HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախագահականից մինչեւ Կառավարություն անզոր են պայքարել ԲՀԿ-ականին պատկանող գազալցակայանի դեմ

27_07-gasԵրեւան-Աշտարակ, Եղվարդ-Աշտարակ ճանապարհների հատման կետում, գրեթե կամրջի վրա է գործում «Արտյոմ-Մ.Մ.Մ. Գրուպ» ՍՊԸ-ի գազալցակայանը: Այն պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սպիտակի մասնաճյուղի ղեկավար Արտյոմ Մակարյանին: Արդեն երկու տարուց ավելի Արագածոտնի մարզային իշխանությունները չեն կարողանում ապահովել գազալցակայանի` օրենքի պահանջերին համապատասխան շահագործումը, քանի որ շինությունը տարբերվում է Աշտարակի քաղաքապետարանի տված նախագծից, եւ կառուցման ընթացքում կառուցապատողը թույլ է տվել բազմաթիվ թերություններ:

Գազալցակայանը գտնվում է Երեւան-Աշտարակ-Գյումրի-Վրաստան Մ-1 միջպետական ճանապարհի 22.6 կմ-ի վրա` Աշտարակ քաղաքի հատվածում, եւ գազալցակայանի անվտանգ շահագործումը պետք է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լիներ: Մինչդեռ բոլորի աչքի առջեւ խախտվում են գազալցակայանի շահագործման նորմերը, ու դրան արձագանքող չկա: Կառուցման ընթացքում ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը եւս ուսումնասիրել է հողատարածքի դիրքը եւ չի առարկել տվյալ վայրում ավտոգազալցաճնշակայանի (ԱԳԼՃԿ) կառուցմանը` միաժամանակ շեշտելով. «...եթե հաստատված նախագիծը եւ կառույցը բավարարեն հետեւյալ պայմաններին»: Իսկ պայմանները հետեւյալն են. 1. Կառույցի ճանապարհամերձ մասի հեռավորությունը նշված Մ-1 ավտոճանապարհի երթեւեկելի մասի եզրից պետք է կազմի ոչ քիչ, քան 18 մետր, իսկ Աբովյան-Եղվարդ-Աշտարակ Հ-6 ավտոճանապարհի թեւի ծածկի եզրից` ոչ քիչ, քան 12 մետր: 2. ԱԳԼՃ կայանը տրանսպորտային միջոցների համար պետք է ունենա Մ-1-ից մեկ մուտքի եւ Հ-6-ից մեկ ելքի առանձնացված ճանապարհներ: 3. Ելքի ճանապարհն անհրաժեշտ է կահավորել 2.4 (զիջել ճանապարհը) եւ 4.13 (երթեւեկությունը դեպի ձախ), իսկ մուտքի ճանապարհը` այդ ճանապարհով ելքն արգելող 3.1 ճանապարհային նշաններով: 4. Տրանսպորտային միջոցների անվտանգ մուտքը ԱԳԼՃԿ ապահովելու նպատակով անհրաժեշտ է կառուցել 50 մետր երկարությամբ եւ 3.6 մետր լայնքով արգելակման լրացուցիչ ասֆալտապատ գոտի: 5. Անհրաժեշտ է ապահովել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից 28.04.2007թ. համար 02-13/1466 գրությամբ տրված պայմանները: 6. Տարածքը ասֆալտապատել, բարեկարգել, կատարել համապատասխան գծանշումներ, ապահովել տվյալ հատվածի ջրահեռացումը: Թվարկված պայմանների մասին գրությունը 23.11.2007 թ.-ին Արտյոմ Մակարյանին տվել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Իշխան Իշխանյանը: Սակայն այս նորմերը կառուցապատման ընթացքում էականորեն խախտված են, ինչի հետեւանքով էլ այդ տարածքում հաճախակի են ավտոճանապարհային վթարները` նույնիսկ մահվան ելքով: Այս տարվա մայիսի 4-ին «Kia Forento» մակնիշի ավտոմեքենան հարվածել էր գազալցակայանի պատին, ինչի հետեւանքով տեղում մահացել էր Նոր Հաճընի բնակիչ, 40-ամյա Համլետ Մարգարյանը: Ծանր վնասվածքներ էին ստացել նույն ավտոմեքենայում գտնվող Վիտալի Առաքելյանը, Վիգեն Շիրինյանը եւ Արմեն Մկրտչյանը: Աշտարակցիների ասելով` գազալցակայանին հարող ավտոճանապարհն առանց այդ էլ վտանգավոր գոտի է, եւ այդ հատվածում հաճախակի են ավտովթարներ լինում, բայց վթարների թիվն էականորեն ավելացել է գազալցակայանի կառուցումից հետո: Ավտովթարների հիմնական պատճառ է դառնում այն, որ ԲՀԿ-ական Արտյոմ Մակարյանն առանց թույլտվության պարսպապատել է գազալցակայանի տարածքը: Նախագծով պարսպապատումը նախատեսված չի եղել: Այս գազալցակայանում նախորդ տարի նույնպես դժբախտ դեպք էր գրանցվել` այրվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել էլեկտրիկը: Նա տուժել էր գազալցակայանում անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով: Գազալցակայանում տիրող ամենաթողությունն այնքան է զայրացրել աշտարակցիներին, որ նրանք դիմումներ են հղել ՀՀ նախագահի ու վարչապետի վերահսկողական ծառայություններին, ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Աշտարակի քաղաքապետին, Արագածոտնի մարզպետին եւ այլն: Քանի որ Արտյոմ Մակարյանի «թիկունքը պինդ է», ոչ մի պաշտոնյա նրա «խաթրին» չի դիպչում: Գազալցակայանի սեփականատիրոջ հետ ակտիվ «պայքարի» մեջ է մտել Աշտարակ քաղաքի բնակչուհի Լիլիթ Սարդարյանը: Հիմնականում նա է իր գրություններով «անհանգստացնում» պաշտոնյաներին ու խորը հիասթափություն ապրում, երբ իր նամակների պատասխանների արդյունքը չի տեսնում: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Անահիտ Ասատրյանը Լիլիթ Սարդարյանի դիմումի հիման վրա, դեռեւս 11.04.2008թ., գրություն էր ուղարկել Արագածոտնի մարզպետարան` գազալցակայանում տիրող իրավիճակը պարզելու համար: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավադյանն իր պատասխան գրությունով տեղեկացրել էր, որ «Արտյոմ-Մ.Մ.Մ. Գրուպ»-ի կողմից կատարվող շինաշխատանքների նորմատիվային հեռավորությունները չպահպանելու համար հանձնարարական է տրվել Աշտարակի քաղաքապետին` այն դադարեցնել եւ պարտադրել կառուցապատողին կառույցը բերել նորմատիվային պահանջներին համապատասխան: Անցել է մեկ տարի, բայց այդպես էլ կառուցապատողին վտանգավոր օբյեկտը նորմատիվային նորմերին համապատասխանեցնելու պահանջ ներկայացնող չի եղել: 04.06.2008 թ. էլ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, դարձյալ Լիլիթ Սարդարյանի բողոքի հիման վրա, հանձնարարական էր տվել Արագածոտնի մարզպետին: Աշոտ Դավադյանը պատասխան նամակում նշել էր, որ «Արտյոմ-Մ.Մ.Մ. Գրուպ»-ն ունի անհրաժեշտ քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը` նախագիծ, հողահատկացման փաստաթղթեր եւ շինարարության թույլտվություն: «Սակայն, նշված գազալիցքավորման կայանի նախագծային փաստաթղթերում չեն պահպանվել ճանապարհային ոստիկանության կողմից պահանջվեղ նորմերը»,- գրել էր Ա. Դավադյանը: Պարզվում է` Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նույնպես անզոր է գտնվել Արտյոմ Մակարյանի ու նրա գազալցակայանի առջեւ: Նախկին մարզպետը 10.03.2009 թ. պատասխան գրություն էր ուղարկել ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հրայր Կարապետյանին, որով ներկայացրել է ոստիկանության եւ Աշտարակի քաղաքապետի անտարբերությունը վտանգավոր օբյեկտի շահագործման նորմերի խախտումների նկատմամբ: «Բազմիցս կատարվել են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունների կողմից ստուգումներ, որից հետո հանձնարարվել է մարզային ոստիկանության պետին, Աշտարակի ոստիկանության պետին եւ Աշտարակի քաղաքապետին` նշված տարածքում ապահովել նորմատիվային պահանջները, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի կատարվել»,- ասել է Արագածոտնի նախկին մարզպետը: Ոստիկանապետերն ու Աշտարակի քաղաքապետը անտարբերություն են դրսեւորել, իսկ նախագահի ու վարչապետի վերահսկողական ծառայությունները հետամուտ չեն եղել` արդյո՞ք Ա. Մակարյանը կատարել է իրենց պահանջները, թե՞ ոչ: Այդ փաստից էլ օգտվում է ԲՀԿ անդամ Մակարյանը: Խախտումներով կառուցված լցակայանն անցել է տեխնիկական անվտանգության փորձաքննությունը Քանի որ գազալցակայանը վտանգավոր օբյեկտ է համարվում եւ օրենքի պահանջով առնվազն տարին մեկ անգամ պետք է անցնի տեխնիկական անվտանգության փորձաքննություն, գրավոր հարցումով դիմեցինք «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին` պարզելու, թե ՊՈԱԿ-ի փորձագետներից ո՞վ է փորձաքննություն իրականացրել «Արտյոմ-Մ.Մ.Մ.» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, եւ ե՞րբ է իրականացվել վերջին փորձաքննությունը: ՊՈԱԿ-ից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչքա՞ն ժամանակ է գործում նշված գազալցակայանը: ՊՈԱԿ-ի տնօրենը խուսափել է հարցերին կոնկրետ պատասխանելուց: ««Արտյոմ-Մ.Մ.Մ. Գրուպ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Երեւան-Աշտարակ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհների հատման մասում գտնվող ԱԳԼՃԿ արտադրական վտանգավոր օբյեկտը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող գրանցամատյանում գրանցված չէ»,- գրված է ՊՈԱԿ-ի տնօրենի պատասխան-գրության մեջ: ՊՈԱԿ-ի տնօրենի պ ատասխանը մոլորեցնող է, քանի որ գրանցամատյանում գրանցվում են միայն այն օբյեկտները, որտեղ տեխնածին վթարներ են եղել, իսկ մեր հարցը դրան չէր վերաբերում: Քանի որ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը վարում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը», իսկ գազալցակայանը, լինելով վտանգավոր օբյեկտ, պարտավոր է գրանցվել այդ ռեեստրում, նշանակում է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը գիտեր` նշված գազալցակայանը փորձաքննություն անցե՞լ է, թե՞ ոչ: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի մեր աղբյուրի հաղորդմամբ` «Արտյոմ-Մ.Մ.Մ. Գրուպ» ՍՊԸ-ն 03.06.2008 թ. 173 հազար 530 դրամով պայմանագիր է կնքել ՊՈԱԿ-ի հետ եւ անցել փորձաքննություն: Փորձագետն էլ եղել է Հայկ Թովմասյանը` Աշոտ Պետրոսյանի քրոջ ամուսինը, եւ տնօրենի կողմից այդ տեղեկությունը թաքցնելը հասկանալի է: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 8-րդ կետի համաձայն` տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է` ա) նախագծային փաuտաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչեւ նախագծային փաuտաթղթերի հաuտատման պահը, բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր oբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները uկuելը, գ) շահագործվող արտադրական վտանգավոր oբյեկտների նկատմամբ` uույն oրենքով uահմանված կարգով արտադրական վտանգավոր oբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այuուհետ` ռեեuտր) գրանցվելուց հետո: Քանի որ «Արտյոմ-Մ.Մ.Մ.» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը նախագծային շեղումներ է ունեցել հենց սկզբից, դա նշանակում է, որ ՊՈԱԿ-ի փորձագետներն այդ մասին իմանալով` դրական եզրակացություն են տվել եւ կոպտորեն խախտել օրենքը: Մինչդեռ օրենքով փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից ոչ հավաuտի փորձագիտական եզրակացություն կազմելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Արդյո՞ք կտուգանվի սխալ փորձաքննություն իրականացրած փորձագետը, խիստ կասկածելի է: Նշենք, որ տեխնիկական անվտանգության փորձաքննության նպատակն է ուuումնաuիրել եւ եզրակացություն տալ արտադրական վտանգավոր oբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնuերվացման, ապամոնտաժման նախագծային փաuտաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր oբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական uարքավորումների եւ տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի oրենuդրության պահանջներին համապատաuխանության մաuին: Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Արտյոմ Մակարյանի հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հրաժարվեցին տրամադրել նրա բջջային հեռախոսահամարը` ասելով, որ դրա իրավունքը չունեն: Զանգեցինք ԲՀԿ-ի գրասենյակ, եւ մեզ հետ զրույցում գրասենյակի հրահանգիչ Մաթոսյան Արամայիսն ասաց. «10 օր է` Արտյոմ Մակարյանը գրասենյակ չի եկել, ինքը հիմա Երեւանում է, ձեռքի համարն էլ փոխել է, չգիտենք, որ կապ հաստատենք հետը: Բջջայինի համարն իմանալու համար պետք է այնքան սպասենք, մինչեւ ինքը զանգի մեզ»: «Արտյոմ-Մ.Մ.Մ.» ՍՊԸ-ի մասին տեղեկություններ չկային նաեւ տեղեկատուներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter