HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տան վեճը հասավ Եվրադատարան

Վաղը` հունիսի 28-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի քաղաքացի Աննա Փամբուխչյանն ընդդեմ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արթուր Պետրոսյանի որոշման, որով կարճվել էր Փամբուխչյանի տված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: 2008 թվականի հոկտեմբերի 3-ին Աննա Փամբուխչյանը հաղորդում է տվել ոստիկանություն Էրեբունու քննչական բաժին այն մասին, որ իր ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, նոտարական գրասենյակում ձեռք է բերել ժառանգական իրավունք` օգտագործելով կեղծ փաստաթղթեր:

Հոկտեմբերի 16-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով` «փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:

«Գործի քննությունը 7 ամիս ձգելուց հետո այն կարճել են, բայց Սոնյայի ժառանգական գործում բազմաթիվ կեղծիքներ կան, օրինակ այն, որ էջերի քանակը գրած ջնջած է, չի հասկացվում` 20 է, 21, թե 27»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Աննա Փամբուխչյանը: Աննան եւ նրա որդիները դատական քաշքշուկների մեջ են հայտնվել 500 քմ հողատարածքի եւ դրա կառուցված մոտ 90 քմ բնակելի տարածքի տնօրինման իրավունքը պահպանելու համար:

Ինչպես սկսվեց

1948 թվականին կառուցված Նոր-Արեշ 46 փողոց 37 հասցեում գտնվող  տունը պատկանել է Աննա Փամբուխչյանի ամուսնու տատիկին` Սրբուհի Քոչումյանին, որը մահացել է 1984 թվականին: Մահից առաջ Քոչումյանն իր տունը կտակել է դստերը` Մարգարիտային: Մարգարիտան երկու երեխա ուներ. Սոնյան եւ Աննայի ամուսինը` Հարությունը: Տնային գրքում առկա նշումը վկայում է, որ Սոնյան 1979 թվականին դուրս է եկել տան հաշվառումից, իսկ 1989-ից մեկնել եւ բնակվել է ԱՄՆ-ում: Այնուհետեւ Նահանգներ են տեղափոխվում Սոնյայի մայրն ու եղբայրը` կնոջ Աննայի եւ երկու որդիների հետ: 1997 թվականին Աննան իր տղաների` Աղասիի եւ Վարդանի հետ վերադարձել է Հայաստան: 2005 թվականի մայիսի 27-ին ԱՄՆ-ում վախճանվում է Նոր Արեշ 46 հասցեի տան փաստացի տերը` Մարգարիտա Քոչումյանը: Նա մինչ այդ չի հասցրել ժառանգություն գրել եւ հստակեցնել, թե ում պետք է պատկանի տունը: Մարգարիտայի մահից հետո որդին եւ դուստրը վերադառնում են ԱՄՆ-ից, ինչից ամիսներ հետո` սեպտեմբերի 9-ին, մահանում է նաեւ Հարությունը:

Ինչպես շարունակվեց

Մոր եւ եղբոր մահից հետո` 2006 թվականին, Սոնյան դիմել է Կենտրոն նոտարական գրասենյակին եւ ստացել է ժառանգության վկայական: Նշենք, որ այդ վկայականը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել մի շարք փաստաթղթեր, ինչը բացակայում է Սոնյայի ժառանգական գործում, օրինակ` մոր ծննդյան վկայագիրը: Տառացիորեն մեջ բերենք Սոնյայի դիմումը ՀՀ կենտրոն նոտարական տարածքին (12.09.06 թ.)

«Ես` Սոնյա Թովմասյանս հանգուցյալ Մարգարիտա Քոչումյանի մահացած 27.05.2005 թ., խնդրում եմ ժառանգությունը ձեւակերպել, հայտնում եմ Ձեզ, որ ես ժառանգաբար անցնող բնակարանի հետ կապված կատարել եմ բոլոր տեսակի կումունալ վճարումները խնդրում եմ ընդունել որպես տիրապետման եւ տնօրինման փաստ: Այլ ժառանգներ իհայտ գալու դեպքում պարտավորվում եմ նրանց ապահովել ժառանգական բաժնով, կամ դրամական փոխհատուցմամբ, որի նկատմամաբ նոտարը պատասխանատվություն չի կրում»:

Դիմումատուն նույնիսկ մոռացել է նշել, որ ինքը հանդիսանում է Մարգարիտա Քոչումյանի դուստրը, եւ նոտարական գրասենյակը այս եւ այլ փաստաթղթերի հիման վրա ձեւակերպել է նրա ժառանգությունը: Սակայն սա դեռ ամենը չէ. «Նոտար Էմմա Շաբոյանի կազմած ժառանգական գործում կան բազմաթիվ կեղծիքներ` ժառանգական էջերի համարակալումը, էջերի վրա թվեր է գրված եւ հետո ջնջված է, բացի այդ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում: Տատիկս մահացել է 2005 թ.-ի մայիսի 27-ին, իսկ հորաքույրս ժառանգությունն ընդունել է 2006 թվականի սեպտեմբերի 14-ին նոտարական կարգով, այն դեպքում, երբ նա բաց թողած ժառանգության ժամկետը կարող էր վերականգնվել միայն դատական կարգով` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի»,- ասում է հանգուցյալ Հարությունի փոքր որդին` Վարդանը: Հարությունը եւս ժառանգորդ էր, սակայն նա չի հասցրել մոր մահից հետո 6 ամսվա ընթացքում ընդունել ժառանգությունը, այդ պատճառով նրա որդիները 2007 թվականին դիմել են դատարան եւ ճանաչվել են ժառանգորդներ: «Թեեւ դատարանը մեզ ճանաչել էր որպես ժառանգորդ, սակայն նոտարը կեղծ պատճառաբանություններով մեզ չգրանցեց, մինչեւ որ հորաքույրս դիմեց Վերաքննիչ դատարան: Վերքննիչը բեկանեց մեր օգտին կայացված վճիռը, մենք դիմեցինք Վճռաբեկ դատարան: Այստեղ մեր բողոքը մասնակի բավարարեցին եւ գործը կրկին ուղարկեցին Վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու, եւ մեզ կրկին մերժեցին, իսկ Վճռաբեկ դատարանը 2-րդ անգամ մեր բողոքը չընդունես»,- պատմում է Վարդանը: Այսքանից հետո Աննա Փամբուխչյանն է դիմում դատարան իր` ժառանգության ½ մասի իրավունքը ճանաչելու համար: Այդ ընթացքում Սոնյա Թադեւոսյանը եւս դիմում է դատարան` «իր գույքն ապօրինի տնօրինող» եղբոր որդիներին ու կնոջը տանից վտարելու պահանջով: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու դիմումները  միասին քննելով` Աննա Փամբուխչյանին մերժում է, իսկ Սոնյա Թովմասյանի դիմումը բավարարում: Աննան բողոքարկում է Վերաքննիչ դատարան, այդ ընթացքում նրա որդին` Վարդանը, դիմումներ է գրում Կառավարություն եւ Գլխավոր դատախազություն: Որպես որդիների լիազոր ներկայացուցիչ Աննային հրավիրում են Էրեբունու քննչական բաժին, հարցաքննում, եւ նրա տված հաղորդագրության հիման վրա հարուցում են վերոնշյալ քրեական գործը` «փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:

«Ես Վերաքննիչ դատարանին միջնորդեցի ընդհատել իմ ժառանգության վերաբերյալ գործի քննությունը, մինչեւ քրեական գործի ավարտը, իսկ հիմա, երբ այն կարճել են, դատարանը սեպտեմբերին որոշել է շարունակել գործի քննությունը, եթե մեզ կրկին մերժեն, որդիներս կկորցնեն իրենց հայրական տունը»:

Ինչպե՞ս կավարտվի

Տեղական դատական ատյանների միջոցով արդարության չհասնելով` Աննան եւ նրա որդիները դիմել են Եվրոպական դատարան` իրենց ժառանգական իրավունքը ճանաչելու համար: Նրանց գործով վճիռ կկայացվի հավանաբար 2010 թվականի օգոստոսին, իսկ վաղը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Աննան կփորձի ապացուցել, որ Սոնյա  Թովմասյանն իր ժառանգական գործը կեղծ փաստաթղթերով է կազմել: Ժառանգական գործում ներառված է տան գրքից մի հատված, որտեղ արձանագրված են Նոր-Արեշ 46 փողոց 37 տանը հաշվառված անձինք, որոնք բոլորն արդեն մահացել են, բացառությամբ` Սոնյա Թովմասյանի: «Ես չգիտեմ, թե դա ինչ տան գիրք է, իսկական գիրքն ինձ մոտ է (պատճենը խմբագրությունում է,- «Հետք»), որտեղ նաեւ հաշվառված ենք ես եւ երկու որդիներս»,- ասում է Աննա Փամբուխչյանը:

Նշենք, որ Աննա Փամբուխչյանի կարծիքով` ժառանգական գործի ձեւակերպման, ինչպես նաեւ դատական քննությունների  ամբողջ ընթացքում Սոնյային աջակցել է Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը. «Նրանք միշտ մտերիմներ են եղել: Այդ պատճառով էլ թե թաղապետարանի աշխատողները, թե մեր թաղային լիազորն այս ընթացքում աջակցում էին Սոնյանին,- ասում է Աննան,- Լիազորն ամեն օր գալիս էր, ինձ ասում, թե պետք է լքեմ բնակարանս, բայց ես դեռ այդտեղ ապրում եմ եւ բանալիներն ինձ մոտ են»:

Հ.Գ. Վեճի առարկա դարձած  90 քմ բնակելի տունը կիսախարխուլ վիճակում է. «Քիչ է մնում փլվի, միջանցքի հատակը ներս է ընկնում»,- ասում է տունը փաստացի տնօրինող Աննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter