HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկուտից ու սելավից տուժած Լոռու բնակիչները պետական աջակցություն չեն ստանա

27_07-karkutԱյս տարվա ոչ միայն գարնանային, այլեւ ամառային անձրեւները հորդառատ էին հատկապես Լոռիում: Պարբերաբար Լոռու մարզի համայնքները հեղեղող սելավները Տաշիրի, Սպիտակի ու Գուգարքի տարածաշրջաններին ավելի քան 220 մլն դրամի վնաս պատճառեցին: Սելավից տուժեց 13 համայնք: Տուժած բնակավայրերում, փաստորեն, աղետը հողին է հավասարեցրել 932 հա հողատարածք՝ 405 հա աշնանացան ցորեն, 306 հա գարնանացան գարի, 142 հա բանջարեղեն, 60 հա ճակընդեղ, 15 հա կարտոֆիլ, 4 հա պտղատու այգիներ:

Քիչ չեն նաեւ այնպիսիները, որտեղ կարկուտն ու սելավը թեեւ քիչ, բայց վնաս են հասցրել: Փոքր վնասն էլ մեծ հարված է առանց այն էլ աղքատ տնտեսություն վարող գյուղացուն: Թեպետ վնասի չափերը մարզային հանձնաժողովը հաշվարկել ու ուղարկել է ՀՀ Կառավարություն, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ ամիս առաջ Վանաձոր կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, թե պետական բյուջեն սուղ է, ու համայնքները հույսներն իրենց վրա պետք է դնեն: Մինչդեռ վնասները միլիոնավոր դրամների են հասնում, իսկ գյուղական բյուջեներն աղքատ են լրացուցիչ ծախսեր անելու համար: Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պառնի համայնքի ղեկավար Հրայր Յաղուբյանը պատմում է, որ ամեն տարի իր համայնքի ցանքատարածությունները տուժում են՝ տարեկան 250-300 մլն դրամ վնաս պատճառելով համայնքին: Այս տարի Մեծ Պառնիում հողին է հավասարեցվել 850 հա հացահատիկ, քամին էլ քշել է 53 տան տանիք, որից 6-ը` ամբողջությամբ: Սպիտակի տարածաշրջանի Արջահովիտի համայնքապետ Մհեր Մինասյանի հաշվարկներով` վնասվել է ցանքսի 70%-ը: Գյուղում չկա մի տուն, որ վնաս կրած չլինի: «Եթե նույնիսկ մեր սուղ բյուջեից ամեն տան 5000 դրամ հատկացնեմ, մեր բյուջեի համար մեծ գումար կկազմի, բայց գյուղացու համար դա չնչին օգնություն է»,- ասում է համայնքապետը: «2000 քմ կարտոշկա եմ ցանել, լոբի, պոմիդոր, սաղ փչացրել ա, կարտոշկեն, ա~յ, էս բոյին էր, ո՞նց կարող ա բերք լինի, դրանից ի՞նչ բերք սպասես»,- տնամերձում կանգնած սեփական տնտեսության վնասներն էր թվարկում արջահովիտցի Զոյա Նինգիցանցը: Աղետն աղքատության եզրին է հասցրել ոչ միայն նրան ու նրա հարեւաններին, այլեւ հեռավոր Տաշիրի տարածաշրջանի գյուղերի բնակիչներին: Նորաշենում սկսել են հողը չմշակել: Համայնքն ունի 700 հա վարելահող, որտեղ ժամանակին գարու ու ցորենի արտեր էին: Համայնքապետ Արմեն Բաղդասարյանն ասում է, թե 300-400 հա կարող էին ցանել, բայց չցանեցին՝ բավարարվեցին 1 հա ցորեն ցանելով: «Շատ մեխանիզացիա ունենք, կարանք կողքի գյուղերին էլ օգնենք: Բայց օգուտ չկա: Փող չունեն` սերմ առնեն, հետո էլ ցանածը չեն կարում իրացնեն»,- հողն անմշակ թողնելու պատճառներն է ներկայացնում համայնքապետը: Այս տարվա սելավն ու կարկուտն էլ մի կողմից կոտրեցին գյուղացու մեջքը՝ ցանած ցորենից հույսը կտրելով: Նորաշենցիներն ասում են, թե ցանածն էլ փչացել է՝ «անասունին ենք տալու ցորենը»: Նորաշենն, ինչպես նաեւ հարեւան Մեծավանն ու Սարչապետն այս տարի զրկվեցին գարնանացան ցորենի ու գարու համար հատկացվող Կառավարության աջակցությունից՝ սուբսիդիայից: ՀՀ Կառավարության որոշմամբ մինչեւ 7 հա մշակած լեռնային համայնքներին 1 հա-ի դիմաց տրվում է 35.000 դրամ՝ պայմանով, որ գյուղացին ցանքս անի: Լոռիում ընտրվել են 4 լեռնային գյուղական համայնքներ, որոնցից, Կառավարության պահանջով, միայն ցանքս է արել ու տվյալները գյուղնախարարություն է ներկայացրել Գոգարանը: Նորաշենի համայնքապետն ասում է, թե տեղյակ չէր, որ նման աջակցություն կլինի, հակառակ դեպքում կհորդորեր գյուղացիներին ցանքս անել: Սարչապետն ու Մեծավանը սուբսիդիայից զրկվել են նույն պատճառով: Գյուղացիական տնտեսություններին աջակցելու կառավարության ծրագրերում, սակայն, ներառված չէ աղետներից տուժածներին փոխհատուցում հատկացնելը: Լոռիում այս տարի, ինչպես տուժած համայնքների ղեկավարները, այնպես էլ բնակիչներն ասում են, որ միշտ էլ տուժում են սելավից ու կարկուտից, բայց երբեք պետությունն իրենց աջակցության ձեռք չի մեկնում: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ասում է, որ երբ գյուղացին վնաս է կրում, լուրջ աջակցության կարիք ունի, բայց ապահովագրական մեխանիզմը բացակայում է, Կառավարությունն էլ անցած տարիներին ոչ թե փոխհատուցել, այլ աջակցել է տուժած համայնքներին: Ըստ Լոռու մարզպետի` ելքը ոչ թե անհատական օգնությունն է, այլ խնդրի վերջնական լուծումը՝ հակակարկտային կայանների տեղադրմամբ: Համաձայն Կառավարության որոշման` Լոռիում կարկուտի վնասներից պաշտպանող կայաններ տեղադրվելու են հաջորդ՝ 2010 թ.-ին՝ այն էլ 24 համայնքում: Սակայն Լոռու գյուղացիների համար կարեւորը ոչ թե հաջորդ տարին է, այլ այս տարվա վնասների փոխհատուցումը, ինչից, փաստորեն, կառավարությունը հրաժարվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter