HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամեն համայնքապետ հաշվետու է իր համայնքի բնակչությանը

27_07-hashvՀուլիսի 22-ին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը մամլո ասուլիս էր հրավիրել: Լրատվամիջոցներին տիկին մարզպետը ներկայացրեց 2009 թ. առաջին կիսամյակի արած ու չարած աշխատանքները, գրեթե բոլոր բնագավառներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Շիրակի մարզպետը դրական գնահատեց հատկապես ՏԻՄ կառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները:

«Անցած 6 ամիսների կտրվածքով մեր մարզը հարկերի հավաքագրման առումով գերազանցել է 50%-ը»,- փաստեց տիկին մարզպետը,- համայնքապետերն աշխատում են լիարժեք կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, հասկանում են, որ լավ աշխատանքը վաղը մյուս օրն իրենց համայնքներում մի շարք պետական ծրագրերի մուտքն է ապահովելու»: Տիկին Նանյանն ասաց, որ իրենք էլ իրենց հերթին փորձում են աջակցել համայնքապետերին, խորհուրդներ տալ. «Դե, ասենք, օրինակ, հակակարկտային կայանների հարցով: Մենք համայնքներ ունենք, որ իրենց սեփական եկամուտների հաշվին կարող են ինքնուրույն ձեռք բերել դրանք,- պարզաբանեց տկն Նանյանը,- վերջերս Ազատանի համայնքապետին առաջարկել ենք, որպեսզի հաշվարկներ անի, 7-8 մլն դրամի չափով տրամադրի կայան ձեռք բերելուն: Ազատանն ու նրա նման մի քանի հարուստ համայնքներ դա կարող են իրենց թույլ տալ»: Մարզպետը կարեւորեց մի ծրագիր, որի ներդրումը, նրա կարծիքով, շատ համայնքապետերի կսթափեցնի: Խոսքը համայնքապետերի կատարած աշխատանքների վերաբերյալ սեփական համայնքի անդամներին 3 կամ 6-ամսյա կտրվածքով տրվող հաշվետվությունների մասին է: Մայիս ամսին 6-7 համայնքապետ այդ փորձությունն անցել էին, միայն թե նրանց համար հաշվետվությունը ասուլիսի բնույթ էր կրել տեղի լրատվամիջոցների մասնակցությամբ: Հուլիսի 25-ին Շիրակի մարզպետարանի Տարածքային բաժինը որոշել էր այլ ձեւաչափով անցկացնել ընտրված համայնքապետերի հաշվետվությունը եւ Արթիկի տարածաշրջանի 11 գյուղական համայնքների ու Արթիկի քաղաքապետի հաշվետվությունների ներկայացումը կազմակերպել Արթիկի քաղաքապետարանի դահլիճում: Նշանակված օրը Արթիկի քաղաքապետարանի առջեւ հավաքված համայնքապետերը տարակուսած հարց էին տալիս, թե ինչու՞ են իրենց հավաքել այստեղ եւ ու՞մ պիտի իրենք ներկայացնեն իրենց կատարած աշխատանքը, երբ դահլիճում միայն արթիկցիներ են հավաքված: «Մի ժամ է էստեղ ենք ու չենք կարողանում հասկանալ, թե արթիկցիների ինչին է պետք Հառիճի կամ Սարատակի համայնքապետի հաշվետվությունը,- բողոքում էր Հառիճի համայնքապետ Ռոլանդ Նազարեթյանը,- դահլիճում մենակ արթիկցիներ են նստած, պարզ է, իրանք սիրով կլսեն իրանց քաղաքապետին, էս 10 համայնքապետս էլ որ ստեղ ենք, ի՞նչ է, դատարկ դահլիճի առա՞ջ պիտի ելույթ ունենանք»: «Վարդաքարցին կամ Նոր կյանքի ժողովուրդը հո չպիտի՞ ելներ, հասներ Արթիկ, որ մեզ լսեր,- գործընկերոջ դժգոհությունն է շարունակում Վարդաքարի համայնքապետը,- մեր կարծիքով` էս հաշվետվությունները պիտի տեղերում կազմակերպվեին»: Համայնքապետերի տարակուսանքը վերածվեց լիակատար շփոթմունքի, երբ մոտ կես ժամ սպասելուց հետո հասկացան, որ «Հետքի» թղթակցից զատ, այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ իրենց հավաքը չի լուսաբանելու: Ի վերջո, մարզպետարանի տարածքային բաժնի աշխատակիցը որոշեց, որ ամեն դեպքում պետք է լսել գոնե Արթիկ քաղաքի ղեկավարի հաշվետվությունը, քանի որ մարդիկ դահլիճում նստած սպասում են: Համայնքապետերից մի քանիսը, պատճառաբանելով աշխատանքը, հեռացան, 7 համայնքապետ, ամեն դեպքում, տեղավորվեցին դահլիճում` գոնե պատկերացում կկազմեն, թե հետագայում իրենց համայնքներում ինչպես է այս ամենը կազմակերպվելու: Արթիկի փոխքաղաքապետի հաշվետվությունը տեւեց մոտ 30 րոպե, եղավ նաեւ քաղաքում իրականացվող ծրագրերի հետ կապված հարց ու պատասխան: Երբ դահլիճը դատարկվեց, մեր խնդրանքով ներկա համայնքապետերն իրենց տեսակետները հայտնեցին հիշյալ նորարարության մասին: «Ի սկզբանե էս հաշվետվություններին մոտեցումն այլ էր,- ասում է Հայրենյաց գյուղի ղեկավար Գեւորգ Մարտիրոսյանը,- մեր իմանալով` ամեն անգամ 2-3 համայնքապետ մարզպետարանի նիստերի դահլիճում պիտի խոսեին իրենց կատարած աշխատանքների մասին, ու էդ ամենը պիտի լուսաբանվեր լրատվամիջոցներով»: «Էս մարզի երեսը մենք ենք պարզ անողը, մեր ցուցանիշներն էլ ցածր չեն, որ ամաչենք, թաքցնելու բան էլ չունենք, լավ չէր լինի՞, որ մենք մեր գյուղերում հաշվետվություն տայինք, մեր ժողովուդը լսեր, լրագրողներն էլ, եթե ուզում են, գան լուսաբանեն: Եթե էսօրվա մեր գալով «գալոչկա» պիտի դնեինք....էս է, էկել ենք, էլի, բայց արդյունք չեղավ»,- դժգոհում է Սարատակի համայնքապետը: «Մենք չենք խուսափում հաշվետվությունից,- վստահեցրին Սարալանջի եւ Փանիկի համայնքապետերը,- բայց դուք էլ տեսաք, որ հենց Փթուկյանը ավարտեց` մարդիկ դուրս եկան դահլիճից: Իրենց շատ էլ պետքն է իմանան, թե մենք էս կամ էն ծրագրի վրա ինչքան ենք ծախսել: Այ, մեր գյուղերում կկազմակերպենք, ձեզ էլ սիրով տեղյակ կպահենք, որ մասնակցեք»: Մարզպետարանի տարածքային բաժնի ղեկավար Կառլեն Աբրահամյանից փորձեցինք ճշտել, թե որքանով էր, ըստ իրենց, արդյունավետ ընտրված ձեւաչափը: «Մենք չենք ուզում, որպեսզի ամեն ինչ կենտրոնանա մարզկենտրոն Գյումրիում, դրա համար էլ համայնքապետերի հաշվետվության վայր ընտրեցինք Արթիկը»,- պատասխանեց պրն Աբրահամյանը: Հարցի պարզաբանման համար զանգահարել էինք նախորդ օրը, քանի որ պրն Աբրահամյանը մի քանի համայնքապետերի հետ մեկնելու էր Արցախ եւ չէր մասնակցելու Արթիկում կայանալիք համայնքապետերի հաշվետվությանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մնացած տարածաշրջանների համար եւս ժամանակացույց են կազմել ու տրամադրել լրատվամիջոցներին: Ըստ այդ ժամանակացույցի` Անիի նախկին վարչատարածքի համայնքապետերը պիտի հավաքվեն Մարալիկ քաղաքում հուլիսի 31-ին: Սակայն հնարավոր է, որ Արթիկի ձախողված փորձը դաս լինի եւ ստիպի կազմակերպիչներին առավել իրատեսական ձեւաչափ ընտրել համայնքապետերի աշխատանքի արդյունքները սեփական համայնքներում ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter