «Ես Մանկավարժական համալսարանն եմ ավարտել, մամաս որ հիմա տեսներ` իրա աղջիկը գյուղում է ապրում ու հող է մշակում, կզարմանար: Կյանքն ամեն ինչին էլ սովորացնում է, հարմարվում ես, էրեխեքի համար, ամուսնուդ թեւ-թիկունք լինելու համար, ընտանիքը պահելու համար կինն ամեն ինչի էլ պատրաստ է»,- ասում է Լիլիթը: 27_07-kharberd-2Նրա տղաները` 9-ամյա Գեւորգն ու 11-ամյա Արսենը, խոսում են մաքուր հայերեն, առանց ժարգոնի: Արսենը ցանկանում է դառնալ ոստիկան, իսկ Գեւորգը` ոստիկանների «շեֆ»: «Որ հանցագործներին բռնեմ, պատժեմ»,- բացատրում է տղան: Հարցնում եմ` որ փող առաջարկեն, հանցագործներին բաց կթողնե՞ս: «Ոչ, որովհետեւ դա կաշառք է, եթե բաց թողեմ, ինձ կբռնեն»,- ասում է Գեւորգը: Բագրատը ցանկանում է որդիներին ոստիկանական կրթության տալ, որպեսզի անգործ չմնան: «Հիմա շատ են համալսարան ավարտները, որ բանվորություն են անում, դրա համար տղերքս պիտի ոստիկանական ակադեմիա ընդունվեն»,- ասում է հայրը: «Անուշ այգեգործական միության» բնակիչները ավտոբուսի կանգառ հասնելու համար ստիպված են մի քանի կիլոմետր քայլել: «Ես տաքսիով եմ գործի գնում, 500 դրամ տալիս եմ գնալուց, 500 էլ` գալուց: Համենայնդեպս, եթե ես զգում եմ, որ 3000-4000 դրամ պետք է աշխատեմ, էդ 1000 դրամ տաքսուն տալը իմ աչքին չի երեւում, գիտեմ, որ իմ էրեխեքին հաց եմ բերում»,- ասում է Բագրատը: Նա 40.000 դրամով ավտոմեքենա է գնել` «Զապոռոժեց», մոտ այդքան էլ ծախսել է, որ մեքենան վարելու ենթակա լինի: «Էս մեքենան էրեխեքիս համար եմ առել, որ ոտքով դասի չգնան, դպրոցը շատ հեռու ա էստեղից, մի քանի կիլոմետր պետք է քայլել»: Նախկինում Արսենն ու Գեւորգը Երեւանի թիվ 13 երաժշտական դպրոցն են հաճախել, սովորել են տարբեր երաժշտական գործիքներ նվագել, սակայն ճանապարհի հեռավորության պատճառով տեղափոխվել են Խարբերդի դպրոց: «Էստեղի դպրոցում մակարդակ չկա, գնում եմ ծնողական ժողովի, ուսուցիչներին ասում եմ` եթե տղաներս չարաճճիություն կանեն կամ լավ չեն սովորի, օրագրի մեջ գրեք, որ ես տեղյակ լինեմ: Տնօրենը զարմանում է, թե էս տղամարդ ծնողն ինչի է եկել: Ասում է` ստեղի տղամարդիկ դպրոց գալիս են մենակ կռվելու համար»,- պատմում է Բագրատը: Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, սակայն երբեք դա չի շահարկում եւ պետությունից նյութական օգնություն չի ակնկալում: «Կռվից հետո շատ տղամարդիկ պառկան իրանց տները, դարձան ձրիակեր: Կամ զենքերը հետները բերել էին քաղաք, խեղճ մարդկանց վախացնելով` փող էին վերցնում, ինչ է թե` իրանք կռվել են: Իսկական կռվողը զենքը կռվի դաշտում կօգտագործի, ոչ թե իրա հարեւանի դեմ»,- ասում է նախկին ազատամարտիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter